Последние новости

ԱԱԾ գործող տնօրենն ինձ հետ կապ չի հաստատել. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Գիշերը անցել է նորմալ, որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել, եղել են մեզ հետ գիշերով բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել եւ ասում են, որ մնալու ենք, պայքարելու ենք, մինչեւ հասնենք մեր վերջնական նպատակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից ի վեր գիշերում է Ազատության հրապարակում՝ բաց երկնքի տակ։


Նա ընդգծեց, որ վրանի տեղադրումը չթույլատրելու որոշումը քաղաքական է. «Քաղաքական իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, փորձում ենորեւէ կերպ կասեցնել շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չեն հաջողելու։ Երբ ես եկա Ազատության հրապարակ միայնակ էի, այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ մշտապես մարդիկ կան, գալիս են շատ տարբեր մարդիկ»,-ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ հրապարակ գալիս են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ՝ անկախ այն բանից, համակրում են, թե ոչ այս կամ այն անձին. «Նրանք հասկանում են, որ սա պայքար է հանուն հայրենիքի։ Սա չի կարող լինել կուսակցական նեղ խմբի պայքար, նեղ քաղաքական թիմի պայքար։ Սա համաժողովրդական շարժում է»,-ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի՝ օրեր առաջ հայտնած այն տեսակետին, որ Արթուր Վանեցյանը բարձրաձայնում է անվտանգային լուրջ խնդիրների մասին, ուստի պետք է նրան այցելի ԱԱԾ տնօրենը, Վանեցյանն ասաց. «Այո, մեր հիմնական խնդիրն անվտանգային երկարաժամկետ երաշխքիներն են Հայաստանի ու Արցախի համար։ Ցավոք, մեր անվտանգային համակարգը Հայաստանում եւ Արցախում փլուզվել է։ Պետք է արագ քայլեր ձեռնարկենք, որ անվտանգային համակարգը վերականգնվի։ Ինչ վերաբերում է ԱԱԾ գործող տնօրենի՝ ինձ հետ կապ հաստատելու, զրուցելու վերաբերյալ հարցին, ապա նման առաջարկ չի եղել։ Միքայել Համաբարձումյանն իր կարծիքն է հայտնել»:

Վանեցյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց գալ Ազատության հրապարակ՝ նշելով, որ սա պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի, պայքար է հանուն հայրենիքի, հանուն ապագայի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ