Последние новости

«Հայաստան» դաշինք․ ՀՀ իշխանությունները, հայ ժողովրդից թաքուն, իրականացնում են սահմանազատում

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք դաշինքի հայտարարությունն ամբողջությամբ.

«Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում:

ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպեսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:

Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:

«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ:

Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»:

Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին

Նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11–ին ժամը 24։00–ից Գորիս–Կապան ճանապարհին իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվեն մաքսակետեր։ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ քաղաքացիներին ու բեռները Գորիս–Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածից ուղղորդել Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր երթուղով։

Նոյեմբերի 11–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։

Այսօր ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ ժամը 00։00–ից Ադրբեջանը անցակետ է տեղակայելու Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Newsarmenia.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ