Последние новости

Դավիթ Բաբայանը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենք Փալոունի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

«Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար, և եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։

Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ