Последние новости

Հայաստանի ջերմոցային տնտեսությունները չեն կարողանում փակել վարկերը

Շատ արտադրողների վարկային բեռը տարեցտարի միայն ավելանում է, և դրանք չի հաջողվում մարվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտավազդ Խաչատրյանը։

«Մտածում ենք, թե ինչ ենք անելու հաջորդ տարի, երբ արտադրողներն իրենց վրա կզգան նաև ապրիլի 1-ից գազի սակագնի սպասվող բարձրացման ազդեցությունը։ Մենք չգիտենք, թե ինչ ենք անելու։ Գյուղատնտեսության ոլորտում վիճակն այնքան ծանր է, որ գյուղերում մարդիկ ամենուրեք ոչնչացնում են իրենց խաղողի այգիները»,- ասաց նա։

Հիմնական խնդիրը Խաչատրյանը համարում է քաղաքակիրթ շուկայի բացակայությունը, որի առկայությունը զարգացման կհանգեցներ:

«Պետության գործառույթը պետք է շուկայի վերահսկողություն ներառի, և եթե թույլատրվում է դրսից անհայտ ծագման ապրանքներ ներմուծել, ապա այդպիսի պայմաններում տեղական գյուղմթերքը, բնականաբար, ի վիճակի չէ մրցակցելու։ Դա կապված է նրա հետ, որ դրսից ներկրվող ապրանքների ինքնարժեքն ավելի ցածր է։ Իսկ մեզ մոտ այն ժամանակի ընթացքում միայն աճում է, ինչը կապված է պարարտանյութերի, թունաքիմիկատների գների գրեթե 50 տոկոսով կրկնապատկման, էլեկտրաէներգիայի սակագնի, գազի սպասվող թանկացման հետ։ Այս տարի չգիտեմ՝ ինչ կլինի։ Եթե ​​ջերմոցային արտադրանքի փոքր ու միջին արտադրողների համար Ռուսաստան արտադրանքի արտահանման պայմանները թեթևացվեին, ապա իրավիճակը կարող էր փոխվել։ Իսկ հիմա դա հիմնականում անում են խոշոր գյուղացիական տնտեսությունները, որոնց հետ ներկայիս պայմաններում հնարավոր չէ մրցակցել»,- հավելեց ՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ գյուղմթերքների ներմուծումը Հայաստան պետք է արգելվի, ինչը պայմաններ կստեղծի տեղական գյուղացիական տնտեսությունների զարգացման համար։ Հայաստանն ագրարային երկիր է համարվում, գյուղատնտեսությունը զարգացման հիմնական ուղղություններից է։ Գործերի ներկա վիճակը, ինչպես նաև ներմուծման (հատկապես թուրքական արտադրանքի) նկատմամբ վերահսկողության բացակայությունը տեղական գյուղատնտեսության փլուզման կհանգեցնեն։

Խաչատրյանը վստահ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց բացասական ազդեցություն կունենա Հայաստանի արդյունաբերության վրա, որը կամաց-կամաց սկսել է զարգանալ։

«Չնայած թուրքական ապրանքների համեմատ դրանց բարձր ինքնարժեքին՝ դրանք շատ հաճախ ավելի որակյալ են։ Նույնիսկ երրորդ երկրների միջոցով ներկրվող թուրքական ապրանքների դեպքում տեղական արտադրողների համար գնային առումով դժվար է մրցակցել։ Էլ չասած հայկական շուկա դրանց ուղիղ մուտքի հետևանքների մասին»,- ասաց նա։

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ջերմոցում արտադրվող արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը գոյանում է էներգակիրների գների հաշվին։

«Թուրքիան առանց էներգակիրների է ջերմոցային արտադրանք արտադրում։ Բացի այդ, այն բարձր մաքսատուրքեր է սահմանում գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա։ Մենք նույնպես կարող ենք գնալ այդ ճանապարհով»,- ընդգծեց փորձագետը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ