Последние новости

«Դիմադրություն» շարժման անդամները շարունակելու են այցելել պետական հիմնարկներ

«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 31–ին կշարունակեն այցելել պետական հիմնարկներ, որպեսզի պարզեն պաշտոնյաների դիրքորոշումը Արցախի հարցում։ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Կոչ եմ անում մարզերում բնակվող մեր հայրենակիցներին հավաքվել իրենց համայնքապետարանների, մարզպետարանների դիմաց և հստակ դիրքորոշում պահանջել այս փաստաթղթի վերաբերյալ։ Բոլորը պետք է ասեն՝ իրենց համար թանկ է իրենց պաշտո՞նը, թե՝ հայրենիքը»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին ժամը 11–ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գնան պետական հիմնարկներ։ Իսկ երեկոյան՝ 19։00–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաև պատգամավորների, անչափահասների նկատմամբ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ