Последние новости

Պետությունը կխրախուսի Հայաստանում ապրել ու աշխատել ցանկացող գիտնականներին

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը նկատելի ավելացել է: Միայն 2022 թվականին 2021 թվականի համեմատ ֆինանսավորումն ավելացել է 83 տոկոսով: 2021 թվականին պետության ֆինանսավորումը կազմել է 13.7 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 25.1 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշեց, որ 2018, 2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է:

«Այսօր Հայաստանում գիտության ոլորտն ավելի գրավիչ է, քան երկու տարի առաջ էր: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև գիտական դրամաշնորհային մրցույթների թիվը, հետևաբար նաև գիտական խմբերի մասնակցությունն ավելի ակտիվ է դարձել: Ավելացել է նաև գիտական ծրագրերի իրականացման համար նախատեսված սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Այսինքն՝ հնարավորությունները մեծացել են, հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելացել է»,-ասաց Արթուր Մովսիսյանը:

Գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ նշված ուղղություններով ավելի մեծ առաջընթաց կապահովվի, սակայն երկարաժամկետ կտրվածքով հիմնական խնդիր է դրված ապահովել այնպիսի միջավայր, զարգացում, որ գիտությունն իր ներդրումն ունենա տնտեսության զարգացման գործում:

Գիտության կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր գիտական թեմատիկ ծրագրեր իրականացնել մի քանի ուղղություններով: Հնարավորություններ են ստեղծվելու, որ Հայաստանի մասնագետները գնան արտերկիր և սովորեն, վերապատրաստվեն լավագույն գիտական կազմակերպություններում, հաստատություններում: Հաջորդ ծրագրի շրջանակում աջակցություն կստանա Հայաստանում ստեղծված այն գիտական խումբը, որի ղեկավարը լինելու է արտասահմանից: Վերջինս պետք է կոնկրետ գիտական խնդիրներ դնի խմբի առաջ, մրցույթով ընտրի կադրերին, հետևի աշխատանքներին, տարվա մեջ մի քանի ամիս լինի Հայաստանում: Հաջորդ ծրագիրը վերաբնակեցման դրամաշնորհն է, որի շրջանակում կաշխատեն արտասահմանում գտնվող այն հայազգի կամ ոչ հայազգի գիտնականների հետ, որոնք ցանկություն ունեն ապրել և աշխատել Հայաստանում, գիտական խմբեր ձևավորել, լաբորատորիներ ստեղծել:

«Թե ինչ չափանիշներով կընտրվեն գիտնականները, դեռ կդժվարանամ ասել, սակայն կարող եմ հաստատել, որ այո, կապ է ունենալու այն հանգամանքը, թե գիտության որ ճյուղն են ներկայացնում: Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնել գիտության այն ուղղությունները, որոնք Հայաստանում կամ թույլ են զարգացած կամ չունենք, օրինակ, իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն»,-ասաց Արթուր Մովսիսյանը:  

Նախանշված ծրագրերով ակնկալվում է, որ գիտության ոլորտում կմեծանան համագործակցության հեռանկարները, կներգրավվեն նոր ուժեր, կձևավորվեն նոր կապեր: Արթուր Մովսիսյանն ընդգծեց, որ ոլորտում ունենք կադրերի լուրջ խնդիր: Կադրային առումով իրավիճակը գոհացնող չէ, որովհետև տարիների ընթացքում ոլորտում գիտնականների թիվը պակասել է: Գիտնականների միջին տարիքը բարձր է, իսկ ոլորտ մուտք գործող երիտասարդների թիվը՝ քիչ: Այս ամենը նպաստում է, որ պետությունը գնա կտրուկ քայլերի դրսից կադրեր ներգրավելու առումով: Խնդրի լուծման համար միայն ներքին ռեսուրսը բավարար չէ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ