Последние новости

ԱՄՀ-ն նվազեցրել է առաջիկա երկու տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը, ուկրաինական ճգնաժամի հետ կապված, նվազեցրել է առաջիկա երկու տարիների համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները՝ հակամարտության ալիքային հետեւանքները համեմատելով «երկրաշարժի» հետ, հայտնում է CNN-ը։

«Պատերազմի տնտեսական հետեւանքները տարածվում են ամենուր»,- ասվում է ԱՄՀ-ի վերջին կանխատեսման մեջ։

ԱՄՀ-ն այժմ ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը կաճի 3,6 տոկոսով ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին, ինչը կտրուկ դանդաղում է՝ համեմատած 2021-ի 6,1 տոկոս աճի հետ: Նոր կանխատեսումները հունվարյան կանխատեսումների համեմատ համապատասխանաբար 0,8 եւ 0,2 տոկոսային կետով նվազում են արտացոլում։

Հեռանկարը ենթադրում է, որ պատերազմը կշարունակի սահմանափակվել Ուկրաինայով, եւ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները չեն ուղղվի նրա էներգետիկ ոլորտին, իսկ համավարակի հետեւանքները շարունակում են թուլանալ:

ԱՄՀ-ն հայտարարում է, որ հակամարտությունն ամենաշատը կհարվածի Ուկրաինային եւ Ռուսաստանին: ԱՄՀ-ն կարծում է, որ այս տարի Ուկրաինայի տնտեսությունը կկրճատվի 35 տոկոսով, մինչդեռ Ռուսաստանին պատժելու Արեւմուտքի փորձերը կարող են հանգեցնել նրա տնտեսության 8,5 տոկոսով անկման: Բայց քանի որ պատերազմը էներգիայի եւ այլ ապրանքների գների աճ է առաջացրել՝ խորացնելով մատակարարումների շղթաների հետ կապված խնդիրները եւ սնուցելով ավելի կայուն ինֆլյացիայի ակնկալիքները, դրա հետեւանքները կզգացվեն գրեթե ամենուր:

«Պատերազմը լրջորեն կդանդաղեցնի համաշխարհային տնտեսության վերականգնումը, կդանդաղեցնի աճը եւ էլ ավելի կբարձրացնի ինֆլյացիան»,- ասվում է ԱՄՀ-ի զեկույցում:

Եվրոպայում, որը մեծապես կախված է Ռուսաստանից իր էներգետիկ կարիքների բավարարման հարցում, ակնկալվում է, որ 2022թ աճը կդանդաղի մինչեւ 2,8 տոկոս, որը հունվարի համեմատ 1,1 տոկոսային կետով ավելի ցածր է:

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2022թ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 3,7 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 2,3 տոկոսով, ինչը 0,3 տոկոսային կետով պակաս է նախորդ կանխատեսումից։

Թեեւ զեկույցում նշվում է, որ «համաշխարհային տնտեսական հեռանկարները զգալիորեն վատթարացել են» տարեսկզբից, ռեցեսիա չի կանխատեսվում, որը ԱՄՀ-ն սովորաբար կանխատեսում է, երբ աճը նվազում է մինչեւ 2,5 տոկոս կամ ավելի ցածր:

Բայց ԱՄՀ-ն նաեւ նշում է իր կանխատեսումների շուրջ«նորմայից շատ բարձր» անորոշության մասին՝ կապված ցնցման աննախադեպ բնույթի հետ: Հետագա դանդաղման ռիսկերը՝ զուգորդված մշտական բարձր ինֆլյացիայի հետ, աճում են։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ