Последние новости

Սրբազանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Ռոբերտ Քոչարյանի առաջարկն իրատեսական չէ, որովհետև այսօրվա իշխանությունը նման քայլի չի գնա, իսկ այսօր միայն իշխանությունը կարող է իր առաջադրած թեկնածուին ընտրել նախագահի պաշտոնում, որովհետև պառլամենտական մեծամասնությունը կատարելու է վերևից իջեցված հրահանգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե այս դժվարին ժամանակաշրջանում նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակ կարող էր լինել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից որևէ մեկը։

«Հոգևորականին այդ պաշտոնը ոչինչ չի տալու, հավելյալ պատասխանատվություն, պարտականություններ էին դրվելու նրա ուսերին, բայց եթե դրանից պետությունը պետք է օգուտ քաղի, հոգևորականը պատրաստ է գնալ այդ զոհողությանը։ Մեզ համար ինչ–որ պաշտոն զբաղեցնելը փառք չէ, զոհողություն և պարտականություն է։ Եկեղեցականները 1000 տարուց ավելի ցույց տվել են, թե իրենք ինչպես կարող են պետականության բացակայության պայմաններում ծառայել իրենց ժողովրդին, և կարծում եմ՝ վատ չեն ցույց տվել և այսօր էլ հոգևորականները կարող են օգտակար լինել ցանկացած ասպարեզում»,– ասաց Սրբազան Հայրը։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե հոգևորականները չեն կարող մասնակից լինել պետական կառավարմանը, Շիրակի թեմի առաջնորդն ասաց.

«Որևէ օրենք չկա, որը կարգելի եկեղեցականին զբաղվել քաղաքական գործունեությամբ և զբաղեցնել որևէ քաղաքական պաշտոն։ Եկեղեցեկանին դա արգելում է եկեղեցու ներքին օրենքը։ Մենք Հայաստանի լիիրավ քաղաքացի չե՞նք, բոլոր քաղաքացիները հավասար են, բացի հոգևորականների՞ց»,– նկատեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 17–ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը կարող էր լինել, քանի որ նա կլիներ անաչառ, և կվայելեր համընդհանուր հարգանք։

«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են և առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23–ին Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Արմեն Սարգսյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն առաջադրելու և չեն մասնակցելու նախագահի ընտրությանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ