Последние новости

Բորդյուժա․ Դելիմիտացիան կբացառի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեն զանազան միջադեպերը այդ հատվածում։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ՝ պատասխանելով մեր հարցին։

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց, թե որ դեպքում Հայաստանը կարող է ակնկալել ՀԱՊԿ-ի նույնքան օպերատիվ միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպիսին եղավ ղազախստանյան իրադարձությունների ժամանակ ։

Ի պատասխան Բորդյուժան նշեց, որ խորապես ծանոթ է ղարաբաղյան հակամարտության և սահմանի խնդրին, երկար տարիներ զբաղվել է դրանով, սակայն չի խոսի ՀԱՊԿ-ի նույնպիսի արձագանքի մասին, ինչպիսին եղավ Ղազախստանի դեպքում։

«Ես կխոսեմ ճանաչված սահմանների կայացման գործում Հայաստանին, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, նշանակում է նյութեր ստանալ արխիվներից, այդ թվում՝ Ռուսաստանի արխիվներից, տարբեր տարիների քարտեզներ։ Պետք է հասնել սահմանների հարցում փոխադարձ ընդունելի լուծումների»,-նշեց Բորդյուժան։

Նա վստահ է, որ դելիմիտացիան անմիջապես կբացառի զինված բախումների և փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։ Կազմակերպության նախկին ղեկավարը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման նմանատիպ խմբեր ժամանակին ստեղծվել են Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից: Այնտեղ էլ կային վիճելի տարածքներ, բայց կողմերին հաջողվեց դիվանագիտական մեթոդներով փոխընդունելի լուծումներ գտնել։

«Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է ՀԱՊԿ զորքեր մտցնելու հետ կապված հարցեր քննարկել։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությունը կայունության երաշխիք է։ Չնայած առանց միջադեպերի չի լինում։ Ես գիտեմ, հետևում եմ գործընթացներին և նույնպես մտահոգված եմ կայունության հարցում»,- ասաց Բորդյուժան։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ