Последние новости

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մտածել, թե ՀԱՊԿ-ը կարող էր ինչ-որ կերպ արձագանքել մեզ վրա հարձակմանը, միամտություն կլիներ

ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է մնալ, բայց հատուկ հույսեր չկապել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 


Ըստ նրա՝ ՀԱՊԿ թեման հունվարին ամենից հաճախակի քննարկվողն էր։ «ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա, մեռա՞ծ է, թե՞ մեռած չէ, և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա»,- նշեց Քոչարյանը։ Նա հիշեցրեց ՀԱՊԿ ստեղծման պատմությունը՝ ավելացնելով, որ լավ է տիրապետում դրա ստեղծման մոտիվացիոն հարցերին և աշխատանքի ուղղություններին, դրա 3 վեկտորներին և Ռուսաստանի կենտրոնական դերին ամբողջ երեք վեկտորների հարցում։

«Մենք ունենք սահման չորս երկրների հետ։ Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդ կարծում է, որ մենք սպառնալիք ունենք Վրաստանի կամ Իրանի կողմից։ Մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Ակնհայտ է, որ սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ կա ևս մեկ ուրիշ փաստ, որ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ բոլոր երկրները, Ռուսաստանից բացի, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային հարաբերություններ և այլն։ Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀԱՊԿ կենտրոնաասիական երկրները մեկ այլ՝ թյուրքական կազմակերպության մաս են կազմում։ Եվ անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ Հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն։ Ուղղակի դա բացառվում է։ Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Շատ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, և աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, և մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե՝ մնալ։ Առաջինը՝ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին։ Եվ երկրորդ՝ այդ կազմակերպության շրջանակում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնք կանոնակարգում են ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց հասկանալ, որ անվտանգության տեսանկյունից այստեղ հայտարարություններից բացի ոչինչ լինել չի կարող»։

«Շուշիի հռչակագիրը» ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում

Ձևացնել, թե մեր շուրջը ոչինչ չի կատարվում, պետական հանցագործություն է,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» մասին հարցին։

«Հռչակագրում խոսվում է Հարավային Կովկասում ոչ մեր օգտին ընթացող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ Այսպիսի արտահայտություն կա՝ «дырка от бублика», եթե այսպես գնա, դա ենք դառնալու։ Այս հռչակագիրն ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ձևավորումն Ադրբեջանի հետ»,- նշեց Քոչարյանը։

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությունները՝ Հայաստանի, սպառնալիքն անհաղթահարելի են համարում։ և միշտ այդպես են մտածել: Պարզապես, մի րոպեում իշխանության գալով, փորձեց ինչ-որ չափով թաքցնել այդ մոտեցումները, բայց իրականում, եթե նայենք նրանց քաղաքական թիմի կենսագրությանը և ավելի վաղ արտահայտած մտքերին, լիովին տեղավորվում է այս հայեցակարգի մեջ։ Դա փաստ է»,- ասաց նախկին նախագահը։

Հայաստանի ներկա իշխանություններին մարտունակ բանակը պետք չէ՞

Բանակը, փաստացի, ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի սահմանները և ապահովել նրա անվտանգությունը,- ՀՀ երկրորդ նախագահը։

Պատերազմից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, համարյա ոչինչ չի արվել մարտունակության վերականգնման և վերազինման ուղղությամբ։ Նա պարզաբանեց, որ անցած տարվա նոյեմբերյան իրադարձությունները Սիսիանում դրա վառ հաստատումն են։ «300-400 դոլարանոց լրտեսների հայտնաբերումը վկայում է Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Բանակի հաստատված բյուջեն հույս չի ներշնչում, թե մոտ ժամանակներս այսպիսի տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել»,- նշեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում բանակին։ «Այնպիսի տպավորություն է, որ մարտունակ բանակն այս իշխանություններին պետք չէ։ Բարձրացնելով դատախազների աշխատավարձերը՝ մոռանում են այն մասին, որ կան սպաներ, իսկ նրանց խրախուսելը և նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը Հայաստանի համար շատ ավելի կարևոր են»,- ընդգծեց նա։

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ այսօր հասարակությանն ամենից շատ հուզում են անվտանգության խնդիրները, և հենց այդ հարցերն են Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում։ «Երեք բաղադրիչ կա անվտանգության հարցում՝ սեփական Զինված ուժեր, առաջին հերթին՝ բանակ, երկրորդը Հայաստանի համար՝ ՀԱՊԿ, երրորդ՝ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Երրորդ դեպքում խոսքը երեք պայմանագրերի մասին է, որոնք կանոնակարգում են ռուսական ռազմակայանի և ընդհանուր առմամբ՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը»,- ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահը։

ՀՀ իշխանությունները չեն ցանկանում խոսել Ղարաբաղի թեմայով, որպեսզի իրենց հետ հույսեր չկապեն

Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Ղարաբաղի թեմայից, որպեսզի Հայաստանի և Ղարաբաղի հասարակություններն այս հարցով հույսեր չկապեն իրենց հետ,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչպես այն անեկդոտում է ասվում. եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ դա կաշխատի։ Մի երկու տարի չխոսալով՝ տպավորություն ստեղծվել, որ նրանք այդ հարցի հետ կապ չունեն։ Եթե հարցեր ունեք, քննարկեք ռուսների հետ, և դա արվում է գիտակցաբար»,- նշեց Քոչարյանը։

«Երբեմն ուզում եմ պատկերացնել առաջին փուլը՝ առաջին հանդիպումը սեղանի շուրջ՝ բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Ի՞նչ թեմա է քննարկելու Հայաստանի պատվիրակությունը: Ո՞վ կարող է դա ինձ բացատրել։ Ադրբեջանական կողմը դնելու է հայ պատգամավորների ելույթների ձայնագրությունը և ասելու է, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձայնագրությունը, որ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբեք՝ նույնիսկ 2016 թվականից ի վեր, տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս և նույնիսկ կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ բանակցություններին։ Առաջին հանդիպմանը, երբ Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցում էր Հռոմում, ես մասնակցում էի այդ բանակցություններին։ Մեծ անհանգստությամբ եմ սպասում բանակցություններին: Ես նույնիսկ մտածում եմ՝ արդյոք հիմա դրանք պետք են, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում։ Պետք է գնաս և ընդունես, որ բանակցություններ են վարվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ թվում՝ Ղարաբաղի և Ղարաբաղի հայկականության հարցը սեղանի վրա է լինելու։ Նրանք պարզապես կխոսեն համայնքների մասին։ Այս վիճակի մեջ մենք ենք մեզ գցել՝ մեղադրանքներից արդարանալու նպատակով և այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը:

Անհրաժեշտ է սառը հաշվարկը Միութենական պետության հարցում

Ես լավ եմ ճանաչում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին։ Կարելի է նրան սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, սակայն նա միշտ ասում է այն, ինչ մտածում է,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին, որի վերաբերյալ վերջերս կարծիք էր հայտնել Լուկաշենկոն։

Քոչարյանի խոսքով՝ պետության ղեկավարը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնի իր մտքերը։ «Անձամբ ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, գործող իշխանության արձագանքի մասին է։ Այն, ինչ ասել է Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ալիևը, որին զրո արձագանք է եղել Հայաստանում։ Իհարկե, նա չպետք է նման տոնով խոսեր։ Անկասկած, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել։ Սակայն մենք պետք է իմանանք, որ նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է։ Բոլորը մտածում են՝ «ո՞ւր են նրանք գնալու»։ Ահա այս ձևակերպման հետ գործ ունենք։ Եվ այսօր գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի արմատավորվի հենց այս մտածելակերպը»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ գործող իշխանությունը ոչինչ չի անում այս վերաբերմունքը փոխելու համար։

Խոսելով Միութենական պետության մասին՝ Քոչարյանը նշեց բավական հաջող ինտեգրացիոն միավորումներ, որոնց շատ երկրներ ցանկանում են միանալ։ Այդ թվում է Եվրամիությունը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունն այսօր ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խիստ զիջում է Եվրամիությանը։ «Ըստ իս, ապրիորի, չպետք է վախենալ նման ինտեգրացիոն գործընթացներից։ Պարզապես պետք է նստել և հաշվարկել՝ ինչ կստանանք դրանից և ինչ ստիպված կլինենք զիջել։ Պետք է սառը հաշվարկ անել։ Նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Ամեն դեպքում, իմ նախագահության օրոք այս հարցը չի քննարկվել։ Ի դեպ, մենք նույնպես նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Մենք չէինք կարծում, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է»,- նկատեց Քոչարյանը։

Նախկին նախագահը կարծում է, որ այս գործընթացներին պետք է ծայրահեղ պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերել։ Նա համոզված է, որ համապատասխան երկխոսություն հաստատելու համար պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ «Չկա որևէ այլ երկիր, որը շահագրգիռ կլինի մեզ կրկին վերածել տարածաշրջանային գործոնի»,- վստահեցրեց նախկին նախագահը։

Թուրքիայի հետ սահմանը բացելիս՝ անհրաժեշտ է ապահովել հայկական շուկայի պաշտպանության ծրագիրը

Ես երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Սակայն, նրա խոսքով, հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա բնական ընթացակարգով՝ նոտաների փոխանակում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում, հետո սկսվում է քննարկումը, թե ինչպես հաղթահարել երկու երկրների միջև խոչընդոտները։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ համար հասկանալի չէ։ Ըստ էության, ձևաչափը, որը ես այսօր տեսնում եմ, բանակցություններ չեն Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որտեղ օրակարգը ձևավորում է Ադրբեջանը, այն հնչեցնելու է Թուրքիան։ Սա լավ տեղ մեզ չի տանելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար»,- նշեց Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ սահմանների բացման հետ կապված վտանգը մեծ է։ Ապրանքների, արտադրությունների և ոլորտների մի ամբողջ շարքի համար, հայկական շուկային որոշակի շոկ է սպասվում առաջիկա 3-5 տարիներին։ Այդ փորձը կա Բուլղարիայում։ «Ես ոչ մի գնահատական և հաշվարկ չեմ լսել սահմանների բացման հետևանքների մասին և թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Նախարարությունը, որը պետք է աներ դա, անվանել են հույսի նախարարություն, այն լուրջ չի ընկալվում։ Մենք լրջագույն սպառնալիքի առջև ենք, իսկ գնահատական չկա։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց։ Ես մտածել եմ այդ մասին, եզրակացությունն այն է, որ լավ մասնագետը գիտի իր գինը ու չի պատրաստվում «ուսապարկ» դառնալ։ Նա գնահատում է սեփական արժանապատվությունը։ Դրա համար հավաքում են մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել տուզիկների պես և սեփական կարծիք չունեն»,- շարունակեց նախկին նախագահը։

Խոսելով «շահ խոստացող» բաց հաղորդակցությունների մասին՝ Քոչարյանը նշեց, որ բանակցություններն օգուտների մասին անհեթեթ են։ Նա հիշեցրեց, որ Երևանից մինչև Ռուսաստանի սահման 400 կիլոմետր է։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը և առհասարակ տնտեսությունն աշխարհում այնպիսին է, որ բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ֆուռերով, իսկ Հայաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է. «Բան չի փոխվելու։ Եթե իրանական բեռնափոխադրումները Նախիջևանով գան, ապա Սյունիքով չեն գալու։ Եթե բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի երկաթուղով, ճանապարհը կրկնակի ավելի է լինելու։ Դա էլ ավելի կհեռացնի մեզ սպառման մեր շուկաներից՝ Կրասնոդարի երկրամաս և Մոսկվա։ Այդ մարդիկ քարտեզին չեն նայո՞ւմ։ Թե՞ քարտեզները նույնպես ատում են որպես արհեստավարժների գործիք»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկաթուղու օգտագործումը ենթադրում է լրացուցիչ ջանքեր։ «Այսինքն՝ մենք ոչ միայն չենք շահի, այլև կկորցնենք։ Ես չեմ ասում, թե չպետք է գնալ սահմանների բացման, բայց պետք է 3-5 տարվա ծրագիր, որպեսզի պաշտպանենք շուկան։ Սուբսիդիաները կամ թուրքական ապրանքների հարկերը, տարբեր մոդելներ կան»։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ երկիրն ի վիճակի է մասնագետներ ներգրավել, Հայաստանում կան նման մասնագետներ։ «Իմ խնդրանքն է՝ չդիտարկել երկրի ինտելեկտուալ կարողությունները կառավարող ուժի համատեքստում»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունում նրա եղած ժամանակ իր համար ավելի հեշտ էր խոսել Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, քանի որ այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, և սահմանը փակել է Թուրքիան։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը նշեց, որ փակ սահմանն ինչ-որ չափով պաշտպանում էր ձևավորվող հայկական շուկան։ Բայց այն ժամանակ մենք էինք թելադրում օրակարգը, և Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահները չէին կարող մեզ ինչ-որ բան ասել, իսկ մենք էլ լռեինք էլի մի երկու պոստ կորցնելու վախից։ Կոպիտ ասած՝ կառչել են մի ինչ-որ բանից և կարող են պոկել։ Կոպիտ, բայց անկեղծ»,- նշեց Քոչարյանը։

«Սահմանը պետք է բացել, բայց պետք է պաշտպանել գյուղացիներին»,- ընդգծեց նա՝ թվարկելով թաքնված սպառնալիքները՝ ջերմոցային տնտեսություններից մինչև սերմացուի ֆոնդը։ Որպես օրինակ նա ներկայացրեց այն իրավիճակը, երբ 90-ականներին նրան հաջողվեց լուծել երկիրը հավի ձվով ապահովելու խնդիրը։

«Սահմանների բացման հարցում մենք չպետք է հանդես գանք խնդրողի դերում։ Սահմանի բացումը բնական է։ Անբնական է, որ մեկ տարի առաջ մեզ վրա գրոհեցին «Բայրաքթարներով»։ Եվ ես համոզված եմ, որ օպերատորները թուրքեր չէին։ Սա պետք է հիշել»,- ընդգծեց Քոչարյանը։

Չեմ տեսնում առանց հայկական կողմի համար կորուստների զորքերի հայելային դուրսբերման կիրառում

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման մասին ՀՀ իշխանության առաջարկից տպավորություն է ստեղծվում, որ նրանք չգիտեն՝ ինչպես է անցնում սահմանը, և ինչ բնակավայրեր կան այնտեղ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը ենթադրեց, որ միգուցե իշխանությունն ավելի մանրակրկիտ ծրագիր ունի, սակայն չի հրապարակում։ «Բայց հարց է առաջանում՝ կա՞ արդյոք ծրագիր, թե՞ նրանք դա առաջարկում են՝ ակտիվություն ցուցաբերելու համար։ Ներքին լսարանի համա՞ր է, թե՞ իսկապես իրավիճակի լուծում է»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ինքը զորքերի հայելային դուրսբերման առաջարկ ստացել է 1993 թ ռազմական գործողությունների ժամանակ։ «Սա ստանդարտ առաջարկ է։ Բայց հիմա չեմ տեսնում, որ այն առանց կորուստների կիրառվում է»,- ասաց Քոչարյանը։

Պատերազմն ի հայտ բերեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա ազդող որոշ գործոններ

Ռուսաստանը միակ գործոնն ու երաշխիքն է անվտանգության ոլորտում, որը գործում է Հայաստանում, սա գործող հանգամանք է, բայց 44-օրյա պատերազմը նրա հարաբերությունների վրա ազդող որոշ խնդիրներ ու գործոններ ի հայտ բերեց,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Առաջին խնդիրը, ըստ նրա, Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է, որը ցույց տվեց միջամտության և աջակցության լիմիտները։ Նա նշեց, որ մինչև հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ փակվեց Վրաստանի օդային տարածքը ռազմական բեռնափոխադրումների համար։ «Մեր իշխանությունները հաշվարկել էին, որ այդ տարածքը կարող է փակվել, թե՞ ոչ։ Թե՞ նրանց համար էլ էր անսպասելի։ Չկա նաև պատասխան հարցին, թե ինչո՛ւ պատերազմի առաջին երկու շաբաթներին փակվեց նաև Իրանի օդային տարածքը։ Այս երկու գործոնները լուրջ ազդեցություն ունեցան պատերազմի ելքի վրա։ Դա նույնպես փաստ է։ Եթե ​​մենք չէինք հաշվարկել, ապա կարող է մեկ մեղադրանք առաջադրվել, բայց եթե հաշվարկել էինք, բայց, այնուամենայնիվ, 2020 թվականի ամռանը գնացինք Տավուշում կոնֆլիկտի սանձազերծմանը, դա կարող է բարձրացնել այս իշխանություններին հերթական մեղադրանք առաջադրելու հարցը»,- ընդգծեց Քոչարյանը։

Որպես երկրորդ խնդիր՝ նա նշեց Ռուսաստանի՝ որպես միջնորդի կարգավիճակը ղարաբաղյան հակամարտությունում, ինչը զգալիորեն սահմանափակում է գործողությունների ազատությունը։ «Երրորդ խնդիրը Հարավային Կովկասում Թուրքիայի դերի զգալի աճն է։ Եթե ​​այս երեք բաղադրիչներն էլ նույն համատեքստում դիտարկել, ապա պատկերը չափազանց տխուր է։ Ես չեմ տեսնում որևէ լուրջ քայլ, որը կարող է փոխել իրավիճակը և չեզոքացնել այդ մարտահրավերները»,- հավելեց երկրորդ նախագահը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է զրոյից նոր ռազմարդյունաբերական համալիր ստեղծի, հակառակ դեպքում կկանգնի նույն խնդիրների առջև, բայց Երևանն ինքնուրույն դա անել ի վիճակի չէ, պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստ նման ծավալի աջակցություն և Հայաստանի հետ համագործակցություն տրամադրել։ Նա վստահ է, որ դա հնարավոր է, սակայն կասկած հայտնեց, որ նման ազդակներ ու խնդրանքներ հայկական կողմից կան։ «և կրկին պետք է հասկանալ՝ մենք ապագայում կկանգնենք ամբողջական օդային շրջափակման առաջ, թե՞ սա ընդամենը դրվագ է, որը մենք կարողանում ենք շտկել։ Խոսքը Վրաստանի օդային տարածքի մասին է։ Իմ ժամանակ նման խնդիրներ չեն եղել, և ես չէի պատկերացնում, որ մենք կարող ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները նման վիճակի հասցնել»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այլ ճանապարհ ևս ունի՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքները որպես անհաղթահարելի գործոն, ենթարկվել այդ սպառնալիքին, գնալ Հայաստանի ծրագրված աջարացման ճանապարհով։ «Թուրքիան կդադարի մեզ որպես իր ծրագրերին խոչընդոտ համարել միայն այն դեպքում, եթե դա տոտալ ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Դա նշանակում է, որ այն պետք է առաջատար դեր խաղա մեր տնտեսության մեջ, լիիրավ ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական էլիտայի վրա։ Դա հնարավոր է, եթե ռուսական ազդեցությունը սկսի փոխարինվել թուրքականով։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել Ղարաբաղից։ Դա այն նախապայմաններից մեկն է, որի դեպքում Հայաստանի համար նման այլընտրանքը կարող է գործել։ Այս քաղաքականությունը կունենա Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ Ռուսաստանի հետ առճակատումը հուշում է, որ այդ կերպ Մոսկվայի ազդեցությունը կարելի է հեռացնել և հասցնել մինչև Կովկասյան լեռներ»,- ասաց նա։

ՀՀ Երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանը երկրորդ տարբերակով է գնում: «Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասում ուժեղ դաշնակից ունենալը, ինչպիսին մենք էինք վերջին պատերազմից առաջ։ Թուրքիային ձեռնտու է ծայրահեղ թույլ Հայաստան ունենալը, քանի որ միայն այդ դեպքում այն ​​խոչընդոտ չի դառնա իր ծրագրերի իրականացմանը։ Հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ պատրաստ չեն այդ տարբերակին։ Բայց Վրաստանի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես են 5-10 տարվա ընթացքում փոխել մարդկանց տրամադրությունները և արմատավորել հակառուսական քարոզչությունը։ Այստեղ խոսքն այն մասին չէ՝ մենք Ռուսաստանին հավատարիմ ենք, թե ոչ: Երբ խոսոքը պետական ​​շահերի մասին,է, պետք է սթափ գնահատել, թե ինչ ես ստանում այդ և մյուս դեպքում, թե որ տարբերակն ավելի ուժեղ, կազմակերպված Հայաստանի կբերի, որը գործոն կլինի տարածաշրջանում»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

Չեմ պատկերացնում խաղաղության պայմանագիր առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման

Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Իմ տեղեկություններով՝ նախ Ադրբեջանը սահմանազատում էր պահանջում, ապա՝ խաղաղության պայմանագիր։ Այժմ իրավիճակը փոխվել է, և Ադրբեջանը ձգտում է հասնել համաձայնագրի ստորագրմանը։ Ես չեմ պատկերացնում նման համաձայնագիր երկու երկրների միջև առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա պարզապես անհնար է։ Չեմ կարծում, որ մեր նպատակներին հասնելու համար կա բավարար բանակցային ռեսուրս»,- նշեց երկրորդ նախագահը։

Նրա կարծիքով՝ իրեն չվտանգելու համար հայկական կողմը կփորձի հետաձգել գործընթացը։ «Ճիշտ կլիներ, որ բանակն ու սահմանները զուգահեռաբար ուժեղացվեին, բայց ոչինչ չի արվում։ Եթե ​​գնան հետաձգելու ճանապարհով, դա կնշանակի մի բան՝ հնարավորինս հետաձգել անցանկալի զարգացումը»,- ընդգծեց Քոչարյանը։

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք պետք է հաղթահարի

Ներկայիս իշխանության համար չկա այնպիսի օրակարգ, ինչպիսին անդամակցությունն է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը: Նրանց համար, հավանաբար, չկա նաև Հայաստանը հզորացնելու օրակարգ, չկա հայ ժողովրդի ազգային շահերն առաջ տանելու օրակարգ,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով Միութենական պետությանն անդամակցելու դեպքում առավելությունների մասին հարցին։

Նախկին նախագահի խոսքով՝ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք պետք է հաղթահարի։ «Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև, որոնքև ձևավորում են այսօրվա օրակարգը։ և Հայաստանը պետք է լուծումներ գտնի։ Բայց այդ որոշումները կապված են այն ուղիների հետ, որոնք մենք պետք է ընտրենք։ Եթե դու ուզում ես գործոն դառնալ այս տարածաշրջանում, եթե ցանկանում ես վերականգնել նախկին դիրքը, ապա պետք է լուծումներ գտնես։ Լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետությանը միանալը։ Այո, գուցե: Բայց այսօր դա այդպես չէ։ Այդ գործընթացի նախաձեռնողը պետք է դառնան Հայաստանի գործող իշխանությունները»,- պարզաբանեց Քոչարյանը։

Դրա համար, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն իրենց տեսլականը, իրենց պայմանները։ Սակայն, ըստ նրա, իրենց ավելի հարմար է լռել և որևէ կոնցեպտ չներկայացնել։

Ռուսաստանը գործում է սկզբունքով՝ եթե չկարողանանք միջամտել, ապա կդառնանք գործընթացի մասնակից

Արտաքին քաղաքականության մեջ կա երկու գործիք՝ եթե չկարողանանք միջամտել, ապա կդառնանք գործընթացի մասնակից։ Ռուսաստանը սթափ գնահատում է լիմիտները, որոնք ի հայտ են եկել պատերազմի ընթացքում,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, ապա ինչո՞ւ է միջնորդում և՛ ապաշրջափակման, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ վերջնական շտկում չի կատարել տարածաշրջանում իր դիրքորոշման մեջ։ Միաժամանակ, նա կարծում է, որ Թուրքիան Արևմուտքի հետ հարաբերություններում իրեն բավական անկախ է պահում։ «Այն պահից սկսած, երբ նրանք հասկացան, որ չեն դառնալու ԵՄ անդամ, կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը և կենտրոնացան իրենց շուրջն ազդեցությունն ամրապնդելու վրա։ Թուրքիան և Ռուսաստանն այդ հարցում ընդհանուր շահեր ունեն»,- նշեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում եղել և մնում են մրցակիցներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե դա ինչ դրսևորում կունենա։ «Այսօր նրանց հաջողվում է հարթել հակասությունները և ձևավորել հարաբերությունների մոդել»,- հավելեց նա։

«Հայաստան» դաշինքը ակտիվացման համար սպասում է քաղաքացիների աջակցությանը

Պետք է լինի բավարար զանգված, որը դուրս կգա փողոց ոչ թե որևէ մեկին իշխանության բերելու, այլ այս իշխանությանը հեռացնելու համար,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Մենք պետք է իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե որքանով է իրավիճակը հասունացել։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է դրան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է և շեշտակի գերազանցում է նրանց ակտիվ աջակցող զանգվածին։ Մեզնից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է։ Իմ գնահատակով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան և կհեռանան՝ ասելով, որ մենք ձախողում ենք ամեն ինչ։ Պետք է բավարար զանգված, որը դուրս կգա փողոց և դա չպետք է լինի իմ մասին կամ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին»,- ասաց երկրորդ նախագահը։

Իր դեմ դատավարության մասին. Աբսուրդ, կլոունադա

Պարզապես մի կին ցուցմունք է տվել, և դա հիմք է հանդիսացել քրեական գործի և մեղադրանքի համար,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր դեմ դատավարության և կաշառք վերցնելու մեղադրանքներին վերաբերող հարցին։

Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստ է ձերբակալվել, նախագահը նշեց, որ եթե պատրաստ չլիներ, այստեղ չէր լինի։ «Իհարկե պատրաստ եմ։ Բայց օգտվեմ առիթից՝ մեղադրանքի բովանդակության մասին խոսելու համար։ Երեկ փաստաբաններն ասում էին, որ չեն հասկանում մեղադրանքի էությունը։ Եթե ​​չենք հասկանում, ապա բացատրել էլ չենք կարող: Ես իսկապես չեմ հասկանում։ Երբ ինձ մեղադրանք առաջադրեցին սահմանադրական կարգի տապալման համար, անմիջապես կալանք դրեցին իմ ունեցվածքի և հաշիվների վրա, թեև իրավունք չունեին, քանի որ հոդվածը գույքային պատասխանատվություն չէր ենթադրում»,- հիշեցրես Քոչարյանը՝ հավելելով, որ նաև ապօրինի խախտվել է բանկային գաղտնիքը։ «Քննչական մարմիններից մեկն ասում է, որ օպերատիվորեն դադարեցրել է շարժը հաշիվներին։ Դու պետություն ես, թե՞ ինչ։ Տեղի ունեցողը տեղավորվում է քրեական պատասխանատվության մեջ, կգա ժամանակը և դա տեղի կունենա»,- խոստացավ Քոչարյանը։

«Վերջին պահին մեղադրանք ավելացվեց գույքային կալանքն օրինականացնելու համար։ Հարցի էությունն ինչի՞ մեջ է: Սա ամենահետաքրքիրն է։ Սիլվա Համբարձումյան անունով մի կին, ում մինչ այդ դեպքը չեմ ճանաչել և չէի կասկածում նրա գոյության մասին մինչ այս քրեական գործը։ Նա ինչ-որ լիցենզիա ուներ հանքերի հետազոտման համար: Նա ուզում էր այդ լիցենզիաները վերավաճառել ինչ-որ մեկին և, մի ցուցմունքի համաձայն, նա կաշառք է տվել, մյուսի համաձայն, ցանկացել է շնորհակալություն հայտնել, և կաշառք է տվել ինձ և Սերժ Սարգսյանին։ Այն ժամանակ լիցենզիա վերավաճառելու համար օրենքով թույլտվություն չէր պահանջվում: Ասում է՝ գումարն առաջարկել է, որ իրեն չխանգարեն։ Հարցին՝ քեզ խանգարել են, թե՞ ոչ, ասում է՝ ոչ։ Բայց մտածել է, որ իրեն կարող են խոչընդոտել, և չխոչընդոտելու համար փող է առաջարկել։ Ուղղակի աբսուրդ։ Իսկ մեղադրական եզրակացության մեջ ոչինչ չկա։ Պարզապես մի կին ցուցմունք է տվել, և դա հիմք է հանդիսացել քրեական գործի և մեղադրանքի համար։ Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչու, ինչ եմ արել, ինչը չպետք է անեի և հակառակը։ Եվ հատկապես նախագահը՝ 2007-8թթ.-ին, այս հարցում իրավասություն չուներ»,- պարզաբանեց Քոչարյանը՝ հավելելով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ինքը նույնիսկ կառավարության շենք չի մտել։

«Երբ ես դատարանում խնդրեցի պարզաբանել, թե ինչ լիազորությունների մասին է խոսքը, ոչ դատավորը, ոչ դատախազը չկարողացան պատասխանել։ Նրանք իրենք են խոստովանում, որ դա աբսուրդ է, կլոունադա»,- գնահատական տվեց Քոչարյանը։ Հարցին՝ կարո՞ղ է արդյոք դատավճիռ լինել դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված այս իրավիճակում, Քոչարյանը պատասխանեց. «Այո, կարող են։ Եթե ​​դատավոր Բախշիյանին կալանավորեին... չնայած չեմ կարծում, որ հիմարությունն այդպիսի չափերի կհասնի։ Բոլորը կտեսնեն, թե ինչ աբսուրդ է։ Համբարձումյանն ասում է, որ Օսկանյանի միջոցով է առաջարկել. Օսկանյանն ասում է, որ գումարի փոխանցման հարց ոչ մեկի հետ չի քննարկել. Համբարձումյանն ասում է, թե իբր Մայրապետյանի միջոցով է փոխանցել, Մայրապետյանն ասում է, որ դա աբսուրդ է և երբեք այդպիսի բան չի արել։ Եթե ​​նման մեղադրանքով կարելի է կալանավորել, կալանավորեք, կտեսնենք»,- ասաց Քոչարյանը։

Արևմտյան կառույցների մոտ միշտ եղել են երկակի ստանդարտներ

Արևմտյան կառույցների մոտ միշտ եղել են երկակի ստանդարտներ,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով իր նկատմամբ դատավարության և կաշառք վերցնելու մեղադրանքի մասին հարցին։

«Ես դա նկատել եմ իմ նախագահության 10 տարիների ընթացքում։ Բայց կա մի շեմ, որը նրանք չեն անցել։ Հիմա աշխարհքաղաքական սուր իրավիճակում իմ տպավորությունն այնպիսին է, որ երկակի ստանդարտների սահմանը վերացել է։ Սա է պատճառը, որ եվրոպական կառույցները և ԱՄՆ-ն աչք են փակում Հայաստանում դատական ​​համակարգում և մարդու իրավունքների ոլորտում կատարվող բեսպրեդելի վրա»,- հայտարարեց Քոչարյանը։

«Խնդիրը կա, մենք փորձում ենք այդ մասին խոսել, բայց՝ ապարդյուն։ Մեզ հետ համաձայնում են, սակայն հետո ամեն ինչ մնում է անհետևանք»,- ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ իր խողովակներով փորձել է պարզել, թե ինչ է կատարվում։ Մարդիկ, ովքեր շփվում են մոնիթորինգային խմբերում ներգրավվածների հետ, ռուսերեն կամ անգլերեն ասում են մոտավոր հետևյալը՝ «Ռոբերտ, հարգելիս, սա աշխարհքաղաքականություն է»։ Անձնական շփումների մակարդակում, ինչպես ֆիլմերում, ասում են՝ «ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի առաջին դեմքն ակնհայտորեն ունի բռնապետության հակում։ «Եվ ամեն քայլով խրվում ենք բռնապետության գործընթացում»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով ոչ միայն ընդդիմության, այլ նաև ժողովրդի դերը։ Քոչարյանը նշեց, որ իր համար ընդդիմության գործունեությունը առաքելություն է։ «Այո, մենք պետք է ընդդիմանանք և ստիպենք արևմտյան կազմակերպություններին բացել աչքերն ու ականջները, հետևենք Հայաստանում զարգացող տրամադրություններին։ Կարծում եմ՝ շարունակություն կլինի»,- ասաց Քոչարյանը։

Ղարաբաղի հարցում մենք կարող ենք բախվել լրջագույն խնդիրների

Ղարաբաղի հարցում եթե այսպես շարունակվի, ապա մենք կբախվենք լրջագույն խնդիրների, մենք ամեն օր կորցնում ենք որոշակի հնարավորություններ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա, եթե Հայաստանի իշխանություններն ամեն անգամ այսպիսի ռումբեր կամ նռնակներ դնեն բանակցային գործընթացի տակ, ապա հայկական կողմը ոչնչի չի հասնի, այլ ընդամենը կամրագրենք փաստացի իրավիճակը։

Նա նշեց, որ Ղարաբաղն այսօր պետք է շատ լուրջ դերակատարություն ունենա նաև Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ պահանջելով և ստիպելով, որպեսզի Հայաստանի իշխանությունները ուղղակի բացատրեն, թե ինչ են անում և ուր են տանում։ «Իմ տպավորութունն այնպիսին է, որ բոլոր կողմերը, զգայուն թեմա է, ծանր թեմա է, և չեն ուզում այս հարցը քննարկել։ Հայաստանը խուսափում է այդ հարցի շուրջ խոսել։ Ղարաբաղի իշխանությունները, իմ տպավորությունն է այդպիսին, չեն ուզում այս թեման սրել, որպեսզի չփչացնեն հարաբերությունները, քանի որ կախված են փախստականների համար շինարարության ֆինանսավորման և մի շարք այլ հանգամանքներից»,- ավելացրեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Ղարաբաղը պետք է ասի, թե ինչ հեռանկար է ուզում տեսնել առաջիկա 5-10 տարիներին։ «Հիմա այնտեղ փորձում են գտնել մոդելներ իրենց մտահոգությունն արտահայտելու համար։ Օկուպացված տարածքների մասին օրենքը լավ նշան է, և պետք է ավելի մեծ վճռականություն ու համարձակություն ցուցաբերել այն մասով, որպեսզի Հայաստանի առջև խնդիրներ դրվեն։ Հարցը անձնական հարաբերությունները չեն, սա ապագայի հարց է։ Որևէ մեկը գիտի՞ ով կլինի երեք տարի հետո, երբ ավարտվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը։ Հայաստանի իշխանություններն այդ մասին չգիտեն և չեն ուզում քննարկել։ Խուսափում են այդ հարցի քննարկումից»,- պարզաբանեց նա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական հիմքերը Ռոբերտ Քոչարյանն անխոցելի է համարում։ «Ղարաբաղը պարզապես պետք է դե-ֆակտո պահվեր, պահվեր բանակով, պատերազմ չվարվեր, չպարտվեր պատերազմում, և պետք էր տնտեսապես հզորացնել Ղարաբաղը։ Ղարաբաղի փաստացի ճանաչումը ժամանակի հարց էր։ Նման հակամարտություններն արագ չեն լուծվում։ Եթե մենք թեկուզ 10 օր չնահանջեինք, իսկ մենք նահանջում էինք ամեն օր, պատերազմը կդադարեր, և սկտեղծվեր հնարավորություն ճանաչման գործընթացի համար»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

Ռուսաստանի և Ուկրաինայի բախումը մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Ռուսաստանի և Ուկրաինայի բախումը մեզ համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա խոսքով՝ նման ռիսկեր կան՝ հաշվի առնելով այն, որ երկու կողմից 100-150 հազարանոց զորք է կուտակվել։ Նա պարզաբանեց, որ նույնիսկ սահմանին ապաէսկալացիայի դեպքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը կպահպանվի։ «Մեզ համար խնդիրն այն է, որ զրոյանում են կոմպլեմենտար քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Իմ նախագահության օրոք նման խնդիր չկար։ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այսօր առկա ռիսկերը չեզոքացնելու համար։ Մենք կանգնած ենք մի նոր իրականության առաջ, որը մեզ պարտավորեցնում է կողմնորոշվել որոշ հարցերում։ Մեջտեղում մնալը խնդրահարույց կլինի»,- խոստովանեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ այս ամենը հայկական դիվանագիտության վարպետություն է պահանջում։ «Բայց գրեթե բոլոր մասնագետներին փոխարինում են մարդկանցով, որոնք դեսապանատները վերածում են տրենաժորի՝ ինչ-որ բան սովորելու համար։ Սա անընդունելի է»,- հավելեց նա։

Չի բացառվում մանդատները վայր դնենք

Ռոբերտ Քոչարյանը չբացառեց մանդատները վայր դնելու հնարավորությունը։

Մեկնաբանելով վերջին խորհրդարանական ընտրություններն իրենց մասնակցությամբ լեգիտիմացնելու մեջ մեղադրանքները՝ Քոչարյանը հիշեցրեց, որ դրանց մասնակցել է 25 կուսակցություն և դաշինք։ «Եթե լիներ 24՝ հանած «Հայաստան» դաշինքը, այդ ընտրությունները ոչ լեգիտիմ կճանաչվեի՞ն։ Իհարկե՝ ոչ: Եվ ավելի հավանական է, որ խորհրդարանում լիներ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունների սատելիտները։ Այդ մեղադրանքը հիմքեր չունի, և ես դա նույնիսկ մեղադրանք չեմ համարում, այլ՝ ինձ կամ «Հայաստան» դաշինքին վարկաբեկելու փորձ։ Եթե ​​դու ամենամեծ ընդդիմադիր ուժն ես, պատրաստ եղիր դառնալ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության թիրախը։ Ես հանգիստ եմ նայում նման մեղադրանքներին»,- ասաց Քոչարյանը։

Մանդատները վայր դնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան երկրորդ նախագահը հայտարարեց, որ մանդատներից հրաժարվելը ճգնաժամի չի ​​հանգեցնի, որն էլ նոր ընտրությունների կբերի, խորհրդարանը կշարունակի աշխատել ավելի նեղ կազմով։

«Ես դա քննարկել եմ իրավաբանների հետ։ Այստեղ երկու տարբերակ կա. մենք չենք վերցնում մանդատները, ճգնաժամ ու նոր ընտրություններ: և այնտեղ իշխանությունները կհավաքեն նույն ձայները։ Ոչինչ չի փոխվում։ Այսինքն՝ պետք է այդպիսի ճգնաժամ ստեղծել այն ժամանակ, երբ մենք վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքներն այլ կլինեն։ Երբ արդյունավետության տեսանկյունից կօգնի ինչ-որ բանի հասնել»,- նշեց Քոչարյանը։ Միաժամանակ նա չբացառեց, որ ակտիվ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ նման հարց կառաջանա։ Եվ նա չբացառեց, որ «Հայաստան» դաշինքը կգնա այդպիսի քայլի։ «Բայց դա ավտոմատ ընտրությունների չի հանգեցնի։ Կարող է գործընթացին նոր էներգետիկա հաղորդել: Դա կարող է խթանել, և հարցը հանված չէ մեր մտադրություններից»,- նշեց Քոչարյանը։

Հարցին՝ արդյո՞ք թիմում բոլորը կհրաժարվեն մանդատներից, Քոչարյանը պատասխանեց. «Իմ տպավորությամբ՝ այո։ Հատկապես եթե իրավիճակն այնպիսին լինի, որ հեռանկարներ ստեղծվեն»։

Իշխանությունները սահմանադրական բարեփոխումների չեն գնա

Ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու են Հայաստանի իշխանությունները գնում սահմանադրական բարեփոխումների,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Եվ ես չեմ տեսնում, որ գործընթացին մասնագետներ ներգրավված լինեն։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները չեն գնա սահմանադրական բարեփոխումների։ Ես տեսնում եմ, որ վերաբերմունքն այնքան անլուրջ է, և իմ տպավորույունն այնպիսին է, որ նրանք օրակարգ են ստեղծում, որպեսզի թեմայով զբաղեցնեն քաղաքական դաշտը։ Լրջություն չեմ տեսնում»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ասել, թե որն է Սահմանադրության խնդիրը և ինչ հարց է լուծվում բարեփոխումներով։ Առայժմ նպատակները որոշված չեն, հասկանալի չէ, թե ինչի համար է գործընթացը, ավելացրեց երկրորդ նախագահը։ «Գործունեության իմիտիացիա ստեղծել։ Կարծես բոլոր հարցերը լուծել են, ժողովուրդն ամեն ինչից գոհ է, մնացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել»,- հեգնանքով նշեց նախկին նախագահը։

«Ոչ ոք չի ասում, թե ինչ են ուզում փոխել։ Կոստյումը դուրները եկել է»,- շարունակեց Քոչարյանը՝ ակնարկելով իշխանության մեղադրանքները, երբ ընդդիմություն էին, որ Սահմանադրությունը «կոստյում» է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի վրայով։

«Գործընթացի անլրջությունը հիմնական պատճառն է, ինչի համար մենք չենք մասնակցում։ Չենք ուզում մասնակցել անլուրջ գործընթացին։ Միակ մասնագետը Սահմանադրության գծով մեր խմբակցությունում է։ Նա սրա մեջ ոչ մի ռացիոնալ բան չի տեսնում»,- նշեց Քոչարյանը։

Արցախի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ինձ դուր չեկավ

Ինձ դա դուր չեկավ, բայց ձեզ իրենց տեղը դրեք։ Եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չարձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և արդյոք համաձայն է այդ հայտարարության հետ։

Նա պարզաբանեց որ Պուտինի հետ շփվելու հնարավորություն է ունեցել, սակայն բնավորություն չունի պատմել այդ շփման մասին։ «Դուք չգիտեք, թե զրույցի ընթացքում կարծիք հայտնել եմ, թե՝ ոչ։ Մենք չպետք է պահանջենք ուրիշներից լինել ավելի հայամետ, քան մեր իշխանությունները»,- նշեց Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի նման հայտարարության պատճառը նաև այն իրողություններն են, որոնք եղել են պատերազմի ժամանակ և դրանից հետո։

«Եթե մեր երկրի իշխանությունները չեն պատասխանում Ալիևի հայտարարություններին այն մասին, թե հարցը վերջնականապես լուծված է, ապա ի՞նչ եք սպասում, որ Հայաստանը կարձագանքի՞ Ռուսաստանի հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները և Հայաստանից որևէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»,- պարզաբանեց երկրորդ նախագահը։

Նա հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ։ «Այս Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է։ Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է »,- եզրափակեց Քոչարյանը։

Հակասություններ կան, բայց ընդդիմությունն ի վիճակի է համաձայնության գալ

Մենք չենք կարող վերահսկել մեր բոլոր կողմնակիցներին: Հատկապես՝ սոցցանցերում նրանց ակտիվության առումով,- -ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սագսյանի հետ իր հարաբերությունների մասին հարցին։

Լրագրողներից մեկը, մասնավորապես, հարցրեց՝ ճի՞շտ է արդյոք, որ Քոչարյանը բավականին լարված հարաբերություններ է ունեցել հանրապետության մյուս նախկին նախագահի հետ։ «Մամուլը բազմիցս գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ձեր լարված հարաբերությունների մասին։ Սոցցանցերում հաճախ ենք բախումների ականատես լինում ձեր կողմնակիցների և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև։ Սակայն վերջերս տեղի ունեցած միջոցառման ժամանակ ձեզ միասին տեսան: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սերժ Սարգսյանի հետ։ Շփվում եք, թե՞ ոչ։ Եթե ​​այո, ապա ի՞նչ բնույթ են կրում այդ շփումները: Իսկ եթե ձեր խոստացած փողոցային կռիվը, այնուամենայնիվ, սկսվի, հնարավո՞ր է Ձեզ և Սերժ Սարգսյանին միասին տեսնել նույն ամբիոնում»,- հարցրեց լրագրողը։

Քոչարյանն ի պատասխան հույս հայտնեց, որ երրորդ նախագահի ճամբարում նույն դիրքորոշումն ունեն, ինչ և ինքը: Նրա խոսքով՝ ինքը կողմնակից չէ, որպեսզի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը վերահսկվի ՍՄՍ հաղորդագրություններ ուղարկելով (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության խմբակցությունը - խմբ.)։ «Իսկապես, ժամանակակից աշխարհում մարդը պետք է ինչ-որ միջանցք ունենա, որը թույլ կտա արտահայտել իր դիրքորոշումը։ Ես անձամբ սոցցանցեր չեմ մտնում և ՍՄՍ հաղորդագրություններ չեմ կարդում: Մենք մոնիտորինգային խումբ ունենք, որը հայտնում է հասարակության ներկայիս տրամադրությունների մասին։ Ես ուղղակի այդքան ժամանակ չունեմ, և զարմացած եմ, թե ինչպես է ներկայիս իշխանության ներկայացուցիչներին հաջողվում ամեն ինչ անել։ Կյանքումս մեկնաբանություններ չեմ կարդացել։ Ես սոցցանցերում «արածելու» ժամանակ չեմ ունեցել: Իմ կողմից կարող եմ միայն ասել, որ մենք ոչ մեկին չենք ուղղորդում։ Մարդիկ որոշակի վերաբերմունք ունեն, և այդ վերաբերմունքը փորձում են ինչ-որ կերպ արտահայտել սոցցանցերում։ Մեր գործընկերները փորձում են ինչ-որ կերպ մեղմել ամեն ինչ։ Չգիտեմ: Անձամբ ես չեմ ուզում դրա մեջ մտնել: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն ի վիճակի է վերահսկողություն սահմանել սոցցանցերում»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին՝ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց հանդիպման փաստը: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Դաշնակցության կազմակերպած միջոցառումների ժամանակ։ «Դրանից հետո մենք հանդիպեցինք մի քանի հոգու ընկերակցությամբ։ Ես և Ղարաբաղի երեք նախագահներն էինք (այդ թվում՝ նախկինները - խմբ.), քննարկեցինք Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այն տևեց 1.5-2 ժամ։ Մենք անձնական հարցեր չենք քննարկել։ Կար միայն Ղարաբաղի հարցը։ Մտածում էինք, թե ինչ կարելի է անել և ինչ լուծումներ գտնել և այլն։ Մեզ բոլորս մտահոգված ենք այդ հարցով»,- վստահեցրեց Քոչարյանը։

Նա նաև հիշատակեց խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին։ Ձևաչափը, ինչպես նշեց նախկին նախագահը, միանգամայն հասկանալի է և առնչվում է ընդդիմության գործունեությանն ու օրակարգին։

«Կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք տարբեր տեսակետներ ունենք, բայց, այնուամենայնիվ, կարող ենք որոշակի լուծումների գալ։ Եվ կարծում եմ, որ, չնայած նախորդ տարիներին կուտակված բոլոր հակասություններին ու խնդիրներին, մենք պետք է կարողանանք պայմանավորվել կարևոր հարցերի շուրջ։ Այստեղ խնդիրը անձերի մեջ չէ։ Պարզապես պետք է ընդհանուր հայտարարի գանք հիմնական սկզբունքային հարցերի շուրջ։ Ես որևէ մասշտաբային հատուկ կապեր չունեմ: Եթե ​​քննարկելու բան ունենք, կարող եմ պարզապես զանգահարել նրան, և մենք ամեն ինչ կքննարկենք։ Բայց դա ամենօրյա կապ չէ»,- մանրամասնեց նախկին նախագահը։

Ղարաբաղյան կարգավորման նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն են եղել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառների մասին հարցին և խոսակցություններին, թե նրա ընդդիմախոսները, այդ թվում և Քոչարյանը, Տեր-Պետրոսյանի առջև մի ինչ-որ փաստաթուղթ են «դրել», որի համաձայն՝ Ղարաբաղի մակերեսը 8 հազար քառ. կիլոմետր է, և անհրաժեշտ է անհապաղ ճանաչում, և եթե Տեր-Պետրոսյանը չի կարողանում ապահովել Ղարաբաղի անհապաղ ճանաչումը, ապա պետք է հեռանա, Քոչարյանը նշեց, որ նրան հայտնի չեն նկարագրվող իրադարձությունները։

«Այդպիսի բան չի եղել։ Ես չգիտեմ, թե որտեղից նման տեղեկատվությունը։ Այդ ժամանակվա իրադարձությունների մասին ես մանրամասն նկարագրել եմ իմ գրքում։ Ավել բան չի եղել։ Իսկապես չի եղել։ Այն ժամանակ վեճ էր գնում փուլային տարբերակի մասին, տարածքների հանձնման, խաղաղապահների մասին։ Մենք կողմ էինք փաթեթային տարբերակին և ասում էինք, որ եթե մենք այս տարաքծներից դուրս գանք, հաջորդ քայլը լինելու է Ղարաբաղի ոչնչացումը։ Մենք չէինք հավատում Ադրբեջանին և հավատալու հիմքեր չունեինք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին մենք ասացինք՝ հետ քաշվիր։ Այն ժամանակ նա չէր ուզում հետ քաշվել»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա, ըստ երկրորդ նախագահի, ըստ էության, հակամարտության ամբողջ պատմության մեջ բոլոր տարբերակները, ներառյալ Տեր-Պետրոսյանի առաջարկածը, շատ ավելի լավն էին, քան այսօրվա փաստացի վիճակը։ Անհամեմատ ավելի լավն էին բոլոր տարբերակները, քան այն, ինչ մենք ունենք այսօր։ Սա փաստ է։ Համենայնդեպս, Հադրութ, Շուշի կար բոլոր տարբերակների մեջ, և բոլոր տարբերակների մեջ ենթադրվում էր բանակցային գործընթաց Մինսկի խմբի շրջանակում, միջազգայնորեն ճանաչված կարգավիճակներ՝ ավելի շատ կամ ավելի քիչ։ Մենք ստացանք ամենից վատ տարբերակը։ Իշխանությունները հայտարարեցին, որ սկսում են զրոյական կետից և մեզ բերեցին-հասցրին մեկ այլ զրոյական կետի»,- եզրափակեց Քոչարյանը։

Հնարավոր է, Արևմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռվացնել Ռուսաստանից

«Ռեալ պոլիտիկ» արտահայտությունը միշտ գործում է,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Արևմուտքի երկակի ստանդարտների մասին։

Հարցին, որ համաշխարհային հանրությունն աչք է փակում Հայաստանում տիրող իրավիճակի վրա, տեղի ունեցողը ժողովրդավարական գործընթացներ է անվանում, իսկ Փաշինյանն աջակցություն է վայելում, և արդյո՞ք Հայաստանում իշխանափոխության իրական հնարավորություն կա, ինչպե՞ս կարելի է դա անել. Քոչարյանը նշեց. «Զանգվածային բողոքով: Այս իշխանությունն այլ կերպ չի հեռանա»։

Նույնիսկ համաշխարհային հանրության կողմից աջակցությա՞ն դեպքում, մանրամասնեց լրագրողը։ «Ի՞նչ եք կարծում, 2018 թվականին իշխանությունները չէի՞ն օգտվում համաշխարհային հանրության աջակցությունից։ Գերազանց հարաբերություններ կային և ԵՄ-ի, և ԵԽ-ի հետ, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի Դաշնության հետ, մտանք ԵԱՏՄ։ Հարաբերություններն ամենևին էլ վատը չէին։ Բայց ամեն ինչ՝ նույն համաշխարհային հանրության վերաբերմունքը, կախված է բողոքի ցույցերից ու հանրահավաքներից։ Եթե ​​տեսնեն, որ դա իսկապես իշխանափոխության կբերի, անմիջապես կսկսեն ողջունել, խոսել ժողովրդավարության, կամքի դրսևորման մասին։ «Ռեալ պոլիտիկ» արտահայտությունն աշխատում է միշտ։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն երկակի ստանդարտների տեսանկյունից արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները։ Դա մեզ համար ակնհայտ է։ Միգուցե այս կերպ նրանք փորձում են Հայաստանին ինչ-որ կերպ հեռվացնել Ռուսաստանից։ Այս թեման քննարկվել է, չեմ ուզում կրկնվել։ Ռուսաստան-Արևմուտք, Արևմուտք-Չինաստան աշխարհաքաղաքական լարվածությունը մեր դեմ է աշխատում. Աշխարհում գերիշխող ուժի հարցը, բազմաբևեռ կամ միաբևեռ աշխարհի ձևավորումը, շատ մեծ շահեր են բախվում, և մենք թեև ծայրամասում հայտնվեցինք, բայց մեզ էլ է դա կպնում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ես և երրորդ նախագահը պայքարելու ենք, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պայքարելու է, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, ես էլ եմ պայքարելու, որ դա չլինի, ես ամեն ինչ կանեմ, բայց մենք չենք կարող խոսել Հայաստանի ներկայիս իշխանությունների անունից,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները համաձայնեն տարածքային ամբողջականության տարբերակին, ապա, Քոչարյանի խոսքով, կարճ ժամանակում Ղարաբաղում հայ չի մնա, իսկ ներկայիս իշխանություններն արդեն ընդունել են, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ «Մենք պետք է բացառենք այս տարբերակը։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է համաձայնի դրան, մենք պետք է պայքարենք, որ դա տեղի չունենա։ Մեր փաստարկը հետևյալն էր՝ Սումգայիթի դեպքերը ցույց տվեցին, որ հայերի գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, դա սպառնալիք է նրանց կյանքին և անվտանգությանը։ 44-օրյա պատերազմն էլ ավելի հաստատեց դա։ Ես երբեք չեմ բանակցել այն տարբերակի շուրջ, որով Ղարաբաղը կլիներ Ադրբեջանի կազմում։ Ես Ղարաբաղն ընդհանրապես չեմ տեսնում Ադրբեջանի կազմում»,- հավելեց Քոչարյանը:

Մխիթար Զաքարյանն ասել է՝ պատրաստ եմ հրաժարվել մանդատից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ներողությունը նման հնչեղություն է ստացել, որովհետև այս իշխանությունը Հայաստանում վերացրել է ներողություն խնդրելու մշակույթը, ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունը որևէ մեկից ներողություն չի խնդրել։ Ներողություն չի խնդրել Արցախի 75 %-ը հանձնելու, «Եռաբլուրը» եռապատկելու համար։ Ներողություն չի խնդրել Մխիթար Զաքարյանից և իր գործընկերներից իրենց ապօրինի կալանավորելու համար։ Ինձնից ներողություն ոչ մեկը չի խնդրել, որ երկու տարի բանտում եմ անցկացրել չեղած հոդվածի համար։ Ներողություն չի խնդրել ժողովրդից աղքատությունը մեծացնելու և գնաճի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը հանդիպում է ունեցել Մխիթար Զաքարյանի հետ։ Հանդիպման ընթացքում երկրորդ նախագահը հասկացել է պատգամավոր Զաքարյանի մտահոգությունը, որովհետև քաղաքական գնահատականներ տալիս ինքն էլ երբևէ ընտանեկան դաշտ չի մտել։

«Մեր խոսակցության ընթացքում նաև այսպիսի հարց է եղել՝ պատրաստ եմ հրաժարվել մանդատից, եթե սա հնչողություն ունենա խմբակցության և ձեզ համար։ Մխիթար Զաքարյանը մանդատից կառչած չէ։ Մխիթար Զաքարյանն ինչ-որ բան էր ասել, որը վերաբերվում էր ընտանիքին, առաջին դեմքի կնոջը։ Ասում է, որ այդ մասով իր համար անհարմարություն է, ներողություն է խնդրում՝ չփոխելով իր հայացքները մյուս բոլոր հարցերի նկատմամբ։ Սա չի կատարվել ստվերային պայմանավորվածության արդյունքում, որովհետև այդ մարդը 6 ամիս բանտում է եղել և եթե նման պայմանավորվածություն լիներ, ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումով չէ, որ դուրս կգար»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ միաժամանակ հասկանում է այն մարդկանց, որոնք քննադատել են Մխիթար Զաքարյանին ներողություն խնդրելու պատճառով։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորՄխիթար Զաքարյանը ներողություն էր խնդրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Թող ՀՀ նախագահ լինի սրբազաններից մեկը

ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուներից լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանքը վայելող որևէ սրբազանը կլիներ,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Այս պահին, երբ ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա կամուրջներ փնտրել, միավորել մեր ազգին, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու հարգանք վայելող սրբազաններից մեկի թեկնածությունն առաջադրելը կլիներ։ Այս օրհասական պահին նման թեկնածուն լավագույնը կլիներ»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ այս դեպքում երկու հանգամանք կլինի` մարդ և ազգային ինստիտուտ։

Նրա խոսքով` նման մարդիկ կան, որ և՛ հարգանք են վայելում, և՛ ազգային շահերով են առաջնորդվում։ Քոչարյանը նշում է, որ իր ասածը կարող են առաջարկ համարել, ինչի շուրջ կարելի է պայմանավորվել։

Երկրորդ նախագահը կարծում է, որ իշխանությունը, առաջադրելով Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, այնպիսի քայլ են արել, որ խոսելու տեղ չի մնացել։ Ուստի, ըստ Քոչարյանի, այժմ այդ բեմադրության դեկորացիա կազմելու ցանկություն չունեն։

Մանրամասները տեսանյութում։

News.am-ի և Sputnik Արմենիա-ի նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ