Последние новости

Վարդենիսի համայնքապետի ընտրության արձանագրությունը աշխատակազմին կուղարկեն փոստով

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները, տեսնելով, որ համայնքապետարանի աշխատակազմից որևէ մեկը չկա, որ իրենցից ընդունի ավագանու նիստի արձանագրությունն ու համայնքապետի ընտրության քվեաթերթիկները, որոշեցին դրանք ուղարկել փոստով և էլեկտրոնային փոստով:

Բացի այդ, որոշվեց, որ այդ փաստաթղթերի գնօրինակները ի պահ են հանձնում ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանին, մինչև որ հնարավորություն ստեղծվի դրանք հանձնելու վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին:

Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները ավագանու առաջաին նիստն այսօր շարունակեցին և 14 կողմ ձայներով համայնքապետ ընտրեցին իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին, սակայն որպեսզի այդ որոշումն օրինական լինի, պետք է կազմվի արձանագրություն և հանձնվի աշխատակազմին: Սակայն այս պահին աշխատակազմից ոչ ոք չկա, որ կազմված արձանագրությունը հանձնեն նրան:

Ավագանու նիստի սկզբում ներկա էր աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը, սակայն նա կեսից դուրս եկավ և հայտարարեց, որ նիստն օրինական չի կարող համարվել, քանի որ ըստ օրենսդրության, եթե մինչև ժամը 12-ը նիստը չի կայացել, ապա այն տեղափոխվում է հաջորդ օրը, իսկ քանի որ հաջորդ օրը աշխատանքային չէ, ապա տեղափոխվում է հունվարի 3-ին:

Ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել էր աշխատակազմից մեկ այլ աշխատակցի բերել, որ արձանագրություն կազմվի, սակայն նա զանգ ստացավ, որից հետո պատռեց իր գրածը և դուրս եկավ սենյակից:

Ընդդիմադիրները համարում են, որ նիստը օրինական և իրավազոր, քանի որ ներկա են 27 հոգուց 14-ը:

Նշենք, որ դրսում բազմաթիվ վարդենիսցիներ են հավաքված, որոնք ծափահարություններով ու ծաղիկներով դիմավորեցին Ահարոն Խաչատրյանին:

Քաղաքապետարանում բազմաթիվ ոստիկաններ կան: Աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը ևս շենքում է, սակայն ոստիկաններով շրջապատված:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջև, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին: Արդյունքում նիստն ընդհատվեց: Աշխատամկազմի ղեկավարը հայտարարեց, որ հաջորդ նիստը պետք է գումարվի վաղը, սակայն քանի որ ոչ աշխատանքային է, կգումարվի հունվարի 3-ին: Սակայն ընդդիմադիր անդամները որոշեցին, որ այսօր իրավունք ունեն նիստը շարունակել:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։

Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվել էր, համայնքապետ չէր ընտրվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ