Последние новости

ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՆՇԵՑԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԳԻՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ Է

Նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած զինված բախումներից գրեթե 2 ամիս անց Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիայի հերթական ակտը ձեռնարկեցին Գեղարքունիքի մարզում. այս անգամ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Հայկական կողմը կրկին կորուստներ է կրել. զոհվել է 19-ամյա երեք զինվոր, վիրավորվել երկուսը: Հիշեցնեմ, որ ադրբեջանական դիրքերից զինված սադրանքն իրականացվել է ՀՀ տարածքում, որտեղ ուղիղ 8 ամիս շարունակ հայկական իշխանությունների լուռ համաձայնությամբ հաստատվել են ադրբեջանական զորքերը։ Գնդակոծել են Վերին Շորժա գյուղի ուղղությամբ, կրակոցներ են հնչել մի քանի այլ գյուղերում. Նորաբակ, Ներքին Շորժա, Կութ։

Նախօրեին՝ հունվարի 10-ին Ադրբեջանը «հրետանային պատրաստականություն» էր անցկացրել։ Ամբողջ օրը Արցախից լուրեր էին ստացվում Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ համայնքների գնդակոծման, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին հայկական ավտոմեքենայի վրա հարձակման մասին։ Բաքվում հերթական նողկալի դատական ֆարսն են կազմակերպել հայ գերիների նկատմամբ, որոնց ստիպել են խոստովանություն տալ նավթատարը պայթեցնելու մտադրության մասին:

Հունվարի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը զորակցություն հայտնեց կրտսեր եղբայրներին, հրապարակավ հայտարարելով, թե «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են՝ արդար գործի համար պայքարում»: Որից հետո Բաքվում և Անկարայում որոշեցին անցնել բանավոր գրոհների և հիշեցնել Փաշինյանին իր տված խոստումները շուտափույթ կատարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ սպառնալիքներ հնչեցնելով անհնազանդության դեպքի համար։

Անկախ նրանից՝ կստորագրվի արդյոք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, թե ոչ, մենք մշտապես ավելացնելու ենք մեր ռազմական հզորությունը, հայտարարեց տեղի ԶԼՄ-ներին Իլհամ Ալիևը, հավելելով, որ նույնիսկ ստորագրումը պատերազմի չվերսկսման 100-տոկոսանոց երաշխիք չի տալիս: Սպառնալով, որ «բարյացակամ վերաբերմունքը» հավերժ չի տևելու, նա հերթական անգամ տարածքային նկրտումներ հնչեցրեց Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքի՝ Սյունիքի, Սևանի, Երևանի նկատմամբ:

«Մենք ունենք բազմաթիվ գործոններ, որպեսզի չճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց, չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների միջև հարաբերությունների կարգավորման մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ նույնը կլինի վեց ամիս անց։ Չեն ուզում, թող չլինի։ Այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարեց Ալիևը։

Հենց նույն օրը (ընդգծեմ, Մոսկվայում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից երկու օր առաջ) Անկարայից հնչեցվեցին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները: Ցուցանշական է, որ դրանք, ըստ News.am-ի հաղորդագրության, հնչեցրեց Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, իսկ ներկայումս, ուշադրությո՛ւն, «Թալեաթ փաշա միության» ղեկավար Հասան Քորքմազջանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է կատարի հետևյալը. անհապաղ իրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտարարի այդ մասին, հրաժարվի «ցեղասպանության պնդումներից», վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի թուրք ժողովրդին նվաստացնող հուշարձանը Շիրակի մարզում (Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը-խմբ.):

Թե ինչու են շտապում Բաքուն և Անկարան, առանձին խոսակցության թեմա է։ Փորձագետները պնդում են, որ նրանց ակտիվացումը մեծապես կապված է ղազախստանյան իրադարձությունների և որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր Հայաստանի դերի հետ։ Միանգամայն հնարավոր է, որ դա այդպես է։ Սակայն տվյալ վարկածը ավելի հավանական կլիներ, եթե հունվարի 10-ին և 11-ին Ադրբեջանի ձեռնարկած սադրանքները չլինեին 20-րդ դարասկզբից, եթե ոչ ավելի վաղուց ձգվող ցեղասպանական նույն երկար շղթայի օղակները: Եվ եթե Բաքվի ու Անկարայի այսօրվա սանձարձակ լկտիությունն ու ագրեսիվությունը չլինեին հայկական գործող իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանք, որոնք «Բայրաքթարների» հարվածների և թուրքական չդադարող սպառնալիքների տակ շարունակում են պատրաստվել «խաղաղության դարաշրջանին»։ Ինչպես վաղուց արդեն ակնհայտ է, «խաղաղության դարաշրջանը» պարբերաբար կցողվի հայի արյունով ու զոհերով, բայց դա ամենևին էլ խոչընդոտ չէ ներկայիս իշխանության համար։

Իսկ Երևանում այդ բոլոր երեք օրերին լռում էին, ասես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, և այդպես էլ պետք է լինի։ Պաշտպանության նախարարությունը միայն մի քանի ժամ անց պաշտոնապես հաղորդեց Գեղարքունիքի մարտերի մասին և միայն երրորդ փորձից, երբ սոցցանցերում արդեն ողջ թափով տարածվում էին մեր կորուստների մասին տվյալները. սկզբում հաղորդեց զոհված երկու զինվորների, իսկ առավոտյան՝ երրորդի մասին:

ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել։ Գերատեսչությունը, որը մատը մատին չի տալիս երկրի տարածքի բազմամսյա բռնազավթման առնչությամբ, հայտարարեց ընդամենը սահմանից «զորքերի հայելային հեռացման» անհրաժեշտության մասին։ Այսինքն, ըստ ԱԳՆ-ի, հայկական զորքերը պետք է հեռանան ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի օկուպացիոն զորքերը։ Մինչդեռ այս իրավիճակում հայկական դիվանագիտության գլխավոր խնդիրն է՝ դադարեցնել բոլոր բանակցությունները, քանի դեռ թշնամական հանցախմբերը դուրս չեն բերվել ՀՀ տարածքից, և պահանջել այդ պայմանի կատարում միջազգային բոլոր կազմակերպություններից և միջազգային բոլոր հարթակներում:

Իսկ բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ը, մեղմ ու բարեհամբույր, կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին «զերծ մնալ սադրիչ գործողություններից»։ Դրան Ալիևը պատասխանեց նոր պատերազմ սկսելու և «Գեյչան» ու «Իրևանը» նույնպես գրավելու սպառնալիքներով: Բայց մեր ԱԳՆ կոչեցյալը հերթական անգամ «չնկատեց» դա. չէ՞ որ իրենք պատրաստվում են «խաղաղության դարաշրջանին»։

Հունվարի 11-ի հաջորդ օրվա ողջ ընթացքում հայկական իշխանությունները տեղի ունեցածի առնչությամբ ծպտուն անգամ չհանեցին, թեև, կրկնեմ, զոհվել են երեք երիտասարդ զինվորներ։ Ասպարեզ արձակվեց կառավարության գլխավոր ծաղրածուներից մեկը՝ էկոնոմիկայի նախարարը, հիմարությունների հերթական կույտը բարբաջելու առաջադրանքով։ Գռզոյի ավիաընկերությանը դեպի Ստամբուլ չվերթներ իրականացնելու թույլտվություն տրամադրեցին։ «Հեղափոխության» հովանավորներից մեկը հասավ «խաղաղության դարաշրջանից» ֆինանսական բաղձալի սերուցքը քաշելու հնարավորությանը և նա խորապես թքած ունի, թե ինչ է կատարվում սահմանի վրա, քանի հայ զինվոր է զոհվում և որքան է նվազում ՀՀ տարածքը։ Օմբուդսմենի պաշտոնի թեկնածուն սեթևեթանքով հաղորդեց ՄԻՊ գրասենյակի աշխատանքն ակտիվացնելու մտադրության մասին։ ԶԼՄ-ները հաճույքով որոճում էին պաշտպանության նախարարի և Փաշինյանի որդու սպասվող մեծ հարսանիքների մասին լուրը.…

Թե ինչպես անվանել այս ամենը, վաղուց արդեն բառեր չես գտնում: Այդ իրենց որդիները չեն մրսում չջեռուցվող վրաններում և զոհվում՝ պաշտպանելով երկիրը, որպեսզի Գռզոն ու իր նմանները կարողանան առևտուր անել թուրքերի հետ։ Այդ իրենց հայրենակիցները չեն ապրում սահմանամերձ գոտում՝ ամեն օր ու ամեն ժամ ենթարկվելով սեփական երկրի տարածքում գնդակահարվելու կամ հայրական տնից վտարվելու վտանգին։ Բնավ իրենք չեն հարկադրված գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել թշնամու դիպուկահարների նշանառության տակ, որպեսզի ապահովեն ընտանիքի նվազագույն ապրուստը։ Այդ իրենց երեխաները չեն, որ ստիպված են հաճախել ամեն կողմից անպաշտպան ու գնդակոծվող դպրոց։ Այդ իրենք չեն, որ ստիպված են երթևեկել ադրբեջանցիների կողմից վերահսկվող հայկական ճանապարհով ու մաքսատուրք վճարել թշնամու բյուջեին(!!!)։

Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին հրեշավոր կորուստներ պատճառած սարսափելի պատերազմից հետո, այն աղետից հետո, որը համեմատելի է թերևս միայն 1915 թվականի Ցեղասպանության հետ, անցել է ընդամենը մեկ տարուց քիչ ավելի ժամանակ։ Իրավիճակն օրըստօրե ավելի ու ավելի սպառնալից է դառնում Հայաստանի համար, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի դադարում նախազգուշացնել իշխանությունների վարած քաղաքականության առաջիկա անդառնալի և երկրի համար վտանգավոր հետևանքների մասին, թշնամին բնակռել է հայկական պետության տարածքում՝ կազմակերպելով զինված սադրանքներ, սպանելով հայ զինվորներին, գերեվարելով նրանց և առճակատ սպառնալով ՀՀ հազարավոր քաղաքացիների անվտանգությանը…

Իսկ Փաշինյանն ու իր թիմակիցները մտադիր էլ չեն հրաժարվել երկխոսելու, հարաբերություններ հաստատելու, դեսպանատներ բացելու, առևտրով ու ընդհանուր բիզնեսով զբաղվելու ծրագրերից՝ նրանց հետ, ովքեր չեն դադարում Հայաստանի ու Արցախի ոչնչացման մտադրություններ փայփայել։ Անկարան և Բաքուն հստակ ու միանշանակ նշում են Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» գինը, որը հավասարազոր է տարածաշրջանում հայկական ներկայության վերացման, սակայն հայկական իշխանությունը շարունակում է անրջել թուրքական յաթաղանի լծի և մուղամի հնչյունների տակ սեփական կուշտ գոյության մասին։ Անրջել խաղաղության և համագործակցության մասին՝ նրանց հետ, ում համար հայերի նկատմամբ միշտ ընդունելի է եղել և մնում մեն-միակ քաղաքականություն. Ցեղասպանություն և հայկական հողերի անմնացորդ զավթում:

Հանցավոր, պայմանավորվելու անընդունակ երկու երկրներ, որոնց համար հայերի արյունը ասես կենդանական էքստազի հասցնող թմրանյութ լինի։ Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյան՝ Գռզոյի և մյուս ուսապարկերի հետ, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սեփական որովայնի։ Եվ դրանք բոլորը նույն ճամբարում են՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВСТУПАЯ В ГОД УГРОЗ И НАДЕЖД: ИМПЕРАТИВ – ВЫСТОЯТЬ И ОСТАТЬСЯ АРМЕНИЕЙ
      2024-12-25 09:20

      "Мы вновь стоим на пороге нового года и вновь хотим думать, что несмотря ни на что 2024-й может поставить точку в затянувшемся кошмаре" - писал "ГА" ровно год назад. Сегодня, накануне наступления 2025-го, как ни горько, нужно признать: уходящий год не поставил точку в армянском кошмаре, ситуация лишь усугубилась, иллюзий стало еще меньше, как и оснований для надежд на то, что удастся хотя бы остановить падение в пропасть.

    • У ПАШИНЯНА И АЛИЕВА ОБЩИЕ ВРАГИ: КОГО ИЗ «ПОДОЗРЕВАЕМЫХ» БАКУ ПОТРЕБУЕТ ОТ ЕРЕВАНА?
      2024-12-20 09:36

      Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.

    • ПОЧЕМУ «НА ЗЕМЛЕ» НИЧЕГО НЕ МЕНЯЕТСЯ: РУБИНЯН НЕ МОЖЕТ ИЛИ НЕ ХОЧЕТ ПОНИМАТЬ?
      2024-12-16 09:31

      На днях спецпосланник Пашиняна на переговорах с Турцией Рубен Рубинян поведал о некоторых подробностях ноябрьской встречи двух делегаций на границе. Интервью оказалось достаточно примечательным в том плане, что доказало два неопровержимых факта. Во-первых, турки не предпринимают ровным счетом ничего в направлении «нормализации отношений», не выполняя даже уже достигнутые договоренности. Во-вторых, Рубинян и в его лице власти РА, усиленно делают вид, что не понимают этого, с ослиным упрямством повторяя, что процесс надо продолжать, несмотря ни на что. 

    • ТОЛЬКО САНКЦИИ МОГУТ ЗАСТАВИТЬ АЛИЕВА ВЕРНУТЬ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ
      2024-12-13 09:43

      Вчера исполнилось ровно 2 года с начала блокады Арцаха, ставшей очередным этапом геноцидальных действий против армянского народа и закончившейся военной агрессией и насильственной депортацией 120-тысячного населения республики. На фоне разворачивавшегося 10 месяцев масштабного преступления мировое сообщество не предприняло ничего, чтобы остановить преступника. Даже отказ выполнять решения Международного суда ООН не привел к каким-либо практическим шагам, несмотря на звучавшие отовсюду многократные призывы ввести против Азербайджана санкции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ