Последние новости

Մետաքսե Հակոբյան. Մենք մեզ երբևէ առանձին չենք տեսնում Հայաստանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախում շատ լավ գիտակցում են, որ միմիայն Մայր Հայաստան-Արցախ միասնության պարագայում է հնարավոր ունենալ կենսունակ անվտանգային համակարգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

«Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին է։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, ինչն էլ և արվում է։ Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը դարձել է թիրախ։ Այդ պատճառով էլ Հայաստանի իշխանությունները միշտ երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։ Բայց 2018 թվականին իշխանություն եկավ, որն ուղղակի բաց թողնի երեխային։ 44-օրյա պատերազմը խլեց մեր երիտասարդության սերուցքից հազարավոր կյանքեր, մահացու վտանգի առջև կանգնեցրեց հայոց պետականությունը։ Այդ պատերազմը չէր լինի, եթե իշխանությունն ընտրած լիներ ճիշտ ճանապարհ»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ որքան էլ որ գործող իշխանությունը համոզի, թե Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում կնքվող խաղաղության պայմանագիրը չի առնվելու Արցախի հետ, սահմանների երկկողմանի ճանաչումը բերելու է Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

«Արցախը չի կարող լինել որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը։ Այս գաղափարի շուրջ է համախմբված Արցախի քաղաքական ամբողջ դաշտը՝ անկախ քաղաքական մյուս հակասություններից։ Նշաձող իջեցնել մենք չենք կարող, չունենք դրա գոյաբանական հնարավորությունը։ Այն մեզ համար կարմիր գիծ է։ Եվ սա չի նշանակում, թե մենք պատերազմ ենք ուզում, որովհետև խաղաղության գինը մեզնից լավ որևէ մեկը չունի, բայց խաղաղությունը չեն մուրում, այլ վաստականում են և այն պետք է լինի արժանապատիվ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ արցախցիների և Նիկոլ Փաշինյանի խաղաղության մասին պատկերացումներն էականորեն տարբերվում են իրարից ու ոչ մի նմանություն չունեն։

«Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ելույթներից պարզ է, որ իրենց պատկերացրած խաղաղությունը կառուցված է Արցախն Ադրբեջանի կազմում բռնակցելու շուրջ։ Հայաստանն իր հարևանների կարող է արժանապատիվ բանակացություններ վարել միայն այն ժամանակ, երբ ունենա չպարտված բանակցող։ Մենք մեզ երբևէ առանձին չենք տեսնում Հայաստանից, այստեղ ապրող մեր հայրենակիցներից։ Մենք միասին ենք, և որևէ իշխանություն չի կարող պառակտել հայ ազգը, որովհետև ծայրահեղ դեպքերում մենք միշտ կարողանում ենք լինել միասնական»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ