Последние новости

Փետրվարի 14-ին կկայանա 44-օրյա պատերազմը հետաքննող հանձնաժողովի անդրանիկ նիստը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի անդրանիկ նիստը կկայանա փետրվարի 14-ին, և որի շրջանակում կհաստատվի հանձնաժողովի աշխատանքի կարգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են միայն ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

«Հանձնաժողովը կազմված է 11 պատգամավորներից, սակայն տվյալ պահին լիազորություններ ունի 10 անդամ, քանի որ պատգամավորներից մեկը համապատասխան գաղտնիության ռեժիմի թույլտվություն չի ստացել, դրա ստացումից հետո կներգրավվի հանձնաժողով կազմում։ Խոսքը Արթուր Ղազինյանի («Հայաստան» խմբակցության պատգամավոր - խմբ) մասին է։ Հուսով ենք՝ նա կդիմի համապատասխան մարմիններին՝ թույլտվություն ստանալու համար, և լիարժեք մասնակցություն կունենա հանձնաժողովի աշխատանքներին։ Թույլտվություն ստանալը կամ չստանալը խոչընդոտ չի հանդիսանա հանձնաժողով աշխատանքի համար։ Սակայն լավ կլիներ, եթե նա ստանար թույլտվությունը, քանի որ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Մենք բազմիցս փորձել ենք հասկանալ՝ ինչու Ղազինյանին ոչ մի կերպ չի հաջողվում ստանալ թույլտվությունը։ Հարցը քննարկվել է, և նրան կոչ են արել դիմել համապատասխան մարմիններին»,- նշեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքը հիմնականում գաղտնի բնույթ կկրի, և տեղեկատվության հիմնական մասը կլինի պետական և ծառայողական գաղտնիք։

Հարցին, թե ինչու է իշխանությունը որոշել հանձնաժողովի կազմում չներառել արտախորհրդարանական ուժերին, Խաչատրյանը պատասխանեց, որ իշխանությունը ոչինչ չի որոշել, քանի որ պաշտպանության և անվտանգությանն առնչվող քննիչ հանձնաժողովի աշխատանքն ամբողջությամբ կարգավորվում է սահմանադրական օրենքով։ 

«Մենք խստագույնս պահպանում ենք այդ նորմերը։ Ոչ ոք չի կարող ավելի շատ գործառույթներ ունենալ, քան քննիչ հանձնաժողովի անդամը։ Նույնիսկ այլ հանձնաժողովների անդամներ չեն կարող ներգրավվել որպես այդ հանձնաժողովի անդամներ»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, նրանց մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին տվյալ պահին քննարկվում է, սակայն դա չի նշանակում, որ նրանք կկատարեն այն լիազորությունները, որոնք կատարում է քննիչ հանձնաժողովը։

«Մասնակցության ձևաչափի հարցը կլուծվի այն բանից հետո, երբ հաստատվի աշխատանքի կարգը։ Դրանց մասնակցության մասով վարչապետը խոսել է (ասել է, որ հանձնաժողովի աշխատանքին արտախորհրդարանական ուժերը կմասնակցեն – խմբ), սակայն ներգրավման ձևաչափը դեռ մշակվում է»,- ասաց պատգամավորը։

Նա չհամաձայնեց, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը դառը փորձ է։

«Հանձնաժողովի աշխատանքը չի ենթադրում սենսացիա։ Նպատակը պատերազմի հանգամանքները պատշաճ կերպով ուսումնասիրելն է, լուսաբանելն ու փաստացի տվյալները վեր հանելը։ Հանրությանը կներկայացվի տեղեկատվության այն մասը, որը խնդիրներ չի առաջացնում պետական գաղտնիքի մասով։ Այդ ամենից կարող են օգտվել նաև իրավապահ մարմինները։ Գաղտնիք չէ, որ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, և հանձնաժողովի աշխատանքը հստակորեն կազդի դրանց վրա։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներում կարող են նոր քրեական գործեր հարուցվել։ 44-օրյա պատերազմը համընկավ այդ հանձնաժողովի աշխատանքի ավարտի հետ, ինչը երկրորդ պլան մղեց դրա արդյունքները»,- նշեց Խաչատրյանը։

Հանձնաժողովը կարող է ձևավորվել 6-ամսյա ժամեկտով, սակայն անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։ Հանձնաժողովի աշխատանքը կարող է տևել առավելագույնը մեկ տարի։

Պատգամավորը կարծում է, որ 6 ամսում աշխատանքի ահռելի ծավալն անհնար է կատարել, և այն կտևի մինչև մեկ տարի։

«Հանձնաժողովում կհրավիրվեն բոլոր խմբերի ներկայացուցիչները, բոլոր ռանգերի պաշտոնյաները։ Կարծում եմ՝ կհրավիրվեն նաև երկրի նախկին նախագահները և հրամանատարները։ Բոլոր նրանք, ովքեր անհրաժեշտ տեղեկատվություն կհայտնեն, կհրավիրվեն»,- պարզաբանեց նա։  

Հարցին, թե ինչու են հրավիրվում նախկին նախագահները, Խաչատրյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, անհրաժեշտ է պարզել պատերազմ սկսելու դրդապատճառները։

«Այդ մարդիկ տեղեկատվության ահռելի ծավալի կրողներ են, նրանց հայտնի են մի շարք հանգամանքներ»,- հայտարարեց նա։

Հարցին, թե արդյոք կհրավիրվեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, 44-օրյա պատերազմում Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, պատգամավորը պատասխանեց «Իհարկե, այո։ Կարծում եմ՝ կհրավիրվեն»։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման մասին իշխանությունը հայտնել է 2021 թվականի հուլիսին՝ հայտարարելով, որ դրա կազմում կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ