Последние новости

Միշուստին․ ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդներ են սահմանել

Այսօրվա հանդիպումը լավագույն ապացույցն է այն բանի, որ ցանկացած իրավիճակում մենք միասին ենք ու միասնաբար ձգտում ենք ամրապնդել մեր համագործակցությունը` բոլոր ուղղություններով, չնայած արտաքին ճնշումներին ու արևմտյան երկրների` մեզ բաժանելու փորձերին։

Այսօր նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Ղազախաստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Անդրադառնալով ԵԱՏՄ համագործակցության տնտեսական ցուցանիշներին` Միշուստինը հայտնեց, որ 2021թ–ին սոցիալ–տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդային են եղել։

«Մասնավորապես` հունվար–նոյեմբերի ամիսներին մոտեցել է ՀՆԱ–ի 4.5 տոկոսին, անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 1/3-ով, միութենական արտահանման ցուցանիշը` 42.5 տոկոսով»,– ասաց ՌԴ վարչապետը` հավելելով, որ ներկայացված ցուցանիշները գերազանցում են նախահամավարակային` 2019թ–ի ցուցանիշները։

Նրա խոսքով` ԵԱՏՄ ներքին առևտուրը 2019-ի համեմատ աճել է 18 տոկոսով, ներքինը` 12.6 տոկոսով։

Ապօրինի ներկրումների ու ապրանքաշրջանառության դեմ պայքարի նպատակով ՌԴ վարչապետը կարևորեց արտադրողից մինչև վերջնական սպառող շղթայի նկատմամբ հսկողություն սահմանելը, ինչպես նաև միասնական թվային համակարգի շահագործումը։

Որպես հաջողված օրինակ` Միշուստինը նշեց «Ճամփորդիր առանց COVID–ի» հավելվածի իրացումը։

«Նմանօրինակ թվային լուծումները հարմար ու պահանջարկված են և պետք է տեղափոխվեն նաև այլ բնագավառներ»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Միխայիլ Միշուստինն արձանագրեց նաև, որ ԵԱՏՄ–ն նաև կանաչ տնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի, որի համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել այդ բնագավառը կանոնակարգող միասնական չափորոշիչներ։

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ