Последние новости

Ուորլիք․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել և առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:

«Ղարաբաղյան խնդրի առավել կարևոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, և կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարևոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն և Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան և առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,- ասել է նախկին համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլևս լուծված է պատերազմով:

Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաև Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ԱՄՆ-ի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Նրա կարծիքով, 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձևաչափը, որը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի հետ:

Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն անհնրաժեշտ է առաջին հերթին ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, գրել է Շապիրոն՝Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով:

Ջեյսմ Ուորլիքն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նույնպես ընդգծում է.

«ԱՄՆ-ը սերտ կապեր և բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով: Շահեր ունի Վաշինգտոնը նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին: Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է և առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տևական գործընթաց է լինելու և մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որևէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»:

Մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպումները, Ուորլիքն ընդգծում է՝ կարևոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձևաչափով՝ երկրորդական հարց է:

«Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջև ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են»:

Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջև բացարձակապես կտրվել էր:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի քայլերն՝ ուղղված երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Մենք ողջունում և միանշանակ աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման նպատակով հատուկ հանձնակատարներ նշանակելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները», - գրառում է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղարը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովհանու ներքո կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման հետ միաժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հատուկ բանակցողներ կնշանակեն՝ երկու երկրների միջև խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով:

Այդ հայտարարությանը դրական էին արձագանքել Երևանում: Ողջունելով Չավուշօղլուի հայտարարությունը՝ Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Իր հայտարարության մեջ Մեվլյութ Չավուշօղլուն նշել էր նաև, որ մոտ ապագայում բացվելու է Երևան-Ստամբուլ ուղիղ ավիահաղորդակցությունը, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ