Последние новости

Փաստաբան․ Գործում քրեական իրավունք չկա, սա ՔԿ-ի կողմից պատժիչ գործողություն է

Խուլիգանություն կատարելու հատկանիշներով կալանավորված Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել փողոց փակելու համար, որի նպատակը ակցիայի մյուս մասնակիցների աչքը վախեցնելն է։

«Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով: Սակայն, փաստացի, Դավիթ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել փողոց փակելու համար, դա մյուսների աչքը վախեցնելու համար է, այդտեղ խուլիգանություն չկա։ Այս գործում քրեական իրավունք չկա, սա քննչական կոմիտեի կողմից պատժիչ գործողություն է։ Երևի հանձնարարություն կա, ով աչքի է ընկնում, բռնում, հետո մի ամսով կալանավորում են»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ Դավիթ Ավագյանը մայիսի 2–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մասնակցել էր Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներին։ Երկու օր անց՝ մայիսի 4–ին, կարմիրբերետավորները Ավագյանին բերման էին ենթարկել Կիևյան կամրջի մոտից։ Ըստ փաստաբանի՝ Արաբկիրի ոստիկանության բաժնում գրել են, որ Դավիթ Ավագյանին բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Ըստ ոստիկանության, Դավիթ Ավագյանին ձերբակալելու հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նա չունի բնակության մշտական հասցե։

Մհեր Հակոբյանի խոսքով՝ Դավիթը Հադրութից է, պատերազմի հետևանքով կորցրել է տունն ու տեղափոխվել Երևան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը, սակայն բավարարել էր ՔԿ–ի միջնորդությունը և մեկ ամսով կալանավորել ակցիայի մասնակից Դավիթ Ավագյանին։

Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը։ Ըստ Հակոբյանի՝ գործը նախաքննության փուլում է, քննչական գործողություններ չեն կատարվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ