Последние новости

Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի առջև 10 պայման է դրել

Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը համաձայնելու համար Անկարան այդ երկրների առջև 10 պայման է դրել, որոնք վերաբերվում են արդեն ոչ միայն քրդերին, այլև Թուրքիայում ահաբեկիչ հռչակված այլ ուժերին։ Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթը՝ նշելով, որ իրենց հաջողվել է ձեռք բերել Անկարայում կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։

Թուրքիայի առաջադրած պայմաններն ընդգրկում են նաև 2016թ երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող «Գյուլենականներին», ինչպես նաև ընդդիմադիր մարքսիստ-լենինյան «Հեղափոխական Ժողովուրդների ազատագրման կուսակցություն-ճակատ» (ՀԺԱԿ) ուժին։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան պահանջել է, որ

1 Սկանդինավյան երկու երկրներն աջակցեն Թուրքիային ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK), ՀԺԱԿ֊ի, ԻՊ-ի, Գյուլենականների դեմ պայքարում։

2 Շվեդիան ու Ֆինլանդիան ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է անհրաժեշտ իրավական կարգավորումներ անեն ու համապատասխան ենթակառուցվածք ստեղծեն։

3 Պետք է արգելափակվեն PKK-ի՝ սկանդինավյան այդ երկրներում գտնվող ճյուղերի ներկայացուցչությունների բացվելու բոլոր փորձերը։

4 Երկու երկրներում էլ պետք է արգելվի Գյուլենականների գործունեությունը, նրանց հետ կապ ունեցող ինտերնետային կայքերն ու մեդիա մարմինները պետք է փակվեն։

5 Պետք է բավարարվեն արտահանձնման, ակտիվների սառեցման ու ահաբեկչության հետ կապ ունեցող ասոցիացիաների փակման վերաբերյալ պահանջները։

6 Շվեդիայում և Ֆինլանդիայում գտնվող ահաբեկչության հետ կապված անձինք պետք է արտաքսվեն և արտահանձնվեն։

7 PKK-ի և ՀԺԱԿ-ի նման ահաբեկչական կառույցներին պետք է թույլ չտալ ցույցեր անել։

8 Շվեդիան ու Ֆինլանդիան պետք է Թուրքիային ներկայացնեն հետախուզական տվյալներ։

9 Երկու երկրներն էլ պետք է հանեն Թուրքիայի նկատմամբ սահմանված պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։

10 Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, ապա վերոնշյալ պարտավորությունները պետք է կատարեն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին հայտ են ներկայացրել անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն դաշինքի անդամ Թուրքիան վետո է սահմանել հայտի քննարկման վրա ու նշել, որ դեմ է այդ երկրների անդամակցությանը։ Անկարան պնդում է, որ սկանդինավյան երկրներն աջակցում են Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, հետևաբար «ահաբեկիչներին աջակցողները չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ