Последние новости

Հարիր չէ խոսել առանց փաստերի ու բովանդակային պարզաբանման. Թաթոյանի պատասխանը ԲԴԽ–ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Բարձրագույն դատական խորհրդի այն հայտարարությանը, թե Թաթոյանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:

Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխան տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:

«Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ պաշտպանի հայտարարությունը միակողմանի է կամ անհիմն: Իսկ եթե հարգարժան Բարձրագույն դատական խորհուրդը դա չի անելու կամ չունի վստահություն իր հայտարարությունների նկատմամբ, ապա պետք է միշտ հիշի, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երբեք չի խոսում առանց հիմքերի ու փաստերի»,–գրել է Թաթոյանը:

Պաշտպանը ընդգծել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարության բոլոր այն մասերը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են, ստուգված են ու հիմնված են փաստերի վրա: Մնացած մասերով պաշտպանը հատուկ է հղում արել քննության անհրաժեշտությանը:

«Բա այդ դեպքում ինչպե՞ս էր Բարձրագույն դատական խորհուրդը պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպան պետք է իրենից պարզաբանումներ պահանջեր, երբ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքով դա արգելված է: Բայց Բորիս Բախշիյանի գործով գլխավոր հարցն այլ տեղում է. այս գործը պարունակում է համակարգային վտանգներ»,–շեշտել է Թաթոյանը։

Նրա խոսքով`ստացվում է, որ մարդուն կալանքից ազատելիս կամ քրեական հետապնդման մարմնին զայրացնող գործողություն կատարելիս, դատավորը պետք է մտածի՝ արդյոք իր որոշման համար չի ենթարկվի քրեական հետապնդման ու չի զրկվի ազատությունից, իսկ ԲԴԽ-ն էլ ցածր իրավական շեմերով բավարարելու է քրեական հետապնդման մարմնի խնդրանքները:

Թաթոյանը նաև մտահոգիչ է համարել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի արձագանքը պաշտպանի` Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարությանը։ Վարդանյանը նշել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր լիազորությունները և պատասխանատվությունը:

«Կարծում ենք քաղաքական մղումներով ընկալումների փոխարեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին պետք է մտահոգեր այն, թե ինչպես կարելի է լուծել պաշտպանի հայտարարությունից բխող խնդիրները կամ քննարկել դրանց արմատները։

Ու, առհասարակ, բոլոր պաշտոնյաներին խստիվ պահանջ՝ չփորձել մարդու իրավունքների խախտումները թաքցնել քաղաքական շղարշով և շահարկել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն ու առավել ևս հեգնանքով մոտենալ մասնագիտական հարցերին։ Սա իրավական պետության քայքայման վառ օրինակ է»,–շեշտել է Թաթոյանը:

Ցանկացած պարագայում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկման վարույթը և պնդում է, որ տեղի է ունեցել նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքների կոպիտ ոտնահարում:

Ինչպես արդեն հայտնել էինք, Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մասին իր հայտարարությունն անելուց առաջ «հարկ չի համարել» ստանալ Խորհրդի դիրքորոշումը։

Թաթոյանի հրապարակած հայտարարության մեջ խնդրահարույց են մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուսումնասիրություններից հետո հայտնել էր, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դիտարկում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության և դատավորի ինքնուրույնության համար համակարգային վտանգների տեսանկյունից:

Նա արձանագրել էր, որ ԲԴԽ-ն Բորիս Բախշիյանին զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ