Последние новости

Օմբուդսմեն. Հայաստանից հնչած հայտարարությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի հավակնությունները

Երևանից հնչած որոշակի հայտարարությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի տարածքային հավակնությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում։

Մարդու իրավունքների պաշտպանը արդեն որերորդ անգամ փաստել է շփման գծից զորքերի հայելային հետքաշման մասին հայկական կողմի առաջադրած մոտեցման սխալականությունը։ Թաթոյանը հիշեցրել է հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումների մասին՝ կապված ադրբեջանցի զինվորականների ներկայության հետ։ Նա նորից փաստել է ադրբեջանական զորքերի հետքաշման, ապառազմականացված գոտու ստեղծման անհրաժեշտությունը՝ բնակիչների իրավունքները մինչև սահմանների որոշման գործընթացի ավարտը ապահովելու համար։ «Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն տեղակայվել են գյուղացիներին օրենքով պատկանող տարածքներում, այլև անհնար են դարձրել նրանց բնական կյանքը։

Օմբուդսմենը հատկապես նշել է, որ խոսքը միայն մայիսյան ներխուժման հետևանքների մասին չէ։ «Կադաստրային փաստաթղթերը տրամադրվել են խորհրդային կադաստրային մարմինների կողմից»,- հիշեցրել է մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ավելացրել է, որ եվրոպական կառույցները նույնպես՝ հանձին ԵԽԽՎ-ի, համաձայն են ապառազմականացված գոտու ստեղծման մոտեցմանը։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումները վկայում են այն մասին, որ նման մոտեցումն աջակցություն կգտնի։

«Ցավոք, կարծիք կա, որ դա իրատեսական չէ։ Այդպես չէ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լեգիտիմացնենք ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, իսկ հետո ասում ենք՝ իրատեսական չէ։ Երբ փակվեց Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհը, մենք, անհապաղ ՄԻԵԴ, էլ չեմ ասում այլ մարմիններ, դիմելու փոխարեն, պաշտոնական մակարդակով սկսեցինք հայտարարել, որ դա ադրբեջանական տարածք է, որ անվտանգությունը պահպանվել է և ամեն բան կարգին է։ Սկսեցին գովաբանել այլընտրանքային ճանապարհները, միջազգային կառույցներից թաքցնել խնդիրները, հերքել օմբուդսմենին։ Եթե մենք հետո դիմեինք ՄԻԵԴ, Ադրբեջանի իշխանությունները կներկայացնեին հայկական կողմի հայտարարությունները»,- նշել է օմբուդսմենը։

Թաթոյանը հերթական անգամ հիշեցրել է, որ անհրաժեշտ է առաջնորդվել մարդկանց անվտանգությամբ։ «Հայելային հետքաշման դեպքում ո՞ւր են հետ քաշվելու մեր զինվորականները։ Ի՞նչ կլինի մարդկանց հետ, որոնց բակերով ու տներով է անցնում շփման գիծը։ Ինչպե՞ս են նրանք գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու»,- ասել է օմբուդսմենը՝ ավելացնելով , որ սկզբից ևեթ գիտեր, որ Ադրբեջանը մերժելու է այդ մոտեցումը։

«ԱԳՆ-ի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ հայելային հետքաշումը խախտում է մարդու իրավունքները։ Մանավանդ կան բոլոր հիմքերը, այդ թվում փաստաթղթեր ԽՍՀՄ ժամանակներից, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հեռանան հայկական գյուղերին անմիջապես կից տարածքներից։ Գործընթացը չի կարող իրականացվել մեր քաղաքացիների իրավունքների հաշվին»,- ընդգծել է Թաթոյանը՝ հիշեցնելով, որ քարտեզների մասին շատ է խոսվում, բայց կան տարբեր քարտեզներ, և միայն մեկ քարտեզով չէ, որ պետք է առաջնորդվել։ Համեմատելով հարաբերությունների կարգավորումը գետի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացրել է՝ ջրի մակերեսին կարող են լինել ապակու կտորներ, չարժե վատացնել առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը։

«Մեր քաղաքականությունը գնում է ոչ ճիշտ ճանապարհով։ Կատարվում են ընդհանուր հայտարարություններ, չնշելով մարդու իրավունքների խախտման փաստերը»,- նշել է օմբուդսմենը՝ փաստելով, որ որոշ հայտարարություններ, որ հնչել են Հայաստանից, լուրջ խնդիրներ են ստեղծել, դրանք լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունները։ «Միջազգային ատյաններում մեզ կասեն, ինձ հետ էլ է նման բան պատահել՝ դուք ինքներդ եք ընդունում, որ տարածքն ադրբեջանական է»,- կրկնել է օմբուդսմենը։ «Վերցրեք Շուռնուխ գյուղի իրավիճակը, որով անցնում է շփման գիծը։ Կարո՞ղ են արդյոք երեխաների իրավունքներն ապահովված լինել նման ռազմականացված գոտում։ Այնտեղ, որտեղ երեք երկրների ԶՈւ-երն են»,- եզրափակել է Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ