Последние новости

Կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են. գործադիրը վերանայել է կարանտինի որոշումը

ՀՀ կառավարությունը հերթական փոփոխություններն է արել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ։

Նոր որոշումն ընդունվել է այսօր` հունվարի 31-ին, գրավոր քվեարկությամբ։

Նոր որոշմամբ կառավարությունը մեղմացրել է օդանավակայաններում արդեն 1.5 տարի գործող խիստ սահմանափակումները։

Այսպես` Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կինքնամեկուսացվեն 7 օրով, եթե ունեն ամբողջական պատվաստում և 10 օրով, եթե պատվաստված չեն։

Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։

Բացի այդ, այսուհետ օդանավակայանում դիմավորողներին թույլ կտան մուտք գործել ժամանման սրահ` հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Իսկ հնարավոր կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին թույլատրվում է կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ:

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում ս.թ. փետրվարի 1-ից, և չի տարածվելու այդ օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

Սահմանափակումների մեղմացումը կառավարությունը մեկնաբանում է ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով (այս պահի դրությամբ, ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կանաչ գոտում), ինչպես նաև ցուրտ եղանակով պայմանավորված սուր շնչառական վարակների սեզոնային բարձր ակտիվությամբ:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում դեկտեմբեր ամսին արձանագրվել է սուր շնչառական վարակների 38 446 դեպք, որը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 2,2 անգամ ավելի է։

Հատկապես սուր շնչառական վարակներից խուսափելու համար է, որ կառավարությունն առաջարկել է թույլատրել օդանավակայանում դիմավորողների մուտքը ժամանման սրահ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշենք, որ 2020 թվականին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշումը ՀՀ–ում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից։ Վերջնաժամկետը սահմանվել է 2022 թվականի հունիսի 20-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ