Последние новости

Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԵԽ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԹԵ ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով համազեկուցողների՝ Հայաստանի մասին հայտարարությունը խիստ զարմանալի ու անհասկանալի է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար։ Այս մասին նա ասաց, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե նախորդ անգամ համազեկուցողները ժողովրդավարության զեկույցի պատրաստման ընթացքում հարկ չէին համարել հանդիպել ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ՝ ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական, ապա այս անգամ հանդիպումների ընթացքում ես ու ընդդիմադիր մյուս գործիչները բարձրաձայնել ենք լուրջ խնդիրներ։

Ուստի փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, զսպումների ու հակակշռումների մեխանիզմներն աշխատում են մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է կապիտուլյանտի ձեռքում, անհասկանալի է ու զարմանալի:

Եթե նշված հայտարարության մեջ մի փոքր խնդիր է դիտարկվում վիրավորանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակումներ է մտցնում լրատվամիջոցների ու քաղաքացիների նկատմամբ, այն էլ պատերազմից հետո ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման համատեքստում, որը ոչ մի աղերս չունի դրա հետ, ևս անհսկանալի է: Խոսքը իշխանական պաշտոնյաների՝ իրենք իրենց պաշտպանելու օրինագծի մասին է, որով դրամական տուգանքներով խեղդում են այլակարծությունը: Ես տեղյակ չեմ մի դեպքի, երբ ընդդիմադիր գործչի դեպքում աշխատի այդ օրենքը: Երբ իրենց ֆեյքերը փորձում են վիրավորել ընդդիմադիր գործիչներին, դա նորմալ է, բայց իրենց նկատմամբ միանգամից քրեական հետապնդում պետք է սկսվի»,-ասաց նա:

Մամիջանյանը նկատեց, որ զեկույցում խոսք կա դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, մինչդեռ ոչ մի բառ չկա այդ ոլորտում առկա հսկայական հետքայլի մասին, մասնավորապես, դատական գործերի մակագրումը ձեռքով իրականացնելու վերաբերյալ։

«Այդ զեկույցում որևէ բառ ասված չէ ոչ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին, ոչ փաստացի այս պահին կալանավորված 2 պատգամավորների մասին: Ոչ մի տառ ասված չէ այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը չեն կարող երկրից դուրս գալ պատգամավորական գործունեությունն իրականացնելու համար: Ամեն անգամ երկրից դուրս գալիս մենք պարտավոր ենք թույլտվության համար դիմել քննիչներին»,- ասաց Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ իր համար անհասկանալի է ձևակերպումը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է. «Որովհետև այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այն կամայականությունները, որն իրականացնում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ընդդիմադիր պատգամավորներին ուժով դահլիճից դուրս բերելու հետ կապված, սրանցից ոչ մեկն արտացոլված չեն այս հայտարարության մեջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը, եթե այն լինի, որովհետև այն կարող է կազմվել, կարող է չկազմվել։ Բայց եթե զեկույցը լինի այս հայտարարության ոճի մեջ, ապա այն բացարձակ ոչ մի աղերս չի ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի գնահատականների հետ»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ