Последние новости

Եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է

Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն արևմտյան, հատկապես եվրոպական կառույցներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա, այդ անընդունելի լռությունը տարբեր ոլորտներում՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարում, արդար դատաքննություն, անձնական ազատություն, լրատվամիջոցների ազատություն, բռնաճնշումների պատճառներից մեկն է. «Այս ամենի մեջ նաև մեղքի և պատասխանատվության շատ կարևոր բաժնեմաս ունեն այս մարդիկ, ովքեր ՀՀ-ում ներկայացնում են Եվրոպական միությունը»։

Նա նշեց, որ իրենց հավաքի կարգախոսն է՝ «U are not EU»։

«Մենք չենք համարում մարդիկ, ովքեր ներկայացնում են Եվրոպական միությունը, իրականում ներկայացնում են եվրոպական արժեքները, այլ զբաղված են իշխանության փիարով»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Լռության պատճառները, ըստ Ռուբեն Մելիքյանի, տարբեր են։ Օրինակ, քաղաքական ոլորտում որոշակի ակնկալիքներ ունեն։ Միաժամանակ նա նշեց, որ, իր պատկերացմամբ, այս լռությունն առավելապես պայմանավորված է պատշաճ տեղեկատվություն չփոխանցելով եվրոպական երկրների մայրաքաղաքներ։

«Միության պատվիրակությունը, դեսպանը պատասախանատվություն են կրում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի համար։ Շատերը նաև ժողովրդավարության առաջընթացի մասին են խոսում։ Հերիք չէ խայտառակությունների մասին չեն խոսում, ժողովրդավարության առաջընթաց են գնահատում։ Մի բան, որը բացարձակապես անընդունելի է»,- ասաց Ռ.Մելիքյանը։

Նա նշեց, որ այս հավաիք նպատակն է ցույց տալ, որ չեն համակերպի այս վիճակի հետ։

Մելիքյանի կարծիքով, տիկին դեսպանի հետագա պաշտոնավարումը ՀՀ-ում քննարկման առարկա է, քանի որ ստեղծել է իրավիճակ, որ մարդիկ արդարացիորեն մեղադրում են Եվրոպային այն խայտառակությունների համար, որոնք կատարվում են մեր երկրում։

«Ժամանակին մեծ ու փոքր առիթներով հայտարարություններ էին տարածում, չէին լռում»,- նշեց իրավապաշտպանը։

«Անձամբ իմ համբերության բաժակը լցվել է, երբ ունեցանք չտեսնված մի բան՝ դատավորի կալանավորում, որը բավական զգայուն քաղաքական ենթատեքստ ունեցող գործով ազատ էր արձակել հերոսական անցյալ ունեցող հրամանատարին՝ Աշոտ Մինասյանին, որից անմիջապես հետո սկսվեց քրեական հետապնդում մի հոդվածով, որը ՀՀ պատմության մեջ երբևէ չէր կիրառվել։ Ես այլևս հայաստանյան իշխանություններին ասելիք չունեմ, այս ամենի մեջ մեծ մեղքի դեր ունի ԵՄ-ն, անձամբ տիկին դեսպանը», - հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ