Последние новости

FAILED MAN. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Լրատվական և քաղաքական տարածքը պայթեցրած ղազախստանյան իրադարձությունները հետին պլան մղեցին 2022 թվականի առաջին օրերի մյուս բոլոր նորությունները։ Աննկատ անցավ նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու մասին տեղեկատվությունը։ Ամիսներ շարունակ շրջանառվող լուրերը, որ այդ պաշտոնը փափագում է ստանալ դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություն չունեցած կադրային զինվորականը, հավաստի գտնվեցին. հունվարի 5-ին աշխատանքից ազատվեց Վարդան Տողանյանը և նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Մի անձնավորություն, որին վստահորեն կարելի է անվանել failed man. failed state (չկայացած կամ ձախողված պետություն) հայտնի բնորոշման նմանությամբ:

ԱՍԵՆՔ, ԻՐԱՎԱՑԻ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԱՍՈՒՄ ԵՆ, որ այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է Հայաստանը, կարող է զարմացնել լոկ այն, որ ոմանք դեռ պահպանել են ինչ-որ բանի վրա զարմանալու ունակությունը։ Փլուզված և զուտ անվանապես գոյություն ունեցող Արտաքին գործերի նախարարության խորապատկերին, որը նույնպես ղեկավարում է դիվանագիտության ոլորտում բացարձակ անտեղյակ մարդը, ավելին՝ թուրքական, իսկ այնուհետ նաև կրկնակի գործակալը, կարևորագույն երկրներում ՀՀ դեսպանների պաշտոններում բացառապես Նիկոլին հավատարմության և նրա հետ անձնական մտերմության համար իր մերձավոր թիմակիցների նախորդ նշանակումների խորապատկերին Վաղարշակ Հարությունյանի նոր պաշտոնը միանգամայն օրինաչափ է թվում։

Վերջինիս կենսագրությունը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես է մարդը մեկը մյուսի հետևից ձախողել բարձր պաշտոնները, զբաղեցնելով դրանք ընդամենը մի քանի ամիս: Հենց դա էլ, ըստ էության, նշանակում է, որ նա առավել քան համապատասխանում է Նիկոլի դրածոյի և ապաշնորհների ու ոչնչությունների կառավարության ներկայացուցչի դերին, որոնք ունակ են թերևս միայն տարբեր աստիճանի հաջողությամբ սպասարկել օտար, առավելապես թուրքական շահերը։

Ավելին, Հարությունյանի կուսակցական-քաղաքական կենսագրությունն էլ այն աստիճան խառնաշփոթ ու անտրամաբանական է, որ այդ հարցում նրա հետ կարող են մրցակցել միայն քաղաքական պոռնկության մեծ փորձ ունեցող ՔՊ-ականները՝ Անդրանիկ Քոչարյանի կամ Վիգեն Խաչատրյանի կարգի։ Բավական է ասել, որ Ռուսաստանում ռազմական կրթություն ստացած (երկու ակադեմիա) և ԱՊՀ ռազմական կառույցներում երկար ժամանակ ծառայած, այսինքն կարծես թե ռուսամետ գործիչն իր քաղաքական-կարիերային դեգերումներում հաջողացրել է լինել «Հանրապետություն» (Արամ Զ.Սարգսյան) և Ռամկավար Ազատական արևմտամետ կուսակցությունների անդամ։

Հարությունյանը անկախ Հայաստանի այն սակավաթիվ բարձրաստիճան զինվորականներից է, որոնք զրկվել են զինվորական կոչումից. սույն աստիճանազրկված գեներալ-լեյտենանտը, սակայն, գրեթե երկու տասնամյակ անց արժանացավ ուսադիրները Նիկոլ Փաշինյանի ձեռքից հետ ստանալու չափազանց կասկածելի պատվին։ Նա միակ մարդն է, որ երկու անգամ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, բայց երկու անգամն էլ կարճ ժամանակով. 11 ամիս՝ 1999թ. մայիսից մինչև 2000թ. հունիս, և 6 ամիս՝ 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. հուլիս:

Վերջապես, Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ պարադոքսի կրողն է. նա Փաշինյանի ռազմական խորհրդականն էր 44-օրյա պատերազմի ժամանակ (այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 3 ամիս), այսինքն Հայաստանի և Արցախի պարտության ու աղետալի կորուստների պատասխանատուներից մեկն է։ Այդուհանդերձ պարտության գլխավոր մեղավորն ու խորհրդանիշը՝ կապիտուլյանտ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո չհապաղեց պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել իր «failed» խորհրդականին։ Ինչպես պարզվեց բոլորովին վերջերս՝ միանգամայն որոշակի առաքելությամբ, որը կատարել կհամաձայներ բնավ ոչ ամեն կադրային զինվորական։

ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՀԱՅՏՆԵՑ ԻՆՔԸ՝ ՆԻԿՈԼԸ։ ԱԺ ամբիոնից պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչպես են հայկական զինված ուժերը նահանջել Սանասարի և Կովսականի դիրքերից, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նա հայտարարեց, որ ինքն է տվել այդ հրամանը, իսկ կատարել է դա այն ժամանակ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը: Դրանից մեկ օր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարել էր հետևյալը. «Դեկտեմբերի 17–ին (2020 թվականի-Մ.Գ) Վաղարշակ Հարությունյանը եկավ Գորիս, համայնքի ղեկավարներին հավաքեց ու հայտարարեց, որ մինչև հաջորդ օրվա ժամը 5–ը բոլորը դիրքերից պետք է իջնեն։ Այդ ժամանակ մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ երկու կողմից էլ, ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէր, որ մենք պետք է իջնենք մեր դիրքերից։ Պաշտպանության նախարարին ինչ հարց տալիս էինք, ասում էր` ես տեղյակ չեմ, միայն հրամայում էր, որ հաջորդ օրը բոլորս իջնենք Սյունիքի դիրքերից»։

Ավելորդ է հիշեցնել, որ հենց անցած տարվա դեկտեմբերին ստեղծվեցին բոլոր նախադրյալներն այն իրավիճակի համար, որ տիրում է Հայաստանի երկու մարզերում արդեն 8 ամիս շարունակ։ Ինչպեսև կասկածել, որ հենց այդ նպատակով էր պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել Հարությունյանը. Փաշինյանին հարկավոր էր զինվորական, որն անվերապահորեն կկատարեր իր ցանկացած կարգադրություն. նույնիսկ այն, որը բացահայտ սպառնալիքի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու պետականությունը։ Ընդ որում ավելորդ հարցեր չէր տա, նախընտրելով «տեղյակ չլինել»։

Դե, և ո՞նց կլիներ չխոստանալ բառի բուն իմաստով հավատարմահպատակ մարդուն այն ամենը, ինչի մասին երազում է նա. նույնիսկ դեսպանի պաշտոնը պետության համար կարևորագույն երկրում, աչք փակելով դիվանագիտական որևէ հմտությունների և գիտելիքների իսպառ բացակայության վրա։ Եվ ինչպե՞ս հետո չկատարել խոստումը, ընդ որում նույնքան խոնարհ ծառա ստանալով կարևոր պաշտոնում։ Ի վերջո, ինչո՞վ է Հարությունյանը պակաս մեկ այլ առանցքային երկրում՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակված ուսուցչուհի Մակունցից։ Վերջինս տիրապետում է անգլերենին և մտերիմ է Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ սա տիրապետում է ռուսերենին և անվերապահորեն կատարում երկրի համար վտանգավոր փաշինյանական բոլոր հրամանները. ի՞նչ խնդիր կա։

Հանուն արդարության նշենք, որ Ռուսաստանում դեսպանի պաշտոնի բախտը ավանդաբար չի բերել. դրան նախկինում էլ նշանակվել են դիվանագիտության հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ. հիշենք թեկուզ Արմեն Սմբատյանին կամ Օլեգ Եսայանին։ Ոչ մի լավ բանի դա, իհարկե, չհանգեցրեց, բայց կա մի ահռելի ու սկզբունքային տարբերություն. նախկինում երբեք իրավիճակն այսչափ կրիտիկական չի եղել Հայաստանի համար, նախկինում երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններն այսքան բազմակողմանի բարդ չեն եղել, իսկ Մոսկվայից կախվածությունը՝ այսքան մեծ, հատկապես Արցախի առումով։ Ի վերջո, նախկինում երբեք տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակն այս աստիճան լարված և Հայաստանի ու Արցախի կենսական շահերին սպառնացող չի եղել։

Եվ ահա նման իրավիճակում այդ առանցքային պաշտոնում նշանակվում է դիվանագիտության ոլորտում դիլետանտն ու նախկինում իր մասնագիտական պարտականությունները բազմիցս ձախողած գործիչը։ Նշանակվում է բացառապես ի նշան երախտագիտության՝ հակապետական ծառայությունների համար, և որպես կանխավճար՝ հետագա ծառայությունների դիմաց։ Ամենայն հավանականությամբ՝ նույնքան հակահայկական բնույթի։ Ինչպես դա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի ֆավորիտին՝ ժամանակին ՀՀ ԱԳՆ-ից վտարված Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում դեսպան նշանակելու, անգլերենի դասատու Մակունցին՝ ԱՄՆ-ում, ուսապարկ-պատգամավորներ Ենգիբարյանին և Ավետիսյանին համապատասխանաբար Գերմանիայում և Իսպանիայում դեսպան կարգելու պարագայում։ Եվ առհասարակ դժվար է հիշել, որ վերջին շրջանում դեսպանի պաշտոնում նշանակված լինի կարիերային դիվանագետ՝ ԱԳՆ փորձառու աշխատակիցներից։

Այստեղ կա ևս մեկ նրբություն։ Մամուլում բազմիցս գրվել է այն մասին, որ Կրեմլը դեմ է Հարությունյանի նշանակմանը և փորձում է պաշտոնում պահել Վարդան Տողանյանին։ Հենց որպես այդ դիրքորոշման վկայություն ընկալվեց անցած տարեվերջին Տողանյանի պարգևատրումը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան շքանշանով։ Դժվար է հաստատապես ասել, թե համապատասխանում են արդյոք իրականությանն այդ տեղեկությունները, սակայն փաստը մնում է փաստ. հերթական անգամ Փաշինյանը հիմք է ընդունել ոչ թե պետության, այլ միայն ու միայն սեփական շահերը։ Նրան իր մարդիկ են պետք ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերում, ոչ միայն երկրի ներսում առանցքային ու նույնիսկ երկրորդական բոլոր պաշտոններում, այլև արտասահմանում։

Եվ նրա համար դա միակ կարևոր չափորոշիչն է դեսպանների նշանակման հարցում, որոնց մեջ շատ շուտով չի մնա ոչ թե իր «բարերարի», այլ իր պետության շահերի համար աշխատել ցանկացող և ընդունակ ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ