Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները:
Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը:
Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը:
ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում:
Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը:
Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները:
Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:
Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.
-
2025-04-21 06:34
Израильская полиция угрожала христианам, пытавшимся отметить Пасху, напав на них у Храма Гроба Господня в Восточном Иерусалиме, сообщает телеканал Al Jazeera.