Последние новости

Սոցիալական բնակարանաշինության ոլորտում ռազմավարություն է մշակվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական բնակարանաշինության, բնակապահովման ոլորտում ռազմավարություն է մշակում. այն պատրաստ կլինի 2022-ի գարնանը։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Նախկինում, ըստ էության, նման ռազմավարություն չենք ունեցել, և արդեն մի քանի ամիս է` սկսել ենք ռազմավարության մշակում։ Հույս ունեմ, որ ռազմավարությունը թույլ կտա բնակարանաշինության նոր ծրագիր ունենալ։ Եթե կարողանանք հաջող իրականացնել այն, ապա տարիներ շարունակ Հայաստանում կուտակված խնդիրը կկարողանանք լուծել»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս ծրագրում կներառվեն ոչ միայն սոցիալապես անապահովները, այլ նաև հաշմանդամություն ունեցող անինք, երիտասարդ ընտանիքները, միայնակները։ Մկրտչյանը վստահեցրեց, որ այս ոլորտով շատ հետաքրքրված է Ֆրանսիան, և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ արդեն իսկ հանդիպումներ ու քննարկումներ են եղել այս թեմայով։

Բացի այդ, բնակարանաշինության ծրագրով հետաքրքրված է նաև «Ամունդի» հիմնադրամը, որը կուտակային կենսաթոշակը կառավարող հիմնադրամն է։ Նախարարի հավաստմամբ` բոլորը սպասում են ռազմավարության պատրաստ լինելուն, և երբ այն ձեռքի տակ կլինի, նախարարությունը կկարողանա հստակ առաջարկներ անել։

Մկրտչյանը նշեց, որ բնակապահովման ռազմավարության մշակման ժամանակ միջազգային լավագույն փորձն են նայում, ինչպես նաև ձախողված ծրագրերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ