Последние новости

Մետաքսե Հակոբյան․ Կարող է բարձրացվել ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ռիսկեր կան, որ կարող է բարձրացվել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Այս մասին ապրիլի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նկատեց, որ Եվրոպան լուրջ ակտիվություն է ցուցաբերում Հարավային Կովկասի հարցում, ինչը, նրա կարծիքով, կապված է երրորդ երկրների միջոցով Ռուսաստանին թուլացնելու նպատակի հետ, որի դրսևորումը կարող է լինել Արցախից խաղաղապահների դուրսբերման պահանջը՝ որոշակի խոստումների դիմաց։

«Նման սցենարը կլինի Արցախի վերջը, քանի որ իր նպատակներին հասնելուց հետո Եվրոպան կկորցնի հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ՝ ի տարբերություն Ռուսաստանի, որի համար Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորը հաստատեց, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր չէ զբաղվել Արցախի հարցերով։

«Բրյուսել մեկնելուց առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չեն նահանջի իրենց օրակարգից։ Եվ նա չնահանջեց։ Նրա հիմնական նպատակն է բացել «խաղաղության դարաշրջան»։ Ճիշտ է, ոչ ոք չհասկացավ, թե ինչ է «խաղաղության դարաշրջանը», այն ֆոնին, որ Հայաստանում և Արցախում հայերի դեմ ագրեսիա է իրականացնում  զինված թշնամին։ Զոհը փորձում է խաղաղության պայմանագիր կնքել մարդասպանի հետ, սակայն դա անհնար է, քանի որ զոհը միշտ կստորացվի։ Խաղաղություն չի կարելի մուրալ, այն պետք է նվաճել»,- հավելեց նա:

Հակոբյանը շեշտեց, որ Բրյուսելում շոուն կրկին կայացել է,Արցախի կարգավիճակի հարցը կրկին չի քննարկվել, ինչի մասին Հայաստանի կառավարությունը լռում է։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար այդ խնդիրը գոյություն չունի։

«Ադրբեջանը նույնպես ասում է, որ մտադիր չէ քննարկել այս հարցը։ Ո՞ւմ համար էր Փաշինյանը ներկայացնում Քարագլխի իրավիճակը։ Ալիևի համա՞ր։ Միաժամանակ Փաշինյանը ոչինչ չասաց այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները կմնան Քարագլխում։ Ակնկալել, թե Հայաստանի իշխանությունները կզբաղվեն այս խնդրով, անհույս է։ Ամբողջ հույսն այն է, որ ռուսական կողմը որոշակի քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,- պարզաբանեց արցախցի պատգամավորը։

«Բաքուն պնդում է, որ հայկական կողմը պարտավոր է իրեն վերադարձնել ավելի քան 3000 զոհվածի և անհետ կորածի։ Բաքուն, փաստորեն, անհեթեթ թվեր է հնչեցնում՝ լեգիտիմացնելով հայ գերիների չվերադարձը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց առկա լարվածության ֆոնին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացն արագացնելու ցանկության առնչությամբ։ Այն ևս ռիսկեր է պարունակում։

Ինչ վերաբերում է մինչև ապրիլի վերջ Համատեղ սահմանային հանձնաժողով հրավիրելու որոշմանը, նա գնահատեց, որ դա կարող է նշանակել ինչպես օտարերկրյա զորքերի, այնպես էլ միջազգային դիտորդների տեղակայում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, ինչ նպատակներ կհետապնդեն, ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Այս փուլում կարծես թե Հայաստանն ավելի շատ որպես միջնորդ տեսնում է Ֆրանսիային և Եվրամիությանը։ Կարծես թե Երևանը և Բաքուն՝ օգտվելով ուկրաինական խնդիրների լուծման հետ կապված Ռուսաստանի զբաղվածությունից, հայացք են նետում դեպի ԵՄ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը և գործում են Ռուսաստանի շահերին հակառակ՝ հրաժարվելով աջակցել նրան։ Այս ամենի պտուղները մենք քաղում ենք այստեղ՝ Արցախում»,- եզրափակեց նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ