Последние новости

Դավիթ Բաբայան. 1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական և քաղաքական իրողությունները, այլև կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

 


 «Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։ Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության և բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաև 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ: Այդ մասին է խոսում նաև Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։ Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։ Գուցե դա նրա անձնական կարծիքն է կամ սխալ։ Մենք չենք ուզում խորանալ այդ դետալների մեջ, պարզապես ուզում ենք ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Արցախի համար ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է, քանի որ դա հայաթափման, ցեղասպանության, Արցախի սպանության կհանգեցնի։ Արցախի սպանությունից հետո Հայաստանի գոյությունը ժամանակի հարց կդառնա:

Շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնք շատերը չեն էլ պատկերացնում։ Բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս տեսնենք դա: Խնդիրը հենց դրանում է: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում, ոչ մեկին չենք վիրավորում, այդ թվում՝ Շառլ Միշելին։ Մենք միայն ասում ենք, որ այդ մոտեցումը սխալ է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին ենք մենք ընդհանրապես խոսքում այդ դեպքում։ Ի՞նչ մարդու իրավունքների։ Ի՞նչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Ստացվում է, որ բռնապետական ​​Ադրբեջանը կարող է հավակնել ժողովրդավարական Արցախի՞ն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մոլորակի որոշ հատվածներում արժեհամակարգը ոչնչացվել է։

Կա՛մ Միշելը խնդրի էությունը չի հասկանում, կա՛մ ծանոթ չէ գործընթացներին, կա՛մ սխալ է տեղի ունեցել։ Եթե ​​նա չի հասկանում էությունը, ապա պետք է խորհրդակցեր խորհրդականների ու օգնականների հետ։ Իսկ եթե ​​նա ամեն ինչ անում է գիտակցված և դա վարվող քաղաքականության արդյունք է, ապա դա անընդունելի երևույթ է։ Այո, մենք շահագրգռված ենք Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ և ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը լիարժեք կերպով վերականգնվի։ Բաքվի հետ Ստեփանակերտը կարող է խոսել «հավասարը հավասարին» սկզբունքով, ինչպես դա արձանագրված է հիմնարար փաստաթղթերում։ և եթե մոլորակի ինչ-որ հատված կողմ է Միշելի հնչեցրած մոտեցումներին, ապա մենք պետք է դա արձանագրենք, համապատասխան եզրակացություններ անենք և մտածենք մեր քայլերի մասին։ Հարցականի տակ է ամբողջ հայ ժողովրդի գոյությունը։ Ավելին, դրված է աշխարհաքաղաքական ապագայի հարցը, քանի որ Արցախի անհետացումը սարսափելի հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար։ Եթե ​​դա Եվրոպայի մի մասի կարծիքն է, և իր նպատակներն է հետապնդում, ապա մենք չենք կարող որևէ երկրի կամ կառույցի նպատակների զոհը դառնալ։ Ղարաբաղի հարցում ամենակարևորն Արցախի կարծիքն է: Երևանը կարող է վկայակոչել այն, որ Ստեփանակերտն այլ կարծիք ունի, և իր վրա չվերցնել այս ծանրագույն հարվածները»,- ընդգծեց Բաբայանը։ Նա հիշեցրեց, որ «Ղարաբաղի հայեր» հասկացություն չկա, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն։ «Այդ Հանրապետությունը ծանր վիրավոր է, բայց ողջ է, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ շիրմաքար դնել կենդանության օրոք, ուրեմն դա մեր ճանապարհը չէ։ Եվրոպան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց չէ. Եթե ​​Եվրոպան փորձում է դերակատարություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, ապա դա չպետք է լինի Արցախի հաշվին, կամ Արցախյան չորրորդ պատերազմի միջոցով, կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման միջոցով Արցախի անհետացման հաշվին: Գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Այո, այն սառեցված է վիճակում է, բայց դա չի նշանակում, որ ձևաչափերը պետք է խախտվեն: Կրկին, եթե դա Միշելի անձնական կարծիքն է, ապա դա անընդունելի է։ Այդպիսի պաշտոնյան չի կարող նման կարծիքներ հայտնել. կա՛մ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, կա՛մ աշխատում է ադրբեջանական լոբբին։ Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք Եվրոպայի այն հատվածին, որ բացում է խաղաքարտերը»,- ընդգծեց Արցախի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է ճանապարհների հարցին, ապա, ինչպես հիշեցրեց Բաբայանը, դա արտացոլված է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Պետք է սպասել. ամեն ինչ արվելու է Արցախի անվտանգության ապահովման համար, որպեսզի Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ մեր կապը կաթվածահար անելու լծակներ չունենա»,- եզրափակեց նախարարը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ