Սերգեյ Կոպիրկինը բացատրել է ԼՂ-ի հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը
Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության և զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ ռուսական միջնորդական ջանքերն այսօր բախվում են մի շարք ակնհայտ դժվարությունների։ Դրանք առաջին հերթին բխում են այն սուր խնդիրներից (այդ թվում՝ պատմական շերտավորումներից), որոնք գոյություն ունեն և շատ առումներով որոշիչ են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համար։ Այս հանգամանքը շատ բարդ քաղաքական և զգացմունքային ֆոն է ստեղծում իրավիճակի կարգավորման, առկա խնդիրների շտկման փոխընդունելի ուղիների որոնման ցանկացած ջանքերի համար:
«Ստիպված ենք լինում հաշվի նստել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնարար հարցի նկատմամբ կողմերի տրամագծորեն հակառակ մոտեցման, ինչպես նաև իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների և երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ազդեցության հետ»,-նշել է Կոպիրկինը։
Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին եռակողմ մեխանիզմներ և փաստաթղթեր չի պարտադրել, դա Երևանի և Բաքվի հետ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է շահերի հավասարակշռության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ դեսպանն ընդգծել է, որ բոլորից լավ այդ գնահատականը կարող են տալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է նաև իր առաջնային խնդիրը․ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դրա համար հսկայական ռեսուրս է կիրառվում, ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։
«Այո, միջադեպեր, ցավոք, լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չսրվի, համապատասխան հետաքննություններ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ և կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ։ Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն»,-ասել է դեսպանը։
Ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ այսօր գոյություն ունեցող բոլոր «գրգռիչների» վերացումը։ Հետևողական քայլեր են ձեռնարկվում պահվող անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Այդ քայլերի արդյունքն էր նաև դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից ևս 10 քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Կոպիրկինը հիշեցրել է` ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ 115 քաղաքացի է վերադարձել տուն։
Նրա խոսքով`Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Դեսպանը կարծում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ չի սպառվել, այդ թվում՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 06:27
Экс-госминистр Арцаха Артак Бегларян в ответ на последнее заявление МИД Армении направил ведомству ряд вопросов, в частности, о «моральных, политических и правовых границах».
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.