ԼՈՒՍԱՇՈՂԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ․ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՎԱՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՄԱԼԻՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Արարատի մարզում առաջիկայում կարող է պատմաճարտարապետական տուրիզմի հզոր այցեքարտ ավելանալ։ Լուսաշող համայնքում մոտ 1 ամիս առաջ սկսված պեղումների արդյունքում հողի հաստ շերտի տակ վանական մի ամբողջ համալիր է հայտնաբերվել։ Sputnik Արմենիան զրուցել է արշավախմբի անդամների հետ։
Գտան շատ ավելին, քան սպասում էին․ Լուսաշող համայնքում պեղումներ իրականացնող արշավախմբի անդամները մեկ նախադասությամբ այսպես են բնորոշում հնագիտական այն անակնկալը, որը բացվեց հեռացված հողաշերտի տակից։ 17-19-րդ դարերով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կանգուն զանգակատան հարևանությամբ հույս ունեին գտնել ավերված եկեղեցու հիմքերը, բայց գտան ոչ միայն բավականին մեծ չափերի եկեղեցու մոնումենտալ կառույց, այլև մի ամբողջ վանական համալիրի հետքեր ու վկայություններ։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Արտակ Գնունի) Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի նախաձեռնությամբ (թեմը կազմավորվել է այս տարվա հունվարին՝ հայրապետական կոնդակով, առաջնորդ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան)։
Պեղման աշխատանքների ղեկավար, հնագետ Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սա ինստիտուտի և թեմի համագործակցության այս տարվա արդեն չորրորդ փորձն է։ Մինչ այդ կատարվել էին պեղումներ Ղուկասավանում, Մրգանուշում և Լանջանիստ գյուղի Սպիտակավոր եկեղեցում։ Քանի որ Լուսաշողի զանգակատունը, հետևապես նաև ինչ-որ ժամանակ կանգուն եղած եկեղեցին գտնվում են Օրբելյանների ժամանակաշրջանում հիմնադրված, ծաղկում ապրած Սպիտակավոր եկեղեցու և Սուրբ Կարապետ վանական համալիրի (Լուսաշող և Շաղափ գյուղերի մոտ) միջև, արշավախմբի անդամները ենթադրում էին, որ այստեղ էլ կարող է Օրբելյանների հիմնադրած կառույց լինել։
Լուսաշողում պեղումները սկսելուց առաջ ծրագրում էին մոտ 10 օրում ավարտել աշխատանքները, բայց գործուղումը շատ ավելի երկար տևեց։ Պեղումները սկսելու հենց առաջին օրերից հասկացան՝ ոչ թե 10 օրվա, այլ տարիների աշխատանքի նյութ կա։
«Հենց առաջին օրը եկան գյուղի մեծերն ու սկսեցին տարբեր տեղեկություններ տալ։ Նրանցից մեկը պատմեց, որ դեռ 60-ականներին այդտեղ որոշակի ավերակատիպ բաներ կային, խորհրդային տարիներին քարերը տարել են, գոմ սարքել։ Ղոչերի գոմի (տվյալ գոմի անվանումը) քարերի ու եկեղեցու քարերի միջև նմանություններ կային»,- Sputnik Արմենիային ասաց արշավախմբի անդամ, հնագետ Գոռ Ղազարյանը։
Գյուղացիները նաև պատմեցին, որ իրենց այգիներից գտել են կմախքներ, ոսկորներ, միջնադարյան խեցեղեն, պարսկական մետաղադրամ և այլն։
Հնագետները որոշեցին պեղավայրն ավելի մեծ ընտրել՝ արդեն կանխատեսելով, որ անակնկալներ են լինելու։ Ինչպես հնագետ Լևոն Մկրտչյանն է ասում, բուսաշերտն ու հողային շերտերը հերթով հեռացնելուց հետո «անակնկալների շքերթ սկսվեց»։
«Առաջին հերթին մեծ եկեղեցի բացվեց՝ 10X16 չափերով, երկրորդ անակնկալը բավականին խոր հիմքերն էին, այսինքն՝ պատերը մեր նախատեսածից բարձր էին։ Մենք մեծ ծավալով սկսեցինք աշխատել, և սկսեցին դուրս գալ շատ հետաքրքիր հնագիտական առարկաներ, որոնք վերաբերում էին միջնադարի ուշ շրջանի բոլոր փուլերին»,- նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը։
Եկեղեցու պատերի հաստությունն ավելի քան մեկ մետր է։ Դեռևս ոչ ամբողջությամբ բացված հիմքի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 70 սմ-ի։
Ըստ ամենայնի՝ եկեղեցին միանավ բազիլիկ է։ Պեղումների արդյունքում բացվեց եկեղեցու ուղղանկյուն խորանը, ինչը, մասնագետների խոսքով, եզակի է այս շրջանի համար։ Ուղղանկյուն խորանով եկեղեցիները շատ չեն, հանդիպում են Հայաստանի որոշ շրջաններում, հիմնականում՝ Սյունիքում և Արցախում։
Կարևոր բացահայտում դարձավ նաև հյուսիսային հատվածում պեղված հսկայական` մոտ 6000 լիտր տարողություն ունեցող հորը։ Ենթադրվում է, որ այն տնտեսական նշանակություն է ունեցել։ Հորի պեղման արդյունքում հայտնաբերվել են տարբեր ոսկորներ, կշռաքար, խեցեղեն, բրոնզե մատանի։ Հայտնաբերված հորը ևս մեկ վկայել է, որ գործ ունեն վանական համալիրի հետ, որը բացի հոգևոր շինություններից պետք է ունեցած լիներ նաև կից կառույցներ, որոնցում կկարողանային ապրել վանականները, գիշերել՝ ուխտավորները և այլն։
Պեղումների արդյունքում գտնվեց նաև միջնադարյան կարմիր փայլեցված խեցեղեն։ Հնագետների խոսքով՝ դա վկայում է ժամանակի զարգացած մշակույթի մասին և ևս մեկ հուշում դառնում այն մասին, որ սա կարևոր կառույց է եղել։
Թեպետ կանգուն զանգակատունը վերագրվում է 17-19-րդ դարերին, բայց հնագետները ենթադրում են, որ այստեղ կառույց է եղել ավելի վաղ շրջանում։ Դրա կարևոր փաստարկներից են գտնված նյութերը, որոնք 12-13-րդ դարերին են բնորոշ։
«Հավանաբար այդ շրջանում արդեն հիմնադրվել է այս վանքից ինչ-որ կառույց, հետագայում այն ավելացվել է, վերակառուցվել, վերափոխվել, այսինքն, այսպես ասած, կենդանի օրգանիզմ է եղել»,- նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը։
Պեղված նյութերն արդեն գտնվում են լաբորատորիայում, առաջիկա հետազոտությունները նոր բացահայտումներ կանեն։
Իսկ դաշտային պեղումները կշարունակվեն արդեն հաջորդ տարի։ Պեղման աշխատանքներին զուգահեռ նաև մանրամասն նկարահանումներ են արվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, աշխատանքային բոլոր հնարավոր շերտերն արդեն թվայնացված են, ինչը հնարավորություն կտա ստանալու եռաչափ պատկերներ։ Հետագայում՝ պեղումներն ավարտելուց հետո, այս աշխատանքները կօգնեն ճարտարապետներին, եթե որոշում կայացվի վերականգնել վանական համալիրը։
Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:45
Вопросы региональной и международной безопасности обсудили заместитель министра обороны Армении начальник Генштаба ВС генерал-лейтенант Эдвард Асрян и представители делегации Национального оборонного колледжа Индии во главе с генерал-майором Самартом Нагаром. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.