Последние новости

ԶԱՎԹԵԼ ՈՒՐԻՇԻ ՊԱՇՏՈ՞ՆԸ։ ԻՇԽՈՂ ՈՒԺԻ ՀԱՄԱՐ ԴԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է

Այն բառերին ու արտահայտություններին, որոնք ազդում են ՔՊ-ականների վրա ինչպես կարմիր լաթը՝ ցլի, ավելացավ ևս մեկը: Այդ շարքը համալրեց կարծես թե հարգալից և միանգամայն բարեկիրթ «հարգելի հայրենակիցներ» դիմելաձևը։ Համենայնդեպս ընդդիմադիր պատգամավորների շուրթերից հնչելիս հիմա դա նույնպես կատաղության նոպա է առաջացնում խորհրդարանի իրենց գործընկերների մոտ։ Խոսքը, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մասին է, որն անձամբ չի չափավորում իր արտահայտությունները, աջուձախ անվանելով խորհրդարանական ընդդիմությանը մերթ «ռոբոսերժական», մերթ «ռևանշիստներ», իսկ երբեմն էլ գործածելով ավելի թունդ բառապաշար։

Ասենք, սույն խորշելի անձնավորությունն իրեն այդ կերպ է դրսևորում գրեթե մշտապես, արդեն ավելի քան կես տարի շարունակ հանդիսանալով իշխող կուսակցության լոկոմոտիվը՝ ԱԺ-ում իրական ընդդիմությանը արհեստականորեն ստեղծված «արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի» տանիքի տակ հավաքված իշխանական հաճկատարներից բաղկացած գրպանային ընդդիմությամբ փոխարինելու անհրաժեշտության թեզի տիրաժավորման գործում։ Նույն այդ անձնավորությունը ահա արդեն ամիսներ շարունակ հասարակական տարբեր հարթակներում և երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից ակտիվորեն առաջ է մղում դիսկուրսը Արցախի հայկական լինելու վիճարկելիության և այն թեզի վտանգավորության մասին, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի։

«Մենք պետք է իրականությանը ուղիղ նայենք և հասկանանք, որ խնդիրը չի կարա գնա էդ տարածքը Հայաստանինը համարելու, խնդիրը կարա գնա, որ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգված են, այսինքն իրանց գոյությունը, ազգային պատկանելությունը»,- խրոխտ բարբառում էր Խաչատրյանը «հանրային» հարթակներից մեկում անցած տարվա հոկտեմբերին: Եվ ինչն է կարևոր. այդ ժամանակից ի վեր հանրությունը ոչ միայն հերքումներ չի լսել նրա կուսակիցների և իշխանության ներկայացուցիչների կողմից, այլև ականատես է եղել, թե ինչպես են գործընկերներն իրենց պաշտպանության տակ առել նրան ընդդիմության քննադատությունից։ Իսկ ավելի ուշ նույն հակահայկական հայտարարությունները, ըստ էության, կրկնեց նաև Նիկոլ Փաշինյանը, փաստացի հաստատելով, որ դա է այսօրվա դրությամբ իշխանության համերաշխ դիրքորոշումը...

Ուրեմն ի՞նչն է այդչափ զայրացրել Խաչատրյանին «հարգելի հայրենակիցներ» արտահայտության մեջ, որով պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ սկսեց իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Ամենայն հավանականությամբ՝ այն, որ վերջինս իրեն բնորոշ պրոֆեսիոնալ ոճով պարզաբանեց հանրությանը, որ իշխանությունը հերթական անգամ փորձում է զավթել ԱԺ կանոնակարգով ընդդիմությանը վերապահված պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, և որ այդ նպատակով իշխող խմբակցության մշակած փոփոխությունների նախագիծը հակասում է ժողովրդավարությանն ու խորհրդարանական կառավարման մոդելին։

Փոփոխություններով առաջարկվում է նշել կանոնակարգում, որ «եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն չի ընտրվում, ապա 5 օր հետո իրավասու խմբակցությունը նորից թեկնածու է առաջադրում», և եթե նոր թեկնածու չառաջադրվի, ապա դրա իրավունքը կանցնի իշխող խմբակցությանը: Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը փորձում է ստիպել ընդդիմությանը առաջադրել այնպիսի թեկնածություն, որն իշխանության սրտով կլինի, կամ պարզապես յուրացնել նաև այդ պաշտոնը։

«Դեպքերի բերումով ստացել ենք սերժական, ռոբական մի հատ ընդդիմություն, որի նպատակն ա՝ տապալել խորհրդարանի աշխատանքները: Այս մարդիկ չեն հավատում, որ գործող մեծամասնությունը ինչ-որ լավ բան կարա անի, դա իրանց իրավունքն ա։ Բայց իմ իրավունքն էլ ա՝ չմասնակցել էդ տապալմանը և հնարավորինս մեղմացնել էն վնասը, որն էս մարդիկ, սպասարկելով Ռոբին ու Սերժին, վնաս են հասցնում մեր հասարակությանն ու պետությանը, անընդհատ դիմելով՝ «հարգելի հայրենակիցներ»,- բորբոքվեց Վիգեն Խաչատրյանը, հայտարարելով, որ ամեն մարդ իր վարքագծով ցույց է տալիս իր մակարդակն ու դաստիարակությունը։ Վերջինի մասին նա, իհարկե, կարող էր և լռել, քանի որ հենց իր պահվածքի պատճառով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ստիպված եղավ ընդհատել նիստը 15 րոպեով, իսկ հետո փորձել հանգստացնել և զերծ պահել նրա հարձակումներից ընդդիմադիր պատգամավորներին։

Մինչդեռ Վարդևանյանը նաև հիշեցրել է, որ իշխող խմբակցությունը, համաձայն նույն ԱԺ կանոնակարգի ընթացակարգի, իրավունք չունի ընդդիմությանը ստիպել թեկնածու առաջադրել քաղաքական մեծամասնության ցանկություններին համապատասխան: Բացի այդ, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես «Իմ քայլը» անվանումով նույն այդ մեծամասնությունը 2019-ին ՍԴ դատավորի պաշտոնում հերթական անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը խորհրդարանն ավելի վաղ մերժել էր արդեն երկու անգամ։ Իսկ ցանկալի արդյունքին հասնելու համար, կառավարության հետ միասին, 2019-ի մարտին փոփոխություններ նախաձեռնեց ՍԴ-ի մասին օրենքում ու ԱԺ կանոնակարգում, վերջնական արդյունքում արձանագրելով, որ թեկնածուի չընտրվելու դեպքում չկա որևէ սահմանադրական արգելք կամ սահմանափակում ՝ նույն թեկնածուին ցանկացած գումարման ԱԺ-ում այս կամ այն սուբյեկտի կողմից կրկին առաջադրելու համար։

Այստեղ ակամայից մտաբերեցինք, թե այն ժամանակ ինչպես էին այդ առնչությամբ կատակում ընդդիմադիր պատգամավորները. «նոր հին թեկնածու», «նոր լինում է հագուստը, հեծանիվը, իսկ թեկնածուն լինում է այլ»:

... Ինչևէ, արդեն մեկուկես տասնյակ անգամ չընտրված Արթուր Ղազինյանը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հաջորդ նիստին կարող է դառնալ «նոր հին թեկնածու», եթե նկատի առնենք, որ ընդդիմությունն իրենն է պնդում և մեկ ուրիշին առաջադրել մտադիր չէ։ Համենայն դեպս՝ առայժմ։ Սակայն ակնհայտ է, որ ընդդիմության այդպիսի մարտավարության պարագայում նշյալ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը կանցնի իշխող խմբակցությանը, քանի որ այն, որ տվյալ օրինագիծը հաջորդ շաբաթ մեկնարկող նստաշրջանի ընթացքում կհավաքի պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը, կասկածից վեր է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КС ДАЛ ДОБРО ТУПОМУ ИНСТРУМЕНТУ ГЭДЭШНИКОВ
      2022-05-13 11:15
      1048

      В начале мая Конституционный суд опубликовал решение, которым признал статью 137.1 УК РА под названием «Тяжкое оскорбление» соответствующей Конституции РА. Или, как шутят юристы, оставил в силе этот тупой инструмент николовской власти, для которой этот вопрос оказался принципиальнее многих связанных с безопасностью и национальными интересами страны вопросов.

    • ОПЯТЬ ЗАКОН ПОД ГЭДЭШНИКОВ
      2022-05-12 12:48
      1312

      Вчера президент Ваагн Хачатурян, даже не пикнув, подписал закон, который плюс ко всем суперпремьерским полномочиям Пашиняна добавит еще одно, позволив подмять под себя еще и органы местного самоуправления.

    • ВРЕТ ПРЕДЕЛЬНО ЯСНО И ДОХОДЧИВО
      2022-05-10 15:04
      3834

      Непонятны утверждения оппозиции о том, что в случае заключения договора о мире возникнет вопрос анклавов, заявил СМИ по завершении заседания правительства 5 мая секретарь Совета безопасности РА Армен Григорян.

    • ЗАЕЗЖЕННАЯ ПЛАСТИНКА ВМЕСТО ОТВЕТОВ
      2022-05-05 15:11
      959

      Парламентская оппозиция традиционный после сессии НС брифинг проигнорировала, у представителей же правящей фракции на все был один ответ – про "бывших", коррупцию при "бывших", незаконно нажитое имущество, ну, и, разумеется, про то, что у вышедших на уличную борьбу сил нет достаточной народной поддержки для смены власти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ