Последние новости

ՀՀ–ում AstraZeneca և Moderna–ի պատվաստանյութերի խմբաքանակ է խոտանվել

Հայաստանում խոտանվել են կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության և AstraZeneca պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Պատճառը եղել է պիտանելիության ժամկետի ավարտը։

Սահակյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ` կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութերը 2 տարի պիտանելիության ժամկետ ունեն, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ 3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը նաև պետք է դիտարկել այս համատեքստում, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները»,– նշեց նա:

Մասնագետն ընդգծեց, որ ապրիլ-մայիսի ժամանակահատվածում պատվաստանյութը Հայաստան հասնում էր 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով:

Այս համատեքստում խոտանվել է AstraZeneca-ի որոշակի՝ ոչ շատ մեծ խմբաքանակ: Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

«Ժամկետն ավարտվելու պատճառով 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր։ Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ։ Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր:

Ընդ որում, Սահակյանի խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ գնաց պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում, սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: Մասնագետը շեշտեց, որ 30 օրը լրանալուն պես, այն պետք է խոտանվի:

Սահակյանը նշեց, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են: Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը, օրինակ, 6 ամիս հետո։ Եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ