Последние новости

«Տաքացրեք մեր երեխաներին». բողոքի ակցիա՝ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց

Մի խումբ հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին, որը կապված է Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման հետ:

Ակցիային հիմնականում մասնակցում են կանայք և երեխաներ, ովքեր եկել են «Մենք էլ ունենք անվտանգ ապրելու իրավունք», «Ճանաչում = անվտանգություն», «Տաքացրեք Արցախի երեխաներին», «Արցախն ապրելու իրավունք ունի» պաստառներով:

Մասնակիցները պահանջում են, որ ՄԱԿ-ը բարձրաձայնի խնդիրները և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ահաբեկչությունը Արցախի բնակչության նկատմամբ։

«Սա իրենց պատմական հողերից մարդկանց բնաջնջում է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է աջակցեն արցախցիներին և իրենց ձայնը բարձրացնեն Բաքվի ահաբեկչական գործողությունների դեմ։ Այսօր գազն է, իսկ վաղը այլ խնդիր է լինելու։ Հարցը պետք է լուծել»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նկատեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական հսկողության տակ անցած Շուշիի միջոցառումներին, սակայն միևնույն ժամանակ կազմակերպության նույն պաշտոնյաները լռության են մատնում գազի խնդիրը, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ մրսում են և չեն կարողանում իրականացնել իրենց մի շարք իրավունքները:

«ՄԱԿ-ը պետք է գործի դնի իր բոլոր մեխանիզմները, որպեսզի լուծի այդ հումանիտար ճգնաժամը։ Մեր երեխաները չպետք է մրսեն կազմակերպության երկերեսանի քաղաքականության պատճառով»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ