Последние новости

«Հայաստան»․ Կառավարությունը գումար է հատկացնում մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է վերլուծություն 2022 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս այլ միջոցառումների, կառավարությունը նախատեսում է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես

· պետական ներդրումներ ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում,

· գործարար միջավայրի բարելավում,

· տեխնոլոգիական առաջընթացի ապահովում,

· տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունների իրականացում։

Կառավարությունը նաև հայտարարում է, որ «գործարար միջավայրի բարելավման արդյունքում կավելանան ներքին և օտարերկրյա միջոցներով ֆինանսավորվող մասնավոր ներդրումները»։

Կառավարության հաշվարկները խնդրահարույց են չհիմնավորված լավատեսական կանխատեսման նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է արցախյան 44 օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես «նոր հնարավորությունների դարաշրջան»։

Մինչև հաջորդ տարվա կանխատեսումներին անցնելը համառոտ կերպով անդրադառնանք 2021 թ տնտեսական արդյունքներին։

1. Նախնական տվյալներով 2021 թ 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 2,66%։

2. 3 եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը (2021 թ հունվար-սեպտեմբերը 2020 թ հունվար սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 4,4%։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 0,7%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1,5 %-ով։ Աճն ապահովել են շինարարությունը, առևտուրն ու ծառայությունները, այսինքն՝ հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին։ Գյուղատնտեսությունում անկումն ավելի մեծ չէ, քանի որ ձկնորսությունն աճել է 3,3%-ով։ 10 ամիսների կտրվածքով ՏԱՑ աճի տեմպը դանդաղել է կազմելով ընդամենը 4,3%։ Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ՏԱՑ հաշվարկի մեջ ներառված չէ (ներառվում է միայն եռամսյակային հաշվետվություններում)։

3. Հաշվի առնելով վերոգրյալն, ինչպես նաև պետական կապիտալ ծախսումների և մասնավորի կողմից կապիտալ ծախսումների ցածր մակարդակը (այս հարցին կանդրադառնանք ստորև), կառավարության կողմից հայտարարված սպասվող 6,5%-անոց տնտեսական աճն իրատեսական չենք համարում։ Այդ ցուցանիշին չեն հավատում ո՛չ կառավարությունում, ո՛չ կենտրոնական բանկում։

4. 2017-2021 թթ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ իրական աճի միջին արժեքը կազմել է 3,88%: Իհարկե, այս ցուցանիշի վրա էական ազդեցություն է ունեցել 2020 թ 7,4% տնտեսական անկումը։ Փորձագիտական գնահատումներով մեր երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը 3,5 – 4,5%-ի կարգի է։ Կենտրոնական բանկի գնահատականներով մեր երկարաժամկետ աճի պոտենցիալը 3,5%։ Այս դեպքում հարց կառաջանա, թե ավելի բարձր տնտեսական աճ ինչպես է արձանագրվել նախորդ տարիներին (2020 թ չհաշված)։ Նշեմ, որ 2019 թ 7,6% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով (5,4%)։ Ակնհայտ է, որ «աճն» արձանագրվել է մանրածախ առևտրում ստվերի կրճատման արդյունքում, ինչն, իհարկե, դրական երևույթ է, սակայն իրական աճ չէ։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը իր հայտնի 100 փաստերի ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների թվի աճի մասին։ Երևի նկատել եք, որ 100 փաստերի սերիալն էլ չկա, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա նաև Քարվաճառը, որտեղ գտնվում էր այդ ռեստորանը։

5. Տնտեսությունը դեռևս չի վերադարձել 2019 թ մակարդակին։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ պոտենցիալից 55-75%-ով բարձր (3,0-3,5 տոկոսային կետով) տնտեսական աճն իրատեսական չէ, մանավանդ հաշվի առնելով, պատերազմի ժամանակ տնտեսական պոտենցիալի կորուստը չի վերականգնվել, աշխարհաքաղաքական, անվտանգային և ներքաղաքական ռիսկերը ոչ միայն չեն նվազել այլև ահագնացել են, իսկ պղնձի գների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Ուրբաթ օրվա դրությամբ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի պայմանագրային գներն անկման միտում են ցուցաբերում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ