Последние новости

Ադրբեջանի ԱԳՆ-ը շարունակում է խեղաթյուրել եռակողմ հայտարարության դրույթները

Ադրբեջանի ԱԳՆ-ը շարունակում է խեղաթյուրել եռակողմ հայտարարության դրույթները՝ փորձելով ամեն կերպ «իրավական հիմք» դնել ադրբեջանական կողմի անօրինական գործողությունների տակ։

Վերջին օրերին սահմանված՝ հայտարարությանը հայտարարությամբ պատասխանելու ժանրով Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարության առավոտյան հայտարարությունը։ Նախ, Բաքուն Երևանին մեղադրել է «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մեջ»՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի» հետ։

«Նշվում է, որ խախտելով հայտարարության 6-րդ կետը, Հայաստանը շարունակում է Լաչինի միջանցքով զորքեր մտցնել տարածաշրջան։ Այս փաստը հաստատել են նաև միջազգային ԶԼՄ-ները»,- պնդում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Հիշեցնենք, որ նշված կետում ասվում է՝ 6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020թ նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020թ դելտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը և միևնույն ժամանակ չի առնչվի Շուշի քաղաքին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբիի վերահսկողության տակ։ Եվ այն բացարձակապես ոչ մի կապ չունի Ադրբեջանից հնչող մեղադրանքների հետ։

«Հենց Հայաստանը, ի հեճուկս եռակողմ հայտարարության 4-րդ կետի, դեռևս դուրս չի բերել հայկական զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից։ Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ ադրբեջանական կողմի պահանջը վերաբերում է ոչ թե Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով քաղաքացիներին, այլ հայկական անօրինական կազմավորումների մնացորդների դուրսբերմանը տարածաշրջանից, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ։ . Այս հարցի միտումնավոր խեղաթյուրումը Հայաստանի արտգործնախարարության կողմից, որը ձգտում է այն ներկայացնել որպես «էթնիկ զտում», բացահայտում է Հայաստանի իրական մտադրությունները»,- հայտարարում են Բաքվում։ Այն մասին, թե ինչպես և ինչու է ադրբեջանական կողմը խեղաթյուրում 4-րդ կետը, NEWS.am-ն արդեն գրել է ։

Թե ինչ կամ ում են Ադրբեջանում անվանում «ապօրինի հայկական կազմավորումներ», մնում է առեղծված՝ չնայած Ադրբեջանի ԱԳՆ-ի ամենօրյա հայտարարություններին։ Թվում է, թե դա արվում է միտումնավոր՝ շեղելու համար։ Հայաստանի Զինված ուժերին «անօրինական կազմավորումներ» անվանելը չափազանց «անբարեկիրթ» կլիներ Ադրբեջանի համար, բայց եթե խոսքը Արցախի Պաշտպանության բանակի մասին է, ապա նրա դուրսբերման պահանջը և՛ անհիմն է, և՛ տարօրինակ, քանի որ Բաքուն հայտարարում է, որ «ադրբեջանական կողմի պահանջը վերաբերում է ոչ թե Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով քաղաքացիներին»։ Եթե, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ-ն չի ակնարկում Բաքվի իրական նպատակը՝ Արցախի հայաթափումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ