Последние новости

Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ հայ պատգամավորների մուտքը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի թույլ տալու հետ կապված վերջին խնդիրները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների թույլ չէին տվել մտնել Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքով։ Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հավատարիմ մնան դրա տառին ու ոգուն և կատարեն իրենց պարտավորությունները»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ