Последние новости

Ադրբեջանագետ․ Ադրբեջանը բարձրացնելու է Արցախից ռուս խաղաղապահներին դուրս հանելու հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը չի թաքցնում, որ մտադրություն չունի 2025-ից հետո երկարացնել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, երկրի ղեկավարությունը քանիցս այդ հարցը բարձրացրել է, իսկ ադրբեջանական մամուլն ամբողջությամբ հակառուսական քարոզչություն է տանում կոնկրետ խաղաղապահների մասով, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները իրենց անցակետում կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ավտոշարասյունը և առանց փաստաթղթերի զենք հայտնաբերելուց հետո շարասյունը հետ էին ուղարկել։

 


«Ըստ էության, իրենց ամբողջ քաղաքականությամբ Ադրբեջանը տրամադրված է նրան, որ արգելի կամ թույլ չտա երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում 2025-ից հետո, սակայն այլ հարց է, որ Ռուսաստանը չի ուզում իր խաղաղապահներին հանել Արցախից»,– ասաց նա՝ հավելելով, որ թեև այստեղ Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն դեպքում 2025-ին իրենք այդ հարցը միանշանակ բարձրացնելու են։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե խաղաղապահները միակողմանիորեն սատարում են հայերին, զինում են հայկական ստորաբաժանումներին, ապահովում են, որպեսզի ինժեներական աշխատանքներ արվեն և դա ներկայացնում են որպես ապակառուցողական մոտեցում ռուսների կողմից։

«Այսինքն՝ փորձում են ներկայացնել, թե ռուս խաղաղապահներն են լարում իրավիճակը Արցախում, այնինչ բոլորին պարզ է, որ Ադրբեջանն է դիմում սադրանքների, ագրեսիայի, կրակում է, գազն է անջատում, հումանիտար աղետ առաջացնում, նոր տարածքներ զավթում և այլն»,– ասաց նա։

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախը բռնակցելն է, ընդորում՝ առանց հայերի, ամեն ինչ անում են, որպեսզի վերացնեն այդ նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները, իսկ այս խոչընդոտներն են՝ ռուս խաղաղապահները, Արցախի պաշտպանության բանակը և Արցախի հայկական բնակչությունը։

«Լարվածություն ստեղծելով՝ փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունն ինքը գնա Արցախից։ Եվ եթե չլինի հայկական բնակչություն, ապա չի լինի խնդիր։ Եթե չլինեն խաղաղապահներ, ապա ավելի մեծ կլինի հավանականությունը Ադրբեջանի համար անել այնպես, որ Արցախի հայկական բնակչությունը ստիպված լինի լքել այդ տարածքները։ Իրենց քաղաքականությունը հենված է դրա վրա»,– նշեց նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ