Последние новости

Գերագույն հոգևոր խորհուրդ․ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի կարող դառնալ

Գերագույն հոգևոր խորհուրդը` ՆՍՕՏՏ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում խաղաղ բնակչությանը, շարունակում պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

«Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա։ Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա»,– նշում է խորհուրդը։

Հոգևոր խորհուրդը նաև մտահոգություն է հայտնում ՀՀ ներքաղաքական զարգացումներով` հորդորելով Հայաստանում, թե սփյուռքում ամեն ջանք գործադրել` զորացնելու ազգային միաբանությունը, վերացնելու պառակտող հատվածականությունը։

Հոգևոր այրերը քաղաքացիներին կոչ են անում` անկախ քաղաքական հայացքներից և ունեցած պաշտոնից, ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքների ժամանակ դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն` բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։

«Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել»,– ասված է հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում սփյուռքին սատար լինել Արցախի զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ