Последние новости

ՍՊԻՏԱԿ ՖՈՍՖՈՐԻՑ ԱՅՐՎԱԾՆԵՐԸ՝ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ, ԱՅԼԱՆԴԱԿՈՂ ՍՊԻՆԵՐՈՎ

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու մասին առաջին անգամ լուրեր հայտնվեցին 2020 թվականի հոկտեմբերին։

«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- 2020 թ. հոկտեմբերի 30-ին հայտնել էր ՀՀ Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը։

Խաղաղ բնակչությունը ադրբեջանական հրետակոծություններից գիշեր ու զօր հենց անտառներում էր թաքնվում։

Պատերազմից անցել է մեկուկես տարի, սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստանալու փաստերը միայն ենթադրությունների մակարդակում են, իսկ այրվածքներ ստացած զինծառայողները դեռ ստիպված են դիմել բժիշկների։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ բուժում է ստացել 130 հիվանդ, միայն 30-40 դեպքում են հետազոտություններ արել և միայն ենթադրությամբ կարող են ասել, որ ստացած այրվածքները եղել են սպիտակ ֆոսֆորից։

«Կենտրոնում 130 հիվանդ է բուժվել, սակայն միայն պատերազմի սկսվելուց մեկ ամից անց ենք հասկացել, որ կարող է ֆոսֆորային այրվածքներ լինեն։ 30-40 հոգու դեպքում ենք հետազոտություն արել, հյուսվածք վերցրել։ Վերքի տեսքը, լաբորատոր ախտորոշումը, վերքերի դժվար լավացման ընթացքը, Վուդ լամպով՝ սև լամպով ուսումնասիրությունը, երբ վերքի վրան պահում ենք՝ կապույտ լույս է առաջանում և այլ հետազոտություններ անելով, նաև տարբեր պրոտոկոլներ ուսումնասիրելով, տարբեր տեղերից տվյալներ վերցնելով, կարող ենք ասել, որ նման է ֆոսֆորային զենքից ստացված այրվածքների, սակայն չենք կարող հստակ ասել։ Վերջնական ախտորոշում ունենալու համար պետք էր լինել հյուսվածքաբանական քննություն, ինչը մեզ մոտ չի արվում, ծախասար ու դժվար քննություն է»,- ասաց Կ. Բաբայանը։

Բժշկուհու խոսքով, նման այրվածք ստացած հիվանդների վերականգնումն ավելի դանդաղ է լինում, քանի որ բացի այրվածքից, նաև քիմիական նյութ է առկա։

«Մենք ինչպե՞ս հասկացանք, որ սովորական այրվածք չէ. կլինիկան այլ ձև էր, հիվանդությունն ավելի ծանր էր ընթանում։ Սովորաբար երբ պլաստիկ վիրահատություն ենք անում, իդեալական է լինում, սակայն այս դեպքում 50-60 տոկոս դեպքում անհաջող էր։ Այս հարցը մենք տվեցինք այլ երկրներից մասնագետների, ասացին՝ լինում է նման անհաջողություններ, քանի որ քիմիան կա, թույլ չի տալիս իդեալական լինի։

Բժշկության մեջ ինչքան շուտ վիրահատես, այնքան լավ է, այս դեպքում փորձում էինք շուտ վիրահատել, չէր ստացվում, քանի որ խնդիրը կար։ Ինչքան դանդաղ է վերքը լավանում, այնքան սպիներ են առաջանում, ինչքան կոպիտ սպիներ են լինում, առաջացնում են նաև շարժումների սահմանափակում, արտաքին տեսքն այլանդակում է»,- մանրամասնեց բժշկուհին։

Նա ասաց, որ հիմա արդեն ապաքինված զինծառայողները, ովքեր այդ այրվածքներից հետո շարժումները սահմանափակող, այլանդակող սպիներ ունեն, հենց իրենց մոտ պլաստիկ վերականգնողական վիրահատության են ենթարկվում, այլ երկրներում վերապատրաստված բժիշկ ունեն իրենց կենտրոնում, ով էլ իրականցնում է այդ վիրահատությունները։

«Այդ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են. բացի այն, որ այդ արհավիրքը տեսել են, ունեն կոպիտ, այլանդակող սպիներ»,- ասաց Կ. Բաբայանը։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կարող են սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մարդիկ կյանքի ընթացքում առողջական այլ խնդիրներ ունենան։

«Ոչ մի երկրում նման քանակի հիվանդներ չեն եղել, ովքեր այրվածքներ են ունեցել ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից։ Կարծում ենք՝ հնարավոր է այդ նյութը օնկոլոգիական հիվանդություն, տղաների մոտ ամուլություն առաջացնի։ Տարբեր երկրներից պրոֆեսորների հետ ենք խոսել, ասում են, փաստորեն, առաջին նման հիվանդները ձեզ մոտ են, հետագայում անհրաժեշտության դեպքում ձեզ պետք է դիմենք»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ հակաթույն չկա, բուժումներն անում են ըստ ախտանիշների։

Նա նշեց, որ կրակից առաջացած այրվածքները խորն է լինում, իսկ ֆոսֆորի դեպքում՝ գրեթե մինչև ոսկոր հասնող։ Ֆոսֆորը բռնկման ժամանակ առաջանում է 800-1200 աստիճան ջերմություն, այդ իսկ պատճառով եթե կաթում է մարդու վրա, առաջանում է շատ խորը այրվածք։

Հիմնականում այրվածքները եղել են դեմքերին, ձեռքերին ու ստորին վերջույթներին։ Կ. Բաբայանի խոսքով, իրենց հիվանդների 80 տոկոսն ունեցել են համակցված վնասվածքներ՝ կոտրվածքներ, կանտուզիաներ, լսողության, տեսողության խնդիրներ։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնեց, որ նաև մահեր են ունեցել, այրվածքների մակերեսը մեծ է եղել, կյանքի հետ անհամատեղելի։ Նրա փոխանցմամբ, մահացող մարդկանց կլինիկան շատ տարօրինակ էր ու սահմռկեցուցիչ։

Այս լուսանկարները հրապարակվել են 2020 թ. դեկտեմբերի 6-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։

Panorama.am

Галерея (7 фото)

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ