Последние новости

Արդյո՞ք ՀՀ–ն պատասխանել է Ադրբեջանին. Վանեցյանը պահանջում է հանրայնացնել պատասխանը

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ հարկադրանքի քաղաքականություն են իրականացնում։ Այսօր ԱԺ–ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` մեկնաբանելով Արցախի բնակչությանն ահաբեկելուն ուղղված վերջին գործողությունները, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները։

«Այս ամենին ի պատասխան Երևանը լուռ է, ավելի ճիշտ` խոսում է, շարունակում է խոսել, այսպես կորչված, խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Առավել քան զավեշտալի են տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումների և Արցախում ստեղծված սոցիալական–հումանիտար անելանելի իրավիճակին»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը «զավեշտալի» որակեց նաև ՀՀ ԱԳՆ արձագանքը Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց պայմաններին` հարց հնչեցնելով, թե արդյո՞ք ՀՀ–ը պատասխանել է Ադրբեջանին ու ի՞նչ տրամաբանությամբ է հրաժարվում հանրայնացնել իր պատասխանը։

«ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ ՄԽ–ը ը չունի նման մանդատ, չե՞ն հասկանում արդյոք, որ այս կերպ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելով, անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ սպասարկում են ադրբեջանական օրակարգը»,– ասաց Վանեցյանը։

«Պատիվ ունեմի» ղեկավարը շեշտեց, որ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի` «ԱԺ Կանոնակարգ» օրենքում փոփոխություն անելու օրենսդրական նախաձեռնությունը միտված է «հանրության թիկունքում իրականացվող գաղտնի պայմանավորվածությունների» քաղաքականության փոփոխությանը։ Մամիջանյանն առաջարկում է կառավարության հաշվետվողականության նոր էլեմենտ, որը նաև բաց ու հասանելի կլինի հանրության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները նվիրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ