Последние новости

10 օրից հետազոտություններ կսկսվեն երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում

Շուրջ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն գործիքային հետազություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ նախագիծ կմշակվի։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:

«Ընդ որում, այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները», - ասաց Թումանյանը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը մեկ ամիս առաջ վերականգնման աշխատանքների համար 10 անձից կազմված հատուկ խումբ ստեղծեց, որն էլ ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։

Թե հայկական կողմում, երբ կսկսվի շինարարությունը դեռ հայտնի չէ։ Վարչապետի խորհրդականի խոսքով՝ այդ աշխատանքները սկսելու համար Հայաստանի ու Ադբեջանի միջև ձեռք բերված պայամանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստթաթղով։

«Էսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով։ Երկկողմանի կամ երրորդ կողմն էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև էդ ենթակառուցվածքները պետք է միանան, միասին պետք է աշխատեն։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան», - ասաց աշխատանքային խմբի ղեկավարը։

Արտաշես Թումանյանը նախնական գնահատականներ ներկայացրեց. Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերակագնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Թե որքան կարժենան այս աշխատանքները, վարչապետի խորհրդականի խոսքով, Հայաստանի համար դեռ հստակ չէ։

«Դեռ դետալիզացիայի կարիք կա։ Ես տարբեր թվեր եմ տեսել տարբեր տեղեկանքների մեջ՝ 220, 250, 278 և այլն, նույնիսկ ավելին, բայց միայն դրանով չի ավարտվում, որովհետև կան նաև հարակից կառույցներ, օրինակ, մաքսակետեր։ Դա երկաթուղին չի, բայց էդ բոլոր ենթակառուցվածքները եթե չունենանք մենք, աշխատող ենթակառուցվածք չենք ունենա», - եզրափակեց Թումանյանը, տեղեկացնում է News.am։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր մոտ 200 միլիոն դոլարի մասին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ