Последние новости

Տեր-Պետրոսյան․ Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, ընդունելու է Հայաստանի վզին փաթաթվող լուծումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ընթացիկ ներքաղաքական առճակատումն ավելի է թուլացնում ԼՂ հարցում առաջիկա դժվարագույն բանակցություններում ՀՀ դիրքերը: Տեր-Պետրոսյանի հոդվածը հրապարակվել է ilur.am-ում։

Տեր-Պետրոսյանը գրում է` անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը:

«Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին։ Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ»,-ասում է առաջին նախագահը։

Նրա խոսքով` եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու։

Տեր-Պետրոսյանը հարցնում է` արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա. եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ:

Բացի այդ, ըստ նրա, ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:

Նա իր խոսքն ամփոփում է` ասելով, որ եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ստիպեն նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ