Последние новости

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՏԵՆՍԻՎ ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այն, որ Արցախի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անեին անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրենք ընդունեին, հասկանալի է և բնական, սակայն միայն Արցախի խորհրդարանի այս քայլերը դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ. այստեղ ինտենսիվ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանային զարգացումներին հետևող միջազգային հանրությունը Արցախի ԱԺ-ի հայտարարությունները կդիտարկի ընդամենը որպես արցախահայության հոգու ճիչ՝ ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման։

«Եվ սա նորմալ է, որովհետև մարդիկ հասկանում են, որ պետությունը ծանր պարտություն է կրել, կորցրել տարածքների մեծ մասը, և ապագան անորոշ է։ Բայց միայն Արցախի ձայնը բացարձակ բավարար չէ։ Ես չեմ կարծում, որ Հարավային Կովկասում շահեր ունեցող պետությունների մայրաքաղաքներում ինտենսիվ կերպով ՄԽ-ին ուղղված կոչը կամ բռնազավթված տարածքների մասին հայտարարությունն են ուսումնասիրում։

Որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավոր լինի փոխել, և Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դառնա, Հայաստանը պետք է ինտենսիվ քայլեր ձեռնարկի։ Հակառակ պարագայում Արցախից հնչող հայտարարութուններն իրավիճակի վրա ռեալ ազդեցություն ունենալ չեն կարող»,- ամփոփեց Բենիամին Պողոսյանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ