Последние новости

Տիգրան Աբրհամյան․ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը

Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին և նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, սա կարևոր է, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է և ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը և արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա ևս մեկ կարևոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում և միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որևէ ձևով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձևաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա:

Այս իշխանությունը մինչև հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում և ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը:

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության և ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ