Последние новости

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բանակին

Հայոց բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:։ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նա իր երախտագիտությամբ ու խոնարհումով է հիշել բոլոր նրանց, ովքեր պայքարել են Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել անկախության և ազատության համար։

«Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը շեշտել է, որ բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:

«Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին»,- ընդգծել է Սարգսյանը:

Դիմելով զինծառայողներին` ՀՀ նախագահը նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:

«Մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»,-եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ