Последние новости

Իշխան Սաղաթելյան․ Մեր առջև դրված է վարչապետի թեկնածու մեջտեղ բերելու խնդիրը

«Դիմադրություն» շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը, այն աղետը, որն այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5–րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

««Դիմադրություն» շարժումն իր գլխավոր նպատակին՝օրվա իշխանություններին հեռացնելու և աղետները կանխելու գործընթացներին դեռ չի հասել, բայց վստահ եմ մեր բացթողումները գնահատելով և ճիշտ եզրահանգումներ անելով, հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարևորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էր, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել, կյանքը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ մենք որևէ պարագայում հետ չենք կանգնելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով «Դիմադրություն» շարժման բացթողումներից, Իշխան Սաղաթելյանը մի քանի կարևոր դրվագ առանձնացրեց։

«Մեր բացթողումներից մեկը երկրին սպառնացող վտանգների մասին քաղաքացիներին ոչ ամբողջությամբ պատկեր հաղորդելու մեջ է։ Այսինքն՝ Նիկոլի մեջտեղ բերած կեղծ խաղաղության օրակարգը, որն ըստ էության, նոր քաոսի, կապիտուլյացիայի, պատերազմի ու կորուստների օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր առաջարկած պայքարի օրակարգը։ Երկրորդ բացթողումն այն է, որ մեր պայքարը՝ հանուն Արցախի ու պետականության, դիտարկվեց որպես պայքար իշխանության համար, պայքար նախկինների վերադարձի համար, պայքար ընդդիմություն–իշխանություն կոնտեքստում։ Օրակարգը, որն արժանապատիվ խաղաղության հասնելու ու պայքարի օրակարգ է, նաև միջազգային ընկալման խնդիր ունեցավ։ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը ներկայացնում էին իբրև ռևանշիստների պայքար, իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն էր, երբ շատ սխալ միջազգային ընկալում կար մեր շարժման նկատմամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողացել մեր շարժման մասնակիցներին, մեր համակիրներին ու աջակիցներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից։ Հայաստանում կա հականիկոլական հսկայական զանգված, մեր ազգաբնակչության մեծամասնությունը գիտակցում է, որ սրանք մեզ տանում են կործանման, բայց մեզ չի հաջողվել այդ քաղաքացիներին ներգրավել պայքարում։ Այս խնդիրները մենք պետք է լուծենք, որ կարողանանք հաջորդ փուլում ավելի կազմակերպված լինել։ Մենք մեր աջակիցներից պետք է ստանանք կազմակերպված բանակ, այս իշխանությանը փողոցային ճանապարհով հեռացնելու համար բարձր որակի կազմակերպվածությունն անհրաժեշտություն է, այս խնդիրը նույնպես մենք չենք կարողացել լուծել»,– նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։

«Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։ Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը առաջնորդ, էն մյուսն էլ ձիու վրա նստած հերոս, որը կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչև վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո, այս խնդիրը մեր առջև դրված է»,– ասաց նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ