Последние новости

«Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան և Ուկրաինա:

«Յուրաքանչյուր առաջադրում այժմ մանրակրկիտ կուսումնասիրի Փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսևորել են բացառիկ խիզախություն ու նվիրում և մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը և կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին»,-հայտնում են նախաձեռնությունից։

2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը յոթերորդ անգամ կշնորհվի 2022 թվականին, տեղեկացնում է Panorama.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ