Последние новости

Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱՅՍ ԹԻՄՆ ՈՒՆԵՐ ՊԱՐԶ ՄԻ ԲԱՆԱՁԵՎ, ԱՅՆ Է՝ ԱՐՑԱԽԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԹՈՂՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Տիկին Ալավերդյան, վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները դարձյալ հայտարարում են, որ եթե նախկինում ԼՂ հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դրվում էր Ղարաբաղի կարգավիճակը ՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այսօր հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը։ Ի՞նչ նպատակ ունեն այս հայտարարությունները։

Այդ հերթական հայտարարությունը ևս մեկ անգամ խոսում է իրենց վերին աստիճանի փոփոխական լինելու մասին։ Եվ որևէ անգամ իրենց ասածը պրակտիկայում չի իրականացվել։ Սա նշանակում է, որ իրենք ամփոփել են ինչ-ինչ դժգոհություններ և հիմա փնտրում են մի բանաձև, որով կփորձեն բավարարել դժգոհությունների առնվազն մի մասը։ Երկրորդ, անհասկանալի է հիմա նախկինների մասին նորից խոսելը, թե այն ժամանակ էլ էր Արցախը Ադրբեջանի կազմում թողնվում։ Ես չեմ հասկանում՝ մենք բերել ենք այս իշխանություններին, որ անընդհատ նախկինների՞ց խոսեն։ Մենք ի վերջո պետք է հստակեցնենք հետևյալը՝ այս թիմը, որը եկել է իշխանության, ուներ պարզ մի բանաձև, այն է՝ Արցախը հնարավորինս արագ թողնել Ադրբեջանի կազմում, ինչպես ասել է առաջին նախագահը։ Այսինքն՝ իրենք ինչ-որ գյուտ չեն արել։ Ավելին, այն ժամանակ այդ թիմը՝ ՀՀՇ-ն համոզված է եղել, որ եթե այդ ճանապարհով չգնանք, շատ ավելի վատ հետևանքներ կլինեն։ Եվ դուք պետք է հիշեք, որ երբ Շուշին ու Հադրութը վերին աստիճանի կասկածելի պայմաններում հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, առաջին նախագահը հիշեցրեց իր խոսքերը, որ իր ասածի հետ չհամաձայնելու դեպքում ավելի վատ էր լինելու։ Ես այդ թիմում ոչ մի մասնագետ չեմ տեսնում, որը լուրջ հիմնավորումներով հանդես կգա։ Այդ թիմի անդամներն այնքան մակերեսային արտահայտություններ են անում, ես վրդովվում եմ դրանից, կարծես թե նոր-նոր փորձում են խնդիրը հասկանալ։ Իրենց սիրողական մակարդակի բոլոր բանաձևերը մեկ հասցեատեր ունեն՝ ամբողջովին անտեղյակ հանրության շետի համար են։

Արցախի կարգավիճակի հարցը փաստացի չեզոքացվո՞ւմ է այսպիսով։

Նրանք կարգավիճակի մասին ինչ-որ խոսք են ասում, բառախաղ են անում, ասում են՝ նախկիններն ասել են՝ կարգավիճակ, որպեսզի անվտանգություն լինի, հիմա մենք ասում ենք՝ անվտանգություն, որ կարգավիճակ լինի։ Սա ծաղր է։ Մեր հանրության մեջ բավական լայն շերտեր, եթե չասեմ մեծամասնությունը, չի պատկերացնում այդ խնդիրների խորքային իմաստը, ամեն խոսքի արժեքը։ 2018 թվականից սկսած Արցախի մասին որևէ հայտարարություն ես չեմ ընդունելու այնքան ժամանակ, մինչև չտեսնեմ, թե ինչ կա դրա տակ։ Իրենց բոլոր հայտարարությունները մինչ օրս իրենց տակ ունեցել են կամ ոչինչ, կամ այն արդյունքը, որը մենք այսօր ունենք։

Արցախի հարցի էությունն իրականում ո՞րն է։

Արցախի հարցը և անվտանգության, և իրավունքի հարց է, և իր տեղում ճիշտ ու ժամանակին օգտագործելու հարց է։ Այդ խոսքերի շարանն արտահայտելով՝ նրանք ապացուցում են, որ բացարձակապես չունեն որևէ դրական նպատակ ու արդյունք ունեցող ծրագիր։ Արցախի հարցն ի սկզբանե եղել է հետևյալը՝ ցեղասպանական վտանգի ներքո անկախացում Ադրբեջանից՝ լինի դա Հայաստանին միացման ճանապարհով կամ ուղղակի առանձին սուբյեկտ լինելով։ Վերջ։ Այստեղ ուրիշ հարց չկա։ Դրա տակ են և անվտանգությունը, և մարդու ամբողջ իրավունքները։ Եվ դրանից է բխում մնացածը։ Եթե նրանք ուղղակի վերանում են այսօր ընթացող ցեղասպանական այդ գործողություններից, նշանակում է նրանք ուղղակի լողում են այստեղ-այնտեղ, թե ինչպես հասարակությանն իրենց ասելիքն ասեն, որ շատ մեծ դժգոհություն չլինի։

Lragir.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ