ՌԳԱ նախագահ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՏԵԼԵԿՏ Է, ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐ
Մենք ոչ թե 30 տարի ենք կորցրել, այլ հարկ եղած ձևով չենք օգտագործել ԽՍՀՄ–ից ժառանգություն մնացած մեր ներուժը, կարծում է ՌԳԱ նախագահը։ Այժմ վերագործարկման անհրաժեշտություն է առաջացել, որը ժամանակն է թելադրում։
Նույնիսկ հնարավոր չէ հիշել, թե Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարը երբ է վերջին անգամ Հայաստան եկել ոչ թե գիտական կոնֆերանսի կամ ծրագրված միջոցառման մասնակցելու համար, այլ իսկական, լիարժեք այցով։ Ալեքսանդր Սերգեևի այցը կոնկրետ նպատակ ունի, և Sputnik Արմենիան բաց չի թողել գիտնականին մի քանի հարց հղելու հնարավորությունը։
–Դուք գիտության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ճանապարհային քարտեզ եք ստորագրել։ Այդ փաստաթղթի շրջանակում կոնկրետ ինչի՞ մասին եք զրուցել երկրի վարչապետի, ՀՀ հոգևոր առաջնորդի հետ, չէ՞ որ դա նախատեսված ծրագրի ամենակարևոր մասն է։
– Իհարկե ճանապարհային քարտեզը կարելի էր ստորագրել նաև առցանց ձևաչափով։ Այցս ոչ միայն գիտությունների ակադեմիայում, այլև կառավարությունում բանակցություններ անցկացնելու նպատակ ունի։ ՀՀ ԳԱԱ–ի հետ շրջանակային փաստաթուղթը մենք դեռ երկու տարի առաջ ենք ստորագրել, իսկ ճանապարհային քարտեզն արդեն կոնկրետ բովանդակություն ունի, այն համագործակցության մի շարք ուղղություններ է նախատեսում։
Մենք քննարկել ենք, թե բացի տարատեսակ հիմնադրամներից որտեղից կարող ենք ուսումնասիրությունների համար անհրաժեշտ աջակցություն, ռեսուրսներ ստանալ։ Մեծամասամբ այդ ռեսուրսներն անհրաժեշտ են հիմնարար ուսումնասիրությունների համար, որոնք երբեք չեն ֆինանսավորվի բիզնեսի, շուկայի կողմից, դրանք ֆինանսավորվում են միայն պետության հաշվին։ Բիզնեսը գումար կհատկացնի միայն այն դեպքում, երբ, օրինակ, փորձանոթում շուկայական ներուժով նոր նյութ տեսնի, որը հնարավոր լինի արտադրել և վաճառել։
Բայց հիմնարար ուսումնասիրությունների և գյուղատնտեսության, բժշկության, արդյունաբերության համար նախատեսված վերջնական արտադրանքի արտադրության միջև միջին ոլորտ կա, որը երբեմն «կողմնորոշում ունեցող ուսումնասիրություններ» են անվանում։ Ահա հենց այդ ոլորտն է, որ դեռ աջակցության կանոնավոր աղբյուրներ չունի, թեև հենց դա է նորարարությունը։
– Հայաստանը Ռուսաստան չէ, և գիտության առումով այստեղ ամեն ինչ այդքան էլ մասշտաբային չէ։ Այսօր մարդիկ հիմնականում զբաղված են ծառայությունների ոլորտում։ Որքանո՞վ կարող են ընկալվել գիտական նախագծերը։ Բացի այդ, ո՞ր ոլորտներում կարող է շոշափելի համագործակցություն լինել, որի պտուղները հնարավոր կլինի զգալ և կիրառել գործնականում։
– Մեզ ևս հետաքրքրում էր, թե որքանով է Հայաստանը պատրաստ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները տնտեսության խթանիչներ ու շարժիչ ուժ դառնան։ Եվ այսօր ՀՀ վարչապետը մեզ հայտնեց, որ հաջորդ տարի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը 80%–ով կավելանա, այո, կարելի է ասել, որ սկզբնական ֆինանսավորումը չնչին էր, բայց չէ՞ որ ինչ–որ բանից պետք է սկսել։
Եվ կա գիտակցումն այն բանի, որ այսօր տեխնոլոգիաների աշխարհ է, իսկ տեխնոլոգիաներն անհնար է զարգացնել առանց գիտության։ Հայաստանի կառավարությունն ունի պատրաստակամություն, բայց պետք է հասկանալ, թե ում վրա է պետք կողմնորոշվել։ Հայաստանի համար կողմնորոշիչ չեն կարող լինել նորարարության համաշխարհային առաջատարներից Չինաստանը կամ Կորեան. մասշտաբները շատ տարբեր են։ Իսկ ահա Սինգապուրը, որն իր տարածքով նույնիսկ Հայաստանի համեմատ ընդհանրապես փոքր կետ է, լրիվ կարող է լինել։
Եվ երբ պետությունը ցույց տա (այդ թվում թեմատիկ նախագծերի վրա), որ ֆինանսավորում է գիտությունը և կարգավորում այն, այդ ժամանակ բիզնեսն էլ կգա իր գումարներով։ Անհրաժեշտ է երկրի ներուժին, նրա բնակչությանն ու աշխարհագրական դիրքին, բոլոր չափորոշիչներին համապատասխանող հեռանկարային մի քանի նախագիծ ընտրել։ Պետք է կարողանալ ոչ միայն վաղվա օրը տեսնել, այլև դրան հաջորդող օրը, որպեսզի չտուժես։
– ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես ընդգծում է արհեստական բանականության ուսումնասիրությունը որպես Հայաստանի համար պոտենցիալ հեռանկար ունեցող ոլորտ։ Ըստ Ձեզ` հայկական իրողությունում ո՞ր ոլորտներն են հարմար աշխատելու համար։
– Արհեստական բանականությունը լավ է։ Բայց մյուս կողմից շատ երկրներ կարող են դուրս գալ և ասել` ո՞ւր եք խցկվում, ժողովուրդ, մենք այստեղ վաղուց ենք աշխատում, և ամեն բան իր տերն ունի։ Այդ պատճառով պետք է առաջ նայել և առանձնացնել հարցեր, որոնք կարող են արդիական դառնալ մոտ ապագայում, օրինակ` արհեստական բանականության կիբեռանվտանգությունը։ Այ սրա անհրաժեշտությունը կլինի ամենուր` արտադրության մեջ, կառավարման, բոլոր ծառայությունների։ Այստեղ հսկայական աշխատանք կա անելու, և դա խիստ պահանջված է։
Մեր պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՌԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը` Ռուսաստանի ամենաերիտասարդ ակադեմիկոսներից մեկը։ Հայաստանում նա մի քանի կոլեկտիվ ունի, որոնք համագործակցում են իր ինստիտուտի հետ, և այդ կապերն անպայման պետք է օգտագործել։
– Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ո՞ր ուղղությունները և գիտական ո՞ր դպրոցներն են առավել ուժեղ Հայաստանում։ Ինչո՞վ է այն հետաքրքիր Ռուսաստանի համար։
– Իհարկե, նախևառաջ ֆիզիկան և աստղաֆիզիկան։ Արագացուցիչները ժամանակակից աշխարհում կիրառման լայն սպեկտր ունեն` գյուղատնտեսությունից մինչև ճառագայթային թերապիայի ժամանակակից մեթոդներ։ Չէ՞ որ Հայաստանում և՛ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոն կա, և՛ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։ Դա լազերային ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտն է։ Հայ ֆիզիկոսները պահանջված են և ոչ միայն հիմնարար աշխատանքներում։
– Ձեր խոսքերը գիտությունից հեռու մարդկանց կստիպի հպարտանալ սեփական երկրի համար, բայց նաև անխուսափելի հարց կառաջանա` իսկ կարո՞ղ են այդ հեռանկարները բարեկեցության հանգեցնել։
– Իհարկե և անպայման։ Չէ՞ որ բարեկեցությունը միայն աշխատավարձը չէ։ Դա շրջակա միջավայրն է, ենթակառուցվածքները, կենսատեխնոլոգիաները։ ՀՀ ԳԱԱ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ փաստորեն կենսատեխնոլոգիական գիտաարտադրական համալիր է ստեղծվել. մենք կարող ենք մեր, կենդանիների և բույսերի գենոմների հետ աշխատել, ու դա ևս հսկայական շուկա է և պահանջարկ։
Բիոինֆորմատիկան այսօր ծաղկում է։ Այստեղ բարդություններ կան գենային մոդիֆիկացման հետ. ուսումնասիրություններ կարելի է կատարել, սակայն օրենսդրությունը դեռ թույլ չի տալիս ներդնել։ Թեև այսօր պահանջված է ոչ թե գենոմի մոդիֆիկացիան, այլ դրա խմբագրումը, և ժամանակակից սանիտարական վերահսկողությունը, որը կոչված է ճանաչելու գենետիկորեն ձևափոխված օրգանիզմը, չի կարող շուրջբոլորը տարբերակել խմբագրված գենոմը չխմբագրվածից։
Մենք գտնվում ենք սինթետիկ կենսաբանության զարգացման մեկնարկային փուլում. դա բարդ և նույնիսկ վտանգավոր գործ է, բայց գիտության մեջ միշտ ռիսկի տեղ կա։ Բայց չէ՞ որ և՛ միջուկային, և՛ տիեզերական տեխնոլոգիաները պոտենցիալ վտանգ են ներկայացնում և կարող են կիրառվել պաշտպանական ոլորտում. ինչի վրա էլ հենց ուշադրություն են դարձնում բոլոր երկրների քաղաքական ղեկավարությունները։
Այդպես էլ կենդանի համակարգերի ոլորտում նոր տեխնոլոգիաները և՛ հսկայական շանս են, և՛ հսկայական մարտահրավեր, և այստեղ վերահսկողություն է պետք։
– Զարգացման տեսանկյունից գիտական ի՞նչ «հետաքրքիր հնարքներ» կարող են առաջնահերթ լինել Հայաստանի համար։
– Կարծում եմ` ինտելեկտն ու ստեղծարարությունը։ Մենք հետաքրքիր զրույց ենք ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, և մեր կարծիքները համընկան այն հարցում, որ հայկական եկեղեցին միայն եկեղեցի չէ, այլև հայ ժողովրդի համար համակարգ ձևավորող կառույց։ Կաթողիկոսը ցույց տվեց սրահի առաստաղը, որտեղ հայ սրբերի դիմանկարներ կան, և չէ՞ որ նրանց մեծ մասը գիտնականներ են, նա նույնիսկ նրանց ոչ թե գիտնականներ անվանեց, այլ ակադեմիկոսներ։ Սա շատ ուժեղ կողմ է, երբ մտածելակերպում միավորված են և՛ հոգևորը, և՛ բանականը, և՛ գիտականը, և այդ ամենը գործում է միասին։
Իսկ ընդհանրապես հայկական պայմաններում ճիշտ ուղղություն ընտրելու համար անհրաժեշտ է այնպիսի չափորոշիչներ նկատի ունենալ, ինչպիսիք են նորամուծությունը, հեռանկարային լինելը, հսկայական արդյունաբերական համալիրների ստեղծման անհրաժեշտության բացակայությունը (օրինակ` հսկայական հանքահարստացման կոմբինատի)։ Դա ինֆորմատիկան է, արհեստական բանականությունը, այդ թվում` այսպես կոչված ուժեղ արհեստական բանականությունը, որը դեռ ոչ մի տեղ գոյություն չունի, բայց ամեն ինչ գնում է դեպի դրա ստեղծումը։ Դա ֆոտոնիկան է, կենսատեխնոլոգիաները, էկոլոգիան. այն կարող է «կրակել»։
Էկոլոգիան այսօր առաջին պլան է դուրս գալիս, և դա հսկայական շուկա կլինի` հատկապես հաշվի առնելով այսօրվա և վաղվա կլիմայական խնդիրները։ Նոբելյան մրցանակն էլ այս տարի շնորհեցին կլիմայական մոդելների ստեղծման համար։ Այդ ոլորտը բազմաթիվ մասնագետների համագործակցություն կպահանջի` ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, կից մասնագիտություններ։ Այսօր համատեղ ծրագրեր ունենք Սևանա լճի հետ կապված, բայց չէ՞ որ Ռուսաստանում Բայկալի թվային մոդել են ստեղծել։ Այստեղ լուսավոր ուղեղներ և ստեղծարարություն է պետք։
– Մեր հայրենակիցներից ովքե՞ր են այսօր իրենց ներդրումն ունենում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործունեության մեջ։
– Շատերը, սակայն ես կնշեմ միայն «ամենա»–ին` Յուրի Հովհաննիսյանին, մարդ, որի անունով Մենդելեևի պարբերական աղյուսակում տարր է անվանակոչվել. պատմության մեջ նման երկու օրինակ կա` ամերիկացի Սիբորգն ու մեր հայ և ռուսաստանցի Հովհաննիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 13:28
На заседании правления партии «Гражданский договор», состоявшемся во вторник, 19 ноября, единогласно было принято решение о том, что Овик Агазарян должен сложить депутатский мандат. Об этом пишет газета «Жоговурд» со ссылкой на свои источники.
-
2024-11-22 13:24
Недавние громкие отставки чиновников судебно-правовой сферы в Армении имели целью обеспечить граждан "зрелищем" на фоне неудач в ходе переговоров с Баку, иных задач у Никола Пашиняна нет. Такое мнение выразил бывший вице-спикер парламента, член исполнительного органа Республиканский партии Эдуард Шармазанов в ходе пресс-конференции на мультимедийной площадке Sputnik Армения.
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.