Последние новости

Փորձագետ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՐԲԵՄՆԻ ԻՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մամուլի ասուլիսի ձևաչափն ինքնին հետաքրքիր էր նրանով, որ, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր երբեմնի սիրելի հարթակում՝ լրագրողների հետ շփվելիս, գերազանցեց Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին դեկտեմբերի 27-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիա-փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց հետո առաջին շրջանում Փաշինյանը ակտիվորեն հարցազրույցներ էր տալիս, ուղիղ եթեր էր դուրս գալիս, ժամերով մամուլի բաց ասուլիսներ և այլն էր անցկացնում։

«Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ նա մեկուսանում է մարդկանցից, ասուլիսները օֆլայն ռեժիմով է տալիս՝ պատասխանելով նախապես ընտրված հարցերին, իսկ Ռոբերտ Քոչարյանը գնալով ավելի ու ավելի բաց է դառնում հանրության համար։ Նրա այսօրվա ասուլիսը ուշագրավ էր նաև նրանով, որ դրան մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առանձնակի համակրանք չտածող լրատվամիջոցները»,- նշեց փորձագետը։

Նրա գնահատմամբ, Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը տեղեկատվական դաշտում տեղերով փոխվել են։ Հիմա Քոչարյանը եղանակ է ստեղծում, ավելի ազատ է շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քան Փաշինյանը՝ չվախենալով կնճռոտ հարցերից։

Ինչ վերաբերում է բուն ասուլիսի բովանդակությանը, ապա, ըստ փորձագետի, կարելի է առանձնացնել մի քանի կարևոր մեսիջներ։

«Դրանցից մեկը կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցում շտապողականության սպառնալիքի հետ, ինչը կնշանակի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի տեղադրման։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի հրաժարվում պայքարից, և ընդդիմությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Քոչարյանի հայտարարությունների և քայլերի նկատմամբ վստահության փաստը վկայում է այն մասին, որ նա վերահսկում է իրավիճակը և չի տրվում այն խուճապին, որը փորձում են ստեղծել, այդ թվում՝ ընդդիմության շուրջ»,- ընդգծեց նա։

Փորձագետը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ Փաշինյանի վարկանիշն անդառնալիորեն ընկնում է, և պարզ չէ, թե ընդհանրապես ինչպես կարելի է դա բարձրացնել՝ հաշվի առնելով վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակը, անվտանգության չլուծված խնդիրները, «ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի գրպանը գցելու փորձերը» և շատ այլ բաներ։

«Փաշինյանը հնարավորություն չունի հմայելու այն ժողովրդին, որն իրենից բավական հիասթափվել է։ Երբ Քոչարյանը նոր էր վերադարձել Հայաստան, նրա վարկանիշը ցածր էր։ Սակայն իրավաբանների, լրագրողների և հասարակական գործիչների հետ հետևողական, անշտապ ու վստահ աշխատանքի շնորհիվ այն (վարկանիշը - խմբ.) այնքան է աճել, որ նրա ղեկավարած դաշինքն այսօր երկրի գլխավոր ընդդիմությունն է։ Հետագա աճի համար դեռ պահուստներ կան։ Քչերն էին հավատում, որ 2018-ին Քոչարյանը որոշ ժամանակ անց կկարողանա Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում հրավիրել հանրահավաք, որը թվով հավասար կլինի ապրիլյան «հեղափոխության» ժամանակ փաշինյանական հանրահավաքներին։ Ամեն ինչն իր ժամանակն ունի, պարզապես պետք է ժամանակին օգտագործել հնարավորությունները»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Փորձագետը հավելեց, որ այսօր ամենակարևոր խնդիրը այն աշխատանքն է, որ պետք է արվի Թուրքիայի գիրկը տանող ճանապարհին Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու համար, ինչի մասին վկայում են վերջին մամուլի ասուլիսի հայտարարությունները։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ